Читать книгу Կենսաճոպան (Վարուժան Հովսեփյան) онлайн бесплатно на Bookz (4-ая страница книги)
Կենսաճոպան
Կենսաճոպան
Оценить:

4

Полная версия:

Կենսաճոպան


դեպի գիտելիքը և կարծում էին, որ իրենց որդին ուսման մեջ իրեն վատ չի դրսևորի։ Ինչպես Վարդանն՝ ինքը, մի քանի օր դասերին հաճախելուց հետո, ասաց Լիլիթին, որ չի համբերում, թե երբ պիտի սովորի հայոց այբուբենը, որ կարողանա հոր պես հետաքրքիր գրքեր կարդալ։ Լիլիթը շատ ուրախ էր


որդու նման ոգևորվածության համար, փոխարենը նա, թեև արտաքուստ Վարդանի մոտ ցույց չէր տալիս, բայց շատ էր անհանգստանում Արտեմի համար, որից ոչ մի զանգ չուներ՝ արդեն գրեթե մեկ շաբաթ։ Փաստը, որ նա չէր կարող ինքը կապ հաստատել ամուսնու հետ և ճշտել վերջինիս


որպիսությունը, լրացուցիչ ցավ էր տալիս նրան։ Սարատովյան հեռախոսակայանից Արտեմը


հետադարձ հեռախոսահամարներ չէր տրամադրել, քանի որ իր կարծիքով դրա անհրաժեշտությունը չկար։ Ի վերջո Լիլիթը գլխի ընկավ՝ իրենց թաղամասի հեռախոսակայանից ճշտել Սարատովի կայանի գլխավոր հեռախոսահամարն, ու զանգ պատվիրեց այնտեղ։ Հեռախոսագծի այն կողմից մի բարակ ձայնով ռուս հեռախոսավարուհի նրանից մի փոքր ժամանակ խնդրեց և ճշտումները կատարելուց հետո հայտնեց, որ Արտեմ Հովհաննիսյան անունով անձը վերջին անգամ իրենց


մոտից դեպի Երևան զանգ է պատվիրել վեց օր առաջ, ինչը Լիլիթն՝ ինքը, լավ գիտեր։ Ըստ


հեռախոսավարուհու՝ դրանից հետո Արտեմն իրենց մոտ չի եկել։

Լիլիթի անհանգստությունն ավելի էր ուժգնանում։ Այդ չարաբաստիկ առավոտյան նա


Վարդանին տարավ դպրոց և Արտեմից զանգի սպասումով հետ եկավ տուն։ Գործողություններ և հոգեվիճակ, որոնք վերջին օրերին սովորական էին դարձել նրա համար։ Եվ ահա տան հեռախոսին զանգ եկավ։

Լիլիթը, որն այս օրերին ցանկացած զանգի ժամանակ ցատկում էր տեղից և նետվում դեպի


հեռախոսը, այս անգամ էլ հյուրասենյակից իրեն շնչակտուր գցեց միջանցք ու վերցրեց լսափողը։

– Ալո, Արտե՞մ,– դողդողացող ձայնով արտաբերեց նա։

– Эмм… Здравствуйте,– լսվեց տղամարդու խռպոտ ձայն այն կողմից։

– Вы кто? – լսելով ռուսերեն խոսք և միանգամից ենթագիտակցորեն մի վատ բան


կանխազգալով՝ էլ ավելի դողացող ձայնով նետեց Լիլիթը։

– Извините, это Ереван, так? Вас из милиции города Саратов беспокоят. Вы Лилит Маргарян? Супруга Артема Ованнисяна?

– Да, говорите,– արդեն գրեթե հեկեկալով՝ ասաց Լիլիթը։

Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հասկանում էր, որ իրեն Արտեմի հետ կապված ինչ-որ վատ նորություն են ասելու, որն էլ պիտի բացատրեր Արտեմի՝ տուն չզանգելն ու իր մասին


տեղեկություն չհայտնելը։ Բայց, հիրավի, երիտասարդ կինը պատրաստ չէր նրան, ինչ պիտի լսեր վայրկյաններ անց…

– Я представлюсь для начала – оперуполномоченный центрального отдела милиции города Саратов, майор Морозов Дмитрий. Дело в том, госпожа Маргарян… я даже не знаю, как вам сказать это. Несколько дней назад на шоссе в Саратове произошло ДТП, наезд. Машина сбила пешехода. Водитель оставил его и скрылся с места. Того ищут. Эмм… Пешехода на скорой отвезли в больницу. При нём не было документов, что создало нам определённые трудности для установления его


личности. Это заняло несколько дней, прежде чем мы вышли на его ткацкую фабрику, где нашли его документы. Благодаря штампу в паспорте мы и нашли вас. Мы связались с ереванской милицией, но они оставили это трудное дело нам. Их понять можно. Одним словом… Блин… ну, госпожа Маргарян, ваш супруг – Артем, скончался в больнице в тот же день…


* * *

Այս դեպքերին հաջորդած ժամանակահատվածն ամենածանրն է լինում մարդկանց համար, երբ մարդիկ հարազատ են կորցնում: Այս կյանքում ոչինչ չի կարող ավելի ծանր լինել հենց դրա՝ կյանքի մարումից: Դու ինքդ չես զգում սեփական կյանքիդ ավարտը, չես իմանում, չգիտես ինչ է լինելու դրանից հետո: Արտեմի դեպքում, ելնելով երկրային կյանքում նրա բավական աստվածավախ


լինելուց, կարելի է միայն ասել, որ նա դրա ավարտից հետո հաստատ կանգնել է հետագա կյանքի ճամփաբաժանին՝ դրախտի ու դժոխքի դռների առաջ, և հրեշտակապետերն էլ ժողով են արել,


համեմատել յուր լավ գործերը կատարած մեղքերի հետ՝ հասկանալու, թե ուր պիտի ընկնի այս նորելուկ մահկանացուն:

Այլ էր նրա ընտանիքի համար, մարդկանց համար, որոնք զգացին նրա կորուստն ու դեռ զգալու էին երկար․ Լիլիթի համար, որն ի վերջո հավատաց ամուսնուն ու վերջինիս բռնած գործին, հոգու խորքում ինքն իրեն կշտամբեց ամուսնուն այդքան հակառակվելու ու դրա պատճառով առաջացած խնդիրների համար, և որն այդպես էլ չասաց, որ հիմա զղջում է։ Չասաց, թեև ուներ այդ


հնարավորությունը եկող հեռախոսազանգերի ընթացքում: Չասաց… չհասցրեց։

Այլ էր նաև Վարդանի համար, որը, միգուցե, սկզբում բնական, բնազդային լացից ու ողբից


բացի չընկալեր այդ տարիքում, թե հետագա կյանքի համար ինչ կարևոր թել կտրվեց նրա հոգուց։ Սրա ընկալումը, ի վերջո, տարիքի հետ գալու էր Վարդանին:

Գիտե՞ք, սխալ են այն մարդիկ, որոնք կարող են հիմարաբար պնդել, որ երբ նման դեպքը


պատահում է երեխային, նա ամբողջապես չի հասկանում կատարվածը, և ուրեմն դա չարյաց


փոքրագույնն է: Այդ որբացած զավակը մի օր սկսում է մեծանալ: Նա մտնում է կյանք՝ արդեն մի թևը կոտրված: Հոգեբանական տրավմաներն անհաղթելի են, պարոնա՛յք:

Այն, ինչ տեղի ունեցավ, դառնալու էր Վարդանի հետագա կյանքի, այդ նույն կյանքի մասին մտորումների կամ, եթե կուզեք, դրա վերաբերյալ ձևավորված փիլիսոփայության սկիզբը: Այն միանշանակ չէր լինելու հայրակորուստ մանկիկի համար, քանի որ հոր ֆիզիկական կորուստը իր հետևից բերելու էր մի շարք գործողություններ՝ իրենց թողած անդառնալի հետևանքներով ու


պատճառ էր դառնալու մոր և որդու կյանքի որակի անդադար տատանումների:

Հոգեբանական տատանումներից առաջինը պիտի լիներ յոթամյա երեխայի այն գիտակցումն ու հոգին կեղեքող փաստը, որ նա՝ այդ երեխան, մի ինչ-որ պահի, ելնելով դրա հոգեբանական


ազդեցությունից, ցանկացել էր սեփական հոր մահը: Ու բարձրաձայն: Ու հենց հոր մոտ:

Այն պահին, երբ այդ երեխան ներս մտավ ու ականատեսը դարձավ իր ընտանիքում ծեծի


դաժան տեսարանին, նա առանց վարանելու, առանց մտածելու բղավեց, որ կցանկա հոր մահը: Միգուցե դա այդ դրվագում հազիվ դպրոցահասակ մանուկի համար իրավիճակից միակ ելքն էր թվում, բայց հենց ինքն էլ, հաջորդ իսկ րոպեին՝ իր սենյակում փակվելուց հետո, զղջաց


բարձրաձայնածի համար:

Իսկ հիմա, փաստորեն, Վարդա՛ն, քո այդ պահին բղաված ցնորքը դարձավ իրական, ու դու, դո՛ւ, փոքրի՛կս, ողջ հետագա կյանքդ պիտի քեզ մեղադրես նրա համար, որ մի ինչ-որ վայրկյանի կամեցել ես դա: Ուրեմն, դո՛ւ ես մեղավոր կատարվածում: Հոգեբանական տրավմաներն անհաղթելի են, պարոնա՛յք…



~ 13 ~


Դպրոցից տուն հետադարձին՝ մոր սառած դեմքից, փոքրիկ Վարդանը կռահում էր, որ ինչ-որ բան այն չէ։

– Ի՞նչ է պատահել, մա՛մ,– վերջապես հարցրեց տղան։

– Ո… ոչինչ, բալե՛ս,– հնչած հարցից հետո մեքենայաբար որդուն նայելով ու բնազդաբար դեմքը փախցնելով՝ մի կերպ կմկմաց մայրը։

Վարդանը լռեց։ Հարցը չտրվեց երկրորդ անգամ։ Լուռ եկան տուն։ Լիլիթը որդու համար հաց


պատրաստեց, և մինչ փոքրիկը ճաշում էր, իր մեջ վեր ու վար էր անում, թե ինչպես հայտնի լուրը։ Նա ինքն իրեն հազիվ էր զսպում, որ որդու մոտ լաց չլինի։ Լավ էր, որ լուրն իմանալուց անմիջապես


հետո, ինչպես նաև դպրոցի ամբողջ ճանապարհին, նա կարողացավ մի կուշտ արցունք թափել, բայց թեթևանալ, միևնույն է, չէր կարողանում։ Նրա ներսում հարազատ մարդու կորստից առաջացած խեղդող վիշտը, տագնապը, գալիք հոգսերն ու անորոշությունը խառնվել էին իրար։ Դա


զգացմունքների կույտ էր, հույզերի բախում, որը կարծես հանգուցալուծում չուներ։

Վարդանը կերավ, վերջացրեց և խոհանոցի պատի հետևից ծիկրակեց հյուրասենյակի


բազմոցին կուչ եկած մորը։

Այլևս ոչ մի կասկած չկար փոքրիկի մոտ։ Նա համոզված էր, որ ինչ-որ մի վատ, շա՜տ վատ բան է պատահել։ Նա մորն այսպես տխուր ու հուսալքված երբեք չէր տեսել։ Լիլիթը միշտ ձգտում էր որդուց թաքցնել սեփական մտածմունքներն ու հոգսերը, ինչը Վարդանը շատ լավ նկատում ու հասկանում էր, բայց ինչպես ինքն էր մտքում ասում, «սա այն դեպքերից է, որ ես ինձ պետք է երեխայի տեղ դնեմ ու չասեմ, որ զգում եմ նրա մտազբաղությունը, այդպես ավելի շատ կնեղվի»։

Սակայն այս դեպքը դրանցից չէր։ Լիլիթը ակնհայտորեն չէր թաքցնում իր տխրությունը, կամ էլ չէր կարողանում, ուժ չուներ թաքցնելու։

– Մամ, կասե՞ս ինչ է եղել,– թաքստոցից դուրս գալով և մորը մոտենալով՝ հարցրեց Վարդանը։

Կարծես Լիլիթի կապանքներն արձակեին։ Նա հեծկլտաց։ Վարդանը փարվեց լացող մորը։


Դրանից Լիլիթի լացը միայն ավելի ուժեղացավ։ Որոշ ժամանակ այսպես շարունակվում էր, մինչև, ի վերջո, Վարդանը բարձրացրեց գլուխը մոր գրկից ու հարցական հայացքով, անբառ նայեց


վերջինիս։

Լիլիթը դադարեց լաց լինել, պինդ գրկեց որդուն, երկար հոգոց արձակեց, մի պահ դադար տվեց ու ասաց․

– Վարդա՛ն, դու մեծ տղա ես՝ խելացի, ուժեղ։ Մենք պիտի խոսենք, դու պիտի իմանաս


եղելությունը։

Վերջին բառի վրա Լիլիթը կրկին հեկեկաց, ինչը կարծես վիրավոր կատվի մլավոց լիներ։

– Դե ասա, մա՛մ, ինչ էլ եղած լինի, պատրաստ եմ լսել,– ասաց Վարդանն ու փոքր դադար տալուց


հետո, մի քիչ ինքն իր ասածից անվստահ հավելեց,– ու կփորձեմ օգնել, մա՛մ…

Վերջին բառերը Լիլիթի մոտ նոր երկար հոգոցի պատճառ դարձան։ Նա վերջապես խոսեց․

– Վարդա՛ն… շատ վատ բան է պատահել հայրիկին։

– Ի՞նչ։ Գործը չի՞ ստացվել։

– Ո՞ւր էր թե,– կրկին լալով, արցունքախեղդ Լիլիթը վերջապես իր ներսից դուրս նետեց այդ


բառերը,– հայրդ այնտեղ մեքենայի տակ է ընկել, տղա՛ս, նա էլ չկա…

Վարդանը ցատկեց մոր գրկից, սառած հայացքով նայեց նրան, ու երբ արցունքները սկսեցին հորդալ աչքերից, երեսն առավ ափերի մեջ ու ողբալով վազեց իր սենյակը։

Փոքրիկի համար վերապրած ցանկացած սթրեսից հետո բոլորից առանձնանալն ու մի տեղ


փակվելը դառնում էր փրկօղակ-սովորություն…


~ 14 ~


Արտեմի դին Երևան հասավ այդ չարագույժ զանգից միայն մեկ-երկու օր անց։ Լուրն ու դրա պատճառն իմանալուց հետո հարևանությունը, ծանոթները, բոլորը ցնցված էին։ Վարդանի


սիրելիները՝ Կիրակոսյանները, նույնպես շատ էին ազդվել։ Հայաստանի հեռավոր մարզերից


մեկից եկել էին Լիլիթի հայրն ու մայրը։

Երևի թե ճիշտ ժամանակն է պատմել նաև Լիլիթի ու Արտեմի հարազատներից ու բարեկամներից, որոնց մինչ այժմ չենք անդրադարձել։

Արտեմը մանկատան երեխա էր։ Նա այդպես էլ չհասցրեց գտնել իր ծնողներին և, անկեղծ


ասած, երբեք էլ առանձնակի ցանկություն չէր արտահայտում, ջանք չէր դնում դա անելու։ Նա


ընդունել էր իր հետ կատարվածը և հստակորեն որոշել շարժվել առաջ։ Լիլիթն, իհարկե, այս նուրբ թեմայով իր վարկածները երբեք ամուսնու հետ չէր քննարկում, բայց ներքուստ միշտ մտածել է, որ


Արտեմի, ժամանակ առ ժամանակ, նյարդային պահվածքն ու ինքնատիրապետումից դուրս գալը կապված են նաև այս փաստի հետ։ Դե, կրկին Նորին Մեծություն Հոգեբանությունն է այսպես աշխատում։ Ինչքան էլ դու մի որևէ բան մոռանալու, չտեսնելու, չհիշելու տաս՝ միևնույն է, դա ինչ-որ կերպ մի ինչ-որ արարքով, գործողությամբ կամ դրանց շարանով դուրս է գալու հոգուցդ ու արտահայտվի։

Չափահաս դառնալով՝ մանկատնից դուրս գրվելուց հետո, Արտեմը փոքրիկ բնակարան ստացավ, իսկ ամուսնանալուց հետո, օգտագործելով իր հիրավի ճարտար լեզուն, կարողացավ սովետական մեծ, սակայն արդեն երերող կայսրության տեղական պատկան մարմիններից պոկել ավելի մեծ բնակարան՝ քաղաքի համեմատաբար նոր թաղամասերից մեկի մի շենքում։

Լիլիթին նա տեսել էր վերջինիս համալսարան հաճախելու ժամանակ, միանգամից սիրահարվել, հետապնդել ու զրույցի բռնվել այնքան, որ, ի վերջո, երիտասարդ, գյուղից քաղաք սովորելու եկած


աղջիկը տեղի էր տվել ու սկսել հանդիպել հետը։ Ինչպես Լիլիթն էր կատակով ամուսնուն ասում․ «Այդ ժամանակ դու ոչ միայն կերար նյարդերս, այլ նաև սիրտս»։ Վարդանի ծնունդը թեև համընկավ հայաստանյան շատ դաժան ժամանակահատվածի՝ ավերիչ երկրաշարժի և շուտով


անխուսափելիորեն սպասվող պատերազմի մեկնարկն ազդարարող շարժման հետ, սակայն ավելի ամրապնդեց զույգի միությունը։ Այս երկուսն իրոք սիրում էին միմյանց։ Հետո միայն Լիլիթն ամուսնու մոտ պիտի նկատեր, իսկ վերջում, ահա, սեփական մաշկին զգար Արտեմի նյարդային


խախտումները, բայց՝ միևնույն է, սիրում էր նրան, Արտեմն էլ՝ կնոջը։

Լիլիթը, ինչպես ասացինք, տարիներ առաջ մարզից եկել էր Երևան ուսանելու։ Բնակվում էր


համալսարանին կից ուսանողական հանրակացարանում։ Նա դեռ չէր ավարտել ուսումը, երբ


Արտեմն իր ձեռքին դրեց ամուսնական մատանին։

Շենքը, թաղամասի ծանոթությունը գալիս էին նրանց տուն՝ հյուրասենյակում, վերջին անգամ, պառկած Արտեմին հրաժեշտ տալու։ Օրերով սարատովյան դիահերձարանի սառցարանում


մնալով, իր ինքնությունը ոստիկանության կողմից պարզելուն սպասող դին, չէր քայքայվել, միայն դեմքն էր այլանդակվել, որը և, սակայն, չէին ծածկել։ Ե՛վ Վարդանը, և՛ Լիլիթն արդեն ուժասպառ էին իրենց ուղեկցող լացից։ Որդին պարզապես նստած էր հոր դագաղի կողքին և չէր ուզում


հեռանալ այդտեղից։ Անգամ նրա սիրելի Ջեմմա տատը չէր կարողանում համոզել փոքրիկին այլ տեղ նստել կամ առհասարակ դուրս գալ հյուրասենյակից։ Բոլորն էլ հասկանում էին փոքրիկի


հոգեվիճակն ու, ի վերջո, որոշեցին նրան ձեռք չտալ։

Տղան, մերթընդմերթ՝ քթի տակ, խոսում էր ինքն իր հետ, բայց անընդհատ հայացքը դեպի հորն ուղղելուց կարելի էր հասկանալ, որ հոր հետ է «զրուցում»։ Շրջապատն իհարկե նրան չէր լսում, սակայն հենց այստեղ, հոր հետ այս «զրույցներից» իսկ Վարդանը սկսել էր ինքն իրեն մեղադրել նրա հետ կատարվածի մեջ՝ վերհիշելով ամիսներ առաջ բղաված իր արտահայտությունը։ Սա դեռ երկար հանգիստ չէր տալու մեծացող երեխային։

Լիլիթը հիմա էլ կուչ էր եկել խոհանոցում։ Արցունքներն աչքերից իջել ու սառել էին կնոջ


այտերին։ Ջեմման զրուցում էր հետը, փորձում, այսպես ասած, նրան «չանջատել աշխարհից»։

Համապատասխան օրն ու ժամին, թաղի մի քանի տղաներով, Արտեմին իջեցրին բակ։


Թաղամասը հավաքվել էր գերեզմանոց գնալու համար։ Ավանդույթի համաձայն՝ Արտեմի դին, բակում մի քանի անգամ օդում պտտեցին՝ մինչև գերեզմանատուն շարժվելը։

Տեսնելով դա՝ փոքրիկ Վարդանը մոտեցավ հոր դագաղը բռնողներին, ու ոտքերի մատներին կանգնելով՝ փորձեց ձգվել, բռնել դագաղը, որ ինքն էլ պտտի։ Սակայն հազիվ էր մատների ծայրով հասնում, այն էլ միայն, երբ ցատկում էր։ Մհեր Կիրակոսյանը, պահն ըմբռնելով, մոտեցավ, մի


ձեռքով գրկեց ու բարձրացրեց փոքրիկին, մյուսով ինքն էլ բռնեց դագաղից։ Վարդանը մի լուռ հայացք նետեց նրան ու իր փոքր ձեռքերով, ի վերջո, ամուր բռնեց հոր դագաղից։ Հետո Մհերը պիտի ասեր, որ «դա մեծ, հասուն տղամարդու հայացք էր արդեն»։

Տեսարանն ավելի ուժեղացրեց ներկաներից՝ կանացի հատվածի, աղիողորմ լացը։ Լիլիթը նստել էր հենց հավաքվածների մեջ՝ գետնին։ Այլևս ուժ չուներ կանգնելու։ Հարևանուհիներից մի քանիսը բռնել էին նրան…


* * *

Վարդանը, հիրավի մեծ տղամարդու պես, մասնակցեց հոր հուղարկավորությանը։ Նա


արցունքաքամ էր, այլևս չէր լալիս, սակայն ողջ ընթացքում մնաց փոսի մոտ ու մոտիկից տեսավ ողջ պրոցեսը։ Տղամարդկանցից ոմանք ասում էին, որ այսպես տղան ուզում է մի վերջին անգամ ֆիզիկապես մոտ լինել հորը։ Մհերը ստանձնել էր փոքրիկին հետևելու առաքելությունը, իսկ


Լիլիթը մնացել էր ավելի հեռվում՝ կանանց մոտ։

Այդ օրը մայր ու որդի տուն վերադարձան՝ մտածելով, թե իրենց կյանքի ամենածանր օրն են


ապրել, սակայն կյանքը հետագայում նրանց շատ ու շատ այլ վայրիվերումների միջով էր


անցկացնելու…



~ 15 ~


Արտեմն՝ ինքը, չունենալով մշտական ու կայուն աշխատանք, թույլ չէր տալիս աշխատել Լիլիթին՝ ասելով, որ մենակով կհոգա իրենց բոլորի կարիքները։ Սկզբում Լիլիթը փորձել էր ընդդիմանալ դրան, բայց առաջացած վեճերից հետո, որոնց ընթացքում կրկին նշմարվում էր ամուսնու


նյարդային վատ վիճակը, երբ սա մի քանի անգամ բղավոցների նոպա էր ունեցել, Լիլիթն, ի վերջո, հանձնվել էր և իրեն ամբողջությամբ տվել որդու խնամքին ու դաստիարակությանը։ Արտեմն էլ, ինչպես արդեն նկարագրվել էր, ապրուստի միջոցները հայթայթում էր, ինչպես կամ ումից


կարողանում էր։

Ամուսնու մահից հետո Լիլիթը, օգտագործելով իր կողմից մեկ-երկու օտար լեզվի


իմացությունը, ինչին տեր էր դարձել համալսարանում ուսանելու շնորհիվ, տեղավորվեց


աշխատելու մի փոքրիկ թարգմանչական գրասենյակում։ Աշխատավարձը բարձր չէր, սակայն


բավականացնում էր սննդի ու Վարդանի կարիքները հոգալու համար։

Սակայն, որոշ ժամանակ անց, մոր և որդու դռանը չոքեց մեկ այլ խնդիր։ Մի օր` արդեն


երեկոյան մոտ, նրանց դուռը թակեցին։

– Ո՞վ է,– մոտենալով դռանը՝ հարցրեց Լիլիթը։

– Մենք ենք, տիկի՛ն Մարգարյան…

Ձայներն այնքան ծանոթ թվացին Լիլիթին, սակայն չկարողացավ մտաբերել, թե որտեղից։ Ի


վերջո բացեց դուռը։ Նրա առջև կանգնած էին մեզ արդեն քաջածանոթ բանկիրները՝ Վիգենն ու


քչախոս Մարատը։

– Թույլ կտա՞ք ներս գալ, տիկի՛ն Մարգարյան,– այս անգամ առաջինը հենց Մարատն էլ խոսեց։

– Մտե՛ք,– հստակորեն չուզենալով, բայց ճարահատյալ՝ զույգին ներս հրավիրեց Լիլիթը։

Վարդանը նրանց նորմալ չէր էլ տեսել, բայց միևնույն է՝ այս երկուսին չէր սիրում։ Նա, իհարկե, շատ բան չէր հասկանում այդ գործարքից, բայց գիտեր, որ հենց սրանք են փող տվել իր հորը, որպեսզի վերջինս գնա Հայաստանից։ Հենց այս փաստով էլ պայմանավորված՝ Վարդանը լռելյայն չէր սիրել այս զույգին, և տեսնելով, որ նրանք են եկել, ցուցադրաբար նրանց դիմացով անցավ իր


սենյակ ու կրկին փակվեց։ Այնպես որ, այս երկուսը անգամ չհասցրեցին, ինչպես իրենք ասացին,


«սիրեն երեխային»։

Լիլիթը միանգամից հասկացավ ինչ է տեղի ունենում։ Արտեմի մահից մի քանի ամիս էր անցել, բնակարանի գրավի դիմաց կանոնավոր ու ամբողջական ամսական վճարումների ռեսուրս


Լիլիթը չուներ։ Նա իհարկե չէր մոռացել գրավի մասին և այս ամիսների ընթացքում մոտեցել բանկ ու ինչ-որ քանակի գումարներով մուծումներ կատարել էր՝ մնացած իր եկամուտը պահելով իրենց հոգսերին, սակայն այդ վճարումները կաթիլ էին ծովում։ Այդ այցելությունների ժամանակ Լիլիթին այդպես էլ չէր հաջողվել հանդիպել այս երկուսին, ինչը նա ինքնին փոքրիկ հաջողություն էր


համարում՝ այս իրավիճակում, սակայն դա միամտություն էր Լիլիթի կողմից, ով գիտեր, որ այդ չարաբաստիկ օրն անխուսափելի էր, և ահա սրանք իրենց ոտքով եկան իր տուն։

– Տիկի՛ն Մարգարյան,– հոգոց արձակելով՝ սկսեց Վիգենը,– Ձեզ հետ կատարված այդ


սարսափելի դեպքից հետո մեզ այդպես էլ չէր հաջողվել հանդիպել, խնդրում ենք, նախևառաջ


ընդունեք մեր խորին ցավակցություններն ու զորակցությունը Ձեր վշտին։

Լիլիթը լուռ հատակին էր նայում։

– Սակայն,– շարունակեց Վիգենը,– պետք է խոսենք Ձեզ հետ մի թեմայով, ինչի նյութը, մեզ թվում է՝ ինքներդ եք կռահում։

– Գիտեմ՝ ինչ պետք է ասեք։

– Դե, ավելի լավ, տիկի՛ն Լիլիթ,– գրոհը շարունակում էր Վիգենը,– ուրեմն հասկանում եք, որ պետք է ամբողջական ու կանոնավոր սկսեք կամ, ավելի ճիշտ, վերսկսեք Ձեր մարումները։

– Ձեր լուսահոգի ամուսնու, այնուհետև Ձեր իսկ մինչ այժմ կատարած վճարումների


հանրագումարը, եթե հաշվենք, կլինի մոտ 600 դոլար ձեր ստացած 5000-ից, որի մի մասն անգամ մայր գումարը չէ, տոկոսադրույքի մարումն է,– ասաց Մարատը,– հասկանում եք, չէ՞, որ մենք, և… հըմ, Դուք, հետ ենք ընկել գրաֆիկից, որին համապատասխան պետք է արդեն ավելի շատ, ես


կասեի, շա՜տ ավելի շատ գումար լիներ վերադարձված։

– Մենք ամեն ինչ հասկանում ենք, տիկի՛ն Լիլիթ,– օգտվելով անորոշությունից, լռություն պահպանող Լիլիթի դրությունից՝ խոսքը շարունակեց մյուս բանկիրը,– նորից ցավակցում ենք Ձեզ և Ձեր որդուն, բայց հասկացե՛ք, սա էլ մեր աշխատանքն է։ Երբ պարոն Հովհաննիսյանը, բնակարանը


գրավադրելով, գումարը վերցնում էր, նրան ոչ ոք դա անել չէր ստիպում։ Հիմա, եթե վճարումները նորմալ չշարունակվեն… դե, հասկանում եք, բանկը բնակարանն առգրավելու է։

Վիգենի այս վերջին ճառը մեծ ցավ պատճառեց երիտասարդ այրի կնոջը։ Եվ ավելի շատ ոչ թե այն պատճառով, որ ինքն իրենով այդ ասելիքը տհաճ էր, այլ այն հիրավի ճշմարիտ էր, որքան էլ


Լիլիթը դա ընդունել չցանկանար։

– Եղավ,– վերջապես խոսեց նա,– ես չեմ մոռացել, լավ եմ հիշում, դա մոռանալ կլինի՞։

Բանկիրները նայեցին իրար։

– Ես կփորձեմ միջոցներ ձեռք առնել,– շարունակեց Լիլիթը,– իսկ հիմա, պարոնա՛յք, խնդրում եմ ինձ ու որդուս մենակ թողնել մեր անիծյալ վշտի հետ։

Վերջին խոսքերը Լիլիթն արտաբերեց հատուկ ջղաձգվածությամբ՝ բանկի աշխատակիցների


դիմաց բացելով տան դուռը։

Սրանք շտապ դուրս եկան՝ ոչինչ չասելով, և միայն արդեն աստիճաններով իջնելիս, Վիգենը,


կիսատ-պռատ ու հազիվ լսելի, նետեց «ցտեսություն» բառը։


~ 16 ~


Բանկիրների այցը ստիպեց Լիլիթին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Նա դիմեց իր


գործատուին, որտեղ նրան հասկացրին, որ դեռ նոր են աշխատանքի ընդունել, որ իրենից գոհ են, բայց իր հերթին նա էլ պետք է գոհ լինի հայաստանյան այդ ժամանակաշրջանի պայմաններում


աշխատանք ունենալու համար և որ աշխատավարձը այսքան շուտ բարձրացնել չեն


պատրաստվում։

Այս պատասխանը շարունակություն չէր ենթադրում։ Այն ավարտուն էր ու հասկանալի։ Լիլիթը գրասենյակից հուսալքված վերադարձավ տուն և վերցրեց Վարդանին տիկին Ջեմմայի մոտից։ Նա խնդրել էր վերջինիս՝ Վարդանին վերցնել դպրոցից իր աշխատանքի ժամանակ և պահել իրենց


տանը, մինչ ինքը վերադառնա։ Ջեմման էլ, ով տարիքն առած, բարի կին էր, տնային տնտեսուհի, ով իրոք սիրում էր այդ փոքրիկին, սիրով համաձայնել էր այդ հարցում օգնել։

Մինչ Վարդանը դպրոցից հետո ճաշում էր՝ Լիլիթը մտածում էր, թե էլ ինչ կարելի է անել։ Նա


որոշեց դիմել իր հանգուցյալ ամուսնու ընկերներին։

Դե, այստեղ այս բառը իրականում ճիշտ կլիներ ներառել չակերտների մեջ, որովհետև՝ իր


բնավորության համաձայն, Արտեմը քիչ թե շատ մեկի հետ շփում հաստատելուց հետո կարող էր նրան ընկեր անվանել։ Լիլիթն ամուսնու իրերի միջից գտավ վերջինիս նոթատետրը, որտեղից


հայթայթեց Արտեմի ծանոթներից ոմանց տան հեռախոսահամարները։ Նա սկսեց հերթով


զանգահարել ու դիմել նրանց, ում հաստատ տեսել էր ամուսնու հուղարկավորության ժամանակ։ Բոլորը նրան ասացին, որ կրկին անգամ շատ են ցավում եղածի համար, բայց իրենց ընտանիքները պիտի պահեն և օգնել չեն կարող։ Ոմանք էլ հայտարարեցին, որ ժամանակին հենց Արտեմն է իրենցից գումարներ վերցրել, ինչը Լիլիթը շատ լավ էր հիշում։ Նրան ասացին, որ այդ գումարներն այդքան էլ մեծ չէին և ելնելով իրավիճակից՝ իրենից դրանք ետ չեն ուզի։

Դա փոքր-ինչ սփոփեց Լիլիթին, բայց նա կորցրեց գրավի մարման համար գումարներ գտնելու վերջին հույսը։ Նա որոշեց տանը օտար լեզուների մասնավոր պարապմունքներ անցկացնել։


Հաջորդ առավոտյան նա անգամ հայտարարություն տպել տվեց ու կախեց թաղամասի բոլոր


հնարավոր տեսանելի հատվածներում։ Բայց՝ ապարդյուն։ Հազիվ իրենց երեխաներին դպրոց տված,


սոցիալապես ոչ լավ պայմաններում բնակվող մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ մասնավոր


պարապմունքների ուղարկել իրենց երեխաներին, որքան էլ որ դա ցանկալի և անհրաժեշտ լիներ։


Եղան մի քանի զանգ, բայց այդ ծնողներն էլ Լիլիթի հետ համաձայնության չեկան՝ նրա


առաջարկած վճարի հարցում։

Հույսը կորցրած, թևաթափ Լիլիթը որոշեց երկրորդ աշխատանք գտնել, սակայն այստեղ էլ


չհաջողեց։ Բոլոր տեղերում, ուր դիմում էր՝ կա՛մ առաջարկվող աշխատանքի դիմաց աշխատավարձը չէր գոհացնում, կա՛մ էլ՝ նրանից պահանջում էին ավելի շատ աշխատաժամանակ, ինչի


պատճառով կարող էր զրկվել թարգմանչական գրասենյակում հազիվ գտած իր


զբաղվածությունից, որն, ի տարբերություն մնացածի, իրոք նրա սրտով էր և սիրով էր անում։

Այսպես մի քանի օր Լիլիթն այս ու այն կողմ վազվզեց, կատարեց մի շարք փորձեր, բայց


հաջողության չհասավ։ Գրասենյակի տված նույնիսկ ամբողջական աշխատավարձը գրավի մարման վարկի մեկ ամսվա վճարից քիչ էր, մինչդեռ ապրել էր պետք։ Ի վերջո Լիլիթը դիմեց մարզում ապրող իր ծնողներին։

Նրանք գյուղատնտեսությամբ զբաղվող, համեստ ապրող, հասարակ մարդիկ էին, որոնք սակայն


իրենց հայթայթածից՝ «սև օրվա» համար, որոշակի գումար էին թողել։ Նրանք չմերժեցին իրենց


դստերը և ամբողջ գումարը՝ Երևան եկող մի ծանոթի հետ, ուղարկեցին նրան։ Դա բավականացրեց


երեք ամսվա ամբողջական վճարման։

Լիլիթը որոշեց, որ ամաչելու ժամանակը չէ և դիմեց նաև իրենց հարևան Կիրակոսյաններին։ Վերջիններս տեսնում էին Լիլիթի վիճակը, Վարդանն էլ իրենց համար հարազատ թոռան պես էր։ Մհեր Կիրակոսյանը համաձայնեց տալ մեկ ամսվա գումարը։ Այդ մեկ ամսվա ընթացքում Լիլիթը


շարունակեց գումար գտնելու այլընտրանքային ճանապարհների փնտրտուքը, փորձեց կրկին


երկրորդ աշխատատեղ գտնել ու էլի չստացվեց։ Երկրորդ անգամ Լիլիթը Կիրակոսյաններին չդիմեց։ Արդեն ամաչեց։ Այսքանից հետո մղձավանջը նորից պիտի սկսվեր։ Ծնողներին դիմել այլևս չէր կարող, այլ գումար նրանց մոտ չկար, և բացի դա, մի բան էլ նրանց վնաս տվեց։ Լիլիթը հոգեպես և ֆիզիկապես ուժասպառ էր եղել։ Երիտասարդ կինը հանձնվեց ու դադարեց վճարել։

Երկու ամիս անց փոստատարը բանկից ծանուցագիր մեկնեց նրան։

Բանկում նա չհանդիպեց իրեն արդեն ծանոթ Վիգենին ու Մարատին։ Կառավարիչն էր կանչել ու նրա հետ շատ սառն էր խոսում։ Երկար ու բարակ, իրավաբանական տերմիններով և տարբեր այլ ձևակերպումներով ներկայացրեց այն իրավիճակը, որում Լիլիթն ու որդին հայտնվել էին և որին քաջածանոթ էին։ Կառավարիչը հայտարարեց, որ եթե վճարումները չեն շարունակվելու, ապա


այսինչ օրն ու այսինչ ժամին մայր ու որդի պետք է դուրս գան բնակարանից, ինչից հետո այն


դառնալու էր բանկի սեփականությունն ու ենթակա էր լինելու դրա կողմից տնօրինման։

– Ծանոթացեք այս ամենին նաև այստեղ ու եթե առարկություններ չունեք՝ ստորագրեք, խնդրում եմ,– երկու թղթից բաղկացած մի փաստաթուղթ Լիլիթին մեկնելով՝ իր երկար խոսքը


ավարտեց կառավարիչը։

Առարկություններ… դրանք Լիլիթի մոտ այնքա՜ն շատ էին, որ կարելի կլիներ դրանցով մի ամբողջ «բողոքի գիրք» գրել։ Բայց այդ առարկություններից բացի Լիլիթը ոչ մի այլ բան չուներ։ Փորձել էր


բոլոր հնարավոր տարբերակներն ու հիմա նրան իրապես թվում էր, որ այլևս այս չարաբաստիկ


իրավիճակի դեմ պայքարելու հնար ինքը չունի։

Լիլիթը ստորագրեց փաստաթուղթն ու հետ մեկնեց ինքնագոհ հայացքով նրան զննող


կառավարչին։

Ինչպես և փասթաթղթով համաձայնեցվել էր՝ նշված օրն ու ժամին, Լիլիթն ու Վարդանը դուրս


եկան բնակարանից։ Նրանց ժամանակ էր տրվել նոր բնակատեղի գտնելու համար, որ փողոցում չհայտնվեն։

Այստեղ էլ մորն ու որդուն օգնեցին նրանց այդքան հարազատացած Կիրակոսյանները, որոնք մեծահոգաբար ետ չուզեցին անգամ այն մեկ ամսվա վճարման գումարը, որ տվել էին Լիլիթին։

«Մեկ-մեկ, իրոք, լավ մարդիկ կարող են պատահել կյանքում»,– կարող էր փիլիսոփայորեն

bannerbanner