
Полная версия:
Կենսաճոպան

Վարուժան Հովսեփյան
Կենսաճոպան
Վեպը ներկայացնում է մի տղայի կյանքի ճանապարհը՝ վաղ մանկությունից մինչ որոշակի տարիք։ Այդ ընթացքում գլխավոր հերոսն անցնում է մի շարք դժվարությունների միջով, առնչվում հասարակության և մարդկանց հետ՝ մինչև հասկանում է, որ ձերբազատվել է իրեն տանջող խավարներից…
«ՄԻՇՏ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ»
(գրախոսական)
Վարուժանի վեպը բոլորիս մասին է. մեր ցուրտ ու մութ, տխուր ու պայծառ օրերի մասին: Կյանք, որը մեզ չսպանեց, բայց դեռ չի սովորեցրել չմոլորվել դեպի Արարատյան Մարդու ճանապարհը տանող ուղիներում: Մեծ հաշվով՝ 90-ականներն ու մինչ օրս, լյուստրացիոն տարիներ են, որոնք ծնեցին լուսավոր անհատներ և ավաղ՝ հրեշներ:
Վեպը, ամեն տնից մի դրվագ պոկված ու մի գրքում զետեղված, ազգի պատմություն է: Եվ ամենակարևորն այն է, որ գլխավոր հերոսի կերպարը, որը մանկուց արդեն դրամատիկ է՝ մեծերի սխալների պատճառով, որոնք իրենց հերթին անմեղ մեղավորներ են, լրջագույն դաստիարակչական կերպար է և ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինեն մեծերը:
Գրողն՝ իր վեպում, խորքային լրջությամբ անդրադարձել է այդ տարիների բոլոր կառույցների (ընտանիք, դպրոց, բանակ) մութ ու լուսավոր էջերին, որտեղ ոչ մի անհատ ապահովագրված չէ այն խոցելի եզրից, որտեղից դուրս են գալիս կամ Մարդ, կամ՝ հրեշ:
Հաղթում է ԼՈՒՅՍԸ:
Բանասեր, թարգմանիչ՝
ԼԻԼԻԹ ՌԱՖԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
~ 1 ~
Երևանյան բնակարանի ննջասենյակում նորածնի օրորոցը սկսեց իրար գալ։ Հյուրասենյակում ցնցվում էր լայն սովետական սերվանտը։ Նրա ներսում դասավորված սպասքը, կարծես ձեռք ձեռքի տված, մի քանի վայրկյան յուրատեսակ պար բռնեց։ Ճոճվող մեծ սեղանի վրա կար մի ապակե երկարավիզ ծաղկաման։ Այն շրջվեց ու գլորվելով հասավ սեղանի ծայրին, ընկավ հատակին՝ ապակու կտորները ցրիվ տալով սենյակում։ Այդ պահին մայրը բնազդաբար վազեց ննջասենյակ ու ինքնամոռաց նայեց օրորոցի մեջ։ Մեկ տարեկան տղա երեխան, կծկված իր փափուկ վերմակի մեջ, անուշ քնած էր։ Նրա քունը ոչինչ չէր կարող խանգարել։ Փոքրիկ Վարդանը միշտ շատ խորը ու երկար էր քնում իր օրորոցում։ Նրա քնի մշտական ուղեկիցն էր 1980 թվականի օլիմպիական խաղերի խորհրդանիշ փափուկ խաղալիք արջուկը՝ նրա սիրելին, որը քնելուց առաջ մշտապես գրկում էր։ Երբ Վարդանը խորը քուն էր մտնում, արջուկն ազատվում էր նրա ձեռքերից ու տեղավորվում կողքին՝ մինչ առավոտ։
Ցնցումների դադարից հետո, օրորոցը սեփական մարմնով ծածկած մայրը՝ Լիլիթը, այն բաց թողեց։ Սա երկրաշարժ էր։ Ուրիշ ոչինչ չէր կարող այսպես ցնցել տան իրերը։ Ու եթե Երևանում այն համեմատաբար այդպես թեթև զգացվեց, ապա մի ինչ-որ տեղ՝ իր էպիկենտրոնում, պետք է որ ուժգին ցնցում լիներ։
Տարված այս մտքերով՝ Լիլիթը վերջապես նայեց ժամացույցին։ Պատի ժամացույցը՝ կախ տրված պատի մեջ խփված միակ հաստ մեխից, այդ նույն մեխից առաջ էր եկել և ճոճ էր տալիս, կարծես հուշելով, որ ուր որ է՝ ինքն էլ է հատակին ընկնելու։
Այն ցույց էր տալիս արդեն տասնմեկն անց քառասուներեք րոպե։ Դրսում 1988-ի ցրտաշունչ դեկտեմբերի յոթերորդ օրն էր։ Սովորաբար աղմկոտ բակում քար լռություն էր տիրել։ Կարծես շենքի հարևանությունն էլ տարված էր իր ունեցած մտքերի պես խոհերով ու ձայն չէր հանում։
Լիլիթը, համոզվելով, որ Վարդանի մոտ ու շուրջն ամեն ինչ ապահով է՝ շրջայց կատարեց բնակարանով։ Միջանցքի պատին կախված մարդահասակ հայելին թեթև կորությամբ թեքվել էր, բայց մնացել էր անվնաս։ Կոշիկների դարակի վրայից հատակին էին ընկել իր կիսաճտքավոր կոշիկները։ Նայելով դրանց՝ Լիլիթը մտաբերեց ամուսնուն՝ Արտեմին։ Նրա կոշիկները, որ նույնպես միշտ այդտեղ էին դրվում, հիմա հագին էին։ Տեսնես ո՞ւր է ամուսինը, տեսնես՝ զգացե՞լ է։ Հետը բան պատահած չլինի։ Կրկին տարված մտքերով՝ Լիլիթն անցավ հյուրասենյակ։ Կարծես ամենը տեղում էր, բացի սեղանի վրայի ծաղկամանից։ Սերվանտի մեջ՝ մի քանի սուրճի բաժակ, ուժով դեմ էին առել դրա ապակուն, և այն թեթև ճաք էր տվել։ Երկու քայլ անց՝ Լիլիթը ոտքի տակն առավ ցրիվ եղած ծաղկամանի ապակե բեկորներից։ Լավ է, որ հաստ գուլպաներով էր։ Խոհանոցում, ճաշով տարված, հանել ու այնտեղ էր թողել հողաթափերը։ Նա հաճախ էր այդպես անում ու այդ վիճակում էլ վազել էր Վարդանի մոտ։ Ճա՛շը։ Գա՛զը։ Լիլիթը նորից ինքնամոռաց վազեց՝ այս անգամ դեպի խոհանոց։ Գազի վրա դրված կաթսան շրջվել ու ընկել էր հատակին։ Մեջը եփվող ամբողջ ապուրը թափվել էր դուրս ու հոսել խոհանոցի խորքը։ Կաթսայի կափարիչն ընկած էր պատուհանի ուղղությամբ՝ պատի տակ։ Գազը շարունակում էր վառվել։
Լիլիթը անհանգիստ հոգոց հանեց ու անջատեց այն։ Պետք է, որ արդեն կեսօր լիներ։
Լիլիթը հիշեց, որ Սովետական Հայաստանի ռադիոյով՝ ամեն կլոր ժամի, լրատվական թողարկումներ էին լինում, որոնք նա պարբերաբար լսում էր խոհանոցում ճաշ եփելիս՝ զրկված լինելով որևէ այլ հետաքրքիր բան անելու հնարավորությունից։
Նա մոտեցավ խոհանոցի պատին ամրացված սովետական ռադիոընդունիչին ու պտտելով վրայի կլորը՝ բարձրացրեց ձայնը։ Դասական երաժշտություն էր հնչում։ Անսովոր էր։ Լուրերը չկային։ Երևի եթեր չեն մտել, որ տեղի ունեցածի մասին ավելի հագեցած, հանգամանալից թողարկում պատրաստեն։ Հեռուստացույցի զույգ մոսկովյան և մեկ տեղական ալիքներով էլ այս ժամին եթեր չկա։ Վարդանի սիրելի պատկերն է՝ պրոֆիլակտիկայի աղյուսակը։
Ննջասենյակից շրխկոց լսվեց։ Լիլիթը, վերջին կես ժամվա ընթացքում, արդեն երրորդ անգամ՝ ինքն իրեն կորցրած, նետվեց առաջ։ Այս անգամ նորից դեպի ննջարան։
Հազիվհազ ճոճվող պատի ժամացույցն ընկել էր՝ ընկել ու ճաք տվել վրայի ապակին։
Վարդանը քնած էր։ Այս փոքրիկը, իրոք, շատ հանգիստ երեխա էր, ոնց դնես՝ կմնա։ Ինչի՞ մասին էր խոսքը, Լիլիթն իր այս միտքը բազմիցս ի կատար էր ածել։
Այն օրերին, երբ փոքրիկ Վարդանը համառում էր ու ցերեկը չէր քնում կամ էլ ուշ էր քուն մտնում, Լիլիթը նրան բառացիորեն դնում էր իր գլխավերևում՝ գազօջախի կողքին, պատի վրա, սպասքի համար ամրացված, սպիտակ ներկով ներկված փայտե դարակի մեջ։ Վարդանը հանգիստ տեղավորվում էր ու քարացած նստում։ Սկզբում Լիլիթը, ժամանակ առ ժամանակ, նրան ազատ ձեռքով պահում էր, որ ցած չընկնի։ Հետո համոզվեց, որ Վարդանը անգամ այդ տարիքում իր կաշվի արժեքը շատ լավ գիտի ու քարացած է մնում՝ հաստատ չի ընկնի։ Լիլիթի մտքով չէր էլ անցնում, որ որդու մոտ ինքնաբերաբար զարգացնում էր վախն՝ առ բարձրություն։
Հատակին ընկած, ճաք տված ժամացույցը շարունակում էր աշխատել ու ցույց էր տալիս արդեն կեսօրից վեց րոպե անց։ Վարդանը հանգիստ ննջում էր իր օրորոցում։ Նրա կողքին՝ օրորոցի անկյուններից մեկի տակ, պառկած էր օլիմպիական արջուկը։
~ 2 ~
Վարդանն իրոք հանգիստ երեխա էր։ Մանկապարտեզի տարիներին նրա դայակն ու դաստիարակչուհին միաբերան Լիլիթին ասում էին, որ նրա որդին խմբակում ամենահանդարտն է։ Ուտելու ժամին ուտում է, քնելու ժամին՝ քնում, խաղալու ժամին՝ խաղում։ Եվ այդ ամենն առանց լացուկոծի ու իրենց նյարդայնացնելու։ Նրանից շատ գոհ էին։ Լիլիթն ինքն էլ իրեն լավ էր զգում, երբ որդուն գովում էին։
Դաժան, վատ տարիներ էին, որոնք կարծես վերջ չունեին։ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքներն անգամ՝ դույզն-ինչ, վերացված չէին։ «Աղետի գոտի» անվանումը ստացած այդ տարածաշրջանը սովետական կենտրոնական իշխանությունը չէր շտապում կրկին աղետից կյանքի գոտու վերածել։ Մոսկվան այլ խնդիրներ էր լուծում։ Յոթանասունամյա սովետական իշխանությունը՝ հստակ քայլերով, շարժվում էր դեպի անդունդ, ինչից ելնելով միութենական հանրապետություններում ակտիվացել էին անկախության կողմնակիցները ու ազատագրական պայքար ծավալել դրան հասնելու համար։ Սովետական Հայաստանից դեպի արևելք՝ հարևան Ադրբեջանում, ավելի ստույգ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, տեղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ազերիների ակտիվացած ռեպրեսիաները մայր Հայաստանում այլ ելք չէին թողնում, քան ինքնաբուխ ակցիաների իրականացումը՝ ի պաշտպանություն ղարաբաղահայության և երկրամասի՝ Հայաստանին միանալու պահանջով։ Հազարավոր մարդիկ օրերով տուն չէին գալիս՝ գիշերելով կենտրոնական Երևանի փողոցներում ու վանկարկելով հույս ներշնչող «ՄԻԱՑՈՒՄ»-ը։ Ղարաբաղ Կոմիտեն արդեն կազմավորվել էր, որի անդամները պարբերաբար ձերբակալվում և ազատ էին արձակվում՝ Մոսկվայի կենտրոնական վարչակազմի կողմից։ Հասունացող, վրա հասնող պատերազմը յոթանասունամյա հարևանի՝ Առնո Բաբաջանյանի մոտ ընկեր ու կոլեգա Մուսլիմ Մագոմաևի հայրենակիցների հետ, իրոք արդեն սարերի հետևում չէր։ 1991-ի օգոստոսին Երևանում ընթերցեցին Հայաստանի անկախության հռչակագիրը։ Սեպտեմբերին, նախ Սովետական Միությունից ու մասնավորապես Ադրբեջանից, ինքնակամ առանձնացավ Ղարաբաղը, հետո արդեն մայր Հայաստանը պոկվեց ԽՍՀՄ-ից՝ որոշելով ինքնուրույն տնօրինել սեփական բախտը։ ԽՍՀՄ-ն, որպես պետություն, արդեն
փաստացի գոյություն չուներ։
Նման պայմաններում Լիլիթը փորձում էր հնարավորինս լավ պահել, մեծացնել Վարդանին։
Արտեմն արգելել էր տիկնոջն աշխատել՝ բարձրագոչ հայտարարելով, որ «Արտեմի կինը չպիտի
աշխատի, պիտի նստի տանը, ճաշ եփի և երեխային մեծացնի»։ Ինքն էլ կաշխատի ու նրանց կպահի։
Լիլիթը, հլու-հնազանդ, այդպես էլ անում էր։ Դե՛, ինչպե՞ս կարող էր հանդիմանել ամուսնուն։ Եվ
անկեղծ ասած՝ նա Արտեմի բոլոր ասածների հետ լուռ կհամաձայներ, և բոլոր այդ հրահանգներին անձայն կհետևեր, եթե միայն վերջինս ինքն աշխատեր։ Սակայն ժամանակները բարդ էին ու դաժան,
աշխատանքը՝ քիչ, եղածից էլ դժվար էին հրաժարվում։ Արտեմի ու Լիլիթի ընտանիքը, Սովետական
Միության փլուզման հետ մեկտեղ, կարծես գոյատևում էր մաթեմատիկական հաշվարկներով։ Երբ դեռ
ամենը հանգիստ էր, Արտեմը, որ այն ժամանակ էլ հիմնական աշխատանք չուներ, իրապես
հնարավորինս լավ ապահովում էր նրանց։ Ինչ-որ գործեր էր անում՝ միայն իրեն հայտնի՝ խանութ
բացում, խանութ փակում, միութենական տարբեր երկրներից ապրանքներ էր բերում և տալիս
տոնավաճառներին՝ վաճառելու։
Ինչ-ինչ, բայց ապրում էին ու կարիք չէին զգում։ Հիմա դա չկար։ Արտեմի բոլոր տարբերակները հoդս էին ցնդել, ու շուրջբոլորը տեղի ունեցող համատարած այդ քաոսի մեջ, ժամանակ առ ժամանակ, տեղի էին տալիս նաև երիտասարդի նյարդերը։
Նա դարձել էր դյուրագրգիռ, շուտ բռնկվող տղամարդ։ Նոր ամուսնացած ժամանակ էլ Արտեմն
այդպիսին էր, սակայն հիմա այդ դյուրագրգիռ, բռնկուն տղան դարձել էր լրիվ անգործ, էլ ավելի
դյուրագրգիռ ու բռնկուն։
Բացի իրեն այստեղ-այնտեղ նետելուց ու գլխի ճարը տեսնելու ունակությունից, դեռ քսանյոթ
տարեկան այդ տղան, ականատեսների ու որն ամենակարևորն է՝ գործից հասկացող
մասնագետների (որոնց, ըստ երևույթին, ինքն էլ հենց այդպես կնքել էր) կողմից, գնահատվում էր
որպես նկարչության հանդեպ տաղանդ ունեցող անձնավորություն։ Նա ուներ նկարած մի քանի նատյուրմորտ՝ մեխակներով ծաղկաման, պռնկեպռունկ լցված ճաշասեղան և այլն։ Սիրում էր ու կարողանում էր նկարել նաև կենդանիներ։ Սակայն նրա գլխավոր գլուխգործոցը՝ ըստ նրա,
Ավարայրի ճակատամարտը պատկերող, չափսերով նրա ամենամեծ նկարն էր։ Արտեմի իսկ
խոսքով՝ դա Գրիգոր Խանջյանի հայտնի «Վարդանանք» գոբելենի՝ իր ստեղծած հակակշիռ
տարբերակն էր։
Ամենայն անկեղծությամբ՝ Արտեմի այդ նկարն ինչ-որ մեծություն, վեհություն էր կրում իր մեջ։ Կենտրոնում ձին հեծած սպարապետ Վարդան Մամիկոնյանն էր՝ սուրը ձեռքին, պարսից զորքի վրա հարձակվելուն անվերապահորեն պատրաստ, խրոխտ կեցվածքով։ Նրա շուրջբոլորն արդեն իսկական քաոս էր։ Ամենուրեք սրերով իրար զարնված հայ և պարսիկ զինվորականներ, դիեր, հարբած փղեր ու նրանց ոտքերի տակ գալարվող նույն հայերի կամ պարսիկների կտրած, գցած գլուխներ…
Նկարն իրոք տպավորիչ էր, Արտեմի լավագույն գործը, որը նա ներդրել էր շրջանակի մեջ և
կախել հյուրասենյակի պատից՝ լավ երևացող մի տեղում։
~ 3 ~
Արտեմը նաև շատ բանիմաց էր։ Շատ էր գրքեր կարդում։ Չորս տարեկան Վարդանը իր
ննջասենյակի, որը տան երկու ննջասենյակներից մեծն էր, գրասեղանին, ինչպես նաև տան տարբեր անկյուններում պատերին ամրացված սովետական գրադարակների մեջ նկատել էր բազմաթիվ գրքեր։ Հետո՝ մեծանալով, պիտի հայտաբերեր հոր կողմից իրեն թողնված գրական ժառանգությունը՝
Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Վարդանանքը», հայ մատենագիրների՝ Խորենացու, Եղիշեի,
Ագաթանգեղոսի և այլոց երկերը, Դոստոևսկու, Տոլստոյի գրքերից, Ջեք Լոնդոն, Շեքսպիր, Պուշկին,
Սևակ, Չարենց, հույն պատմիչների և դիցաբանության մասին գործեր և այլն, և այլն…
Ամենից շատ հոր գրքերից Վարդանին տպավորել էին մուգ կապույտ, հաստ, կոշտ կազմով մի քանի գիրք։ Հետո նա պիտի պարզեր, որ դրանք հույն պատմիչ Պլուտարքոսի երկերն են։ Վարդանը նկատել էր, որ հայրը ամենաշատը դրանք է ձեռքը վերցնում։
Մի անգամ ինքն էլ նայեց այդ գրքերից ներս։ Մի օր՝ հոր բացակայության ժամանակ, երբ Լիլիթը խոհանոցում զբաղված էր եփելով, իր փոքրիկ ձեռքերով՝ իրեն համահասակ, մի աթոռ քարշ տվեց բարձր կախված գրադարակի տակ, բարձրացավ վրան։ Կանգնելով ոտքերի մատների վրա՝ հասավ այդ գրադարակին։ Իր բախտից՝ գրադարակի ապակին քաշված էր, այն կիսաբաց էր, ու իր ուզած այդ հաստ, կապույտ գրքերից մեկն էլ դրված էր ծայրին։ Մի քանի վայրկյան այդ դիրքում ճոճվելով՝ Վարդանն ի վերջո խուսափեց հնարավոր անկումից և իր թաթիկների մեջ առավ գիրքը։ Իջավ, տեղավորվեց բազմոցին և բացեց այն։ Նա անդադար թերթում էր այն, բայց այդ գրքում ոչ մի նկար չկար։ Միայն բազմաթիվ, անվերջանալի էջերում ինչ-որ նշաններով բաներ էին գրված։ Երկա՜ր, երկա՜ր։ Հայրն իրեն ասել էր, որ այդ նշաններին տառեր են անվանում, և մարդիկ այդ տառերով գրում են՝ ճիշտ
այնպես, ինչպես այս գրքի մեջ։ Սակայն այդ տառերն էլ նման չէին այն տառերին, որոնք նա մինչ այդ տեսել էր։ Փռի դիմաց՝ մոր հետ հացի հերթ կանգնած, փռի դռան վրա ամրացված թղթին նա տեսել էր՝ կարծես դողացող ձեռքով գրված, բոլորովին այլ տառեր։ Մայրն իրեն ասել էր, որ դրանք մեր հայոց
լեզվի տառերն են։ Իսկ Վարդանի այն հարցին, թե ի՞նչ է գրված այդ թղթի վրա, Լիլիթը պատասխանել էր․ «Օրական մեկ տալոն, մեկ բուխանկա»։ Երևի այդ պատճառով էր իրենց տանը օրական միայն մեկ հաց լինում։ Այն շատ փոքր էր, բայց հայրն ու մայրը դրա մեծ մասը, մեկ է, իրեն էին տալիս։ Այս գրքի միջի տառերը լրիվ այլ տառեր էին՝ իրեն անծանոթ։
Ինչո՞ւ են մեծերի գրքերում միայն այսքան շատ տառեր ու չկա գոնե մեկ նկար։ Վարդանը թերթում էր գիրքն ու չէր գտնում մտքում ծագած այդ հարցի պատասխանը։ Ի վերջո՝ իր համար հետաքրքիր ոչինչ չգտնելով, նա փակեց գիրքն ու թողեց սեղանին։ Գիրքը վերցնելիս, ոտքի մատների վրա կանգնած
ճոճվելուց, վախեցել էր և նույն գործողությունները չուզեց կրկնել։ Առանց այդ էլ աթոռի վրա կանգնելն իր համար արդեն բավական մեծ բարձրություն էր, ինչից սարսափելի վախենում էր դեռ փոքրուց։
Մեծ հասակում, երբ արդեն ճանաչեր այդ տառերը և վարժ տիրապետեր նաև այդ լեզվին,
փորձելու էր այդ գրքերն ու հասկանալու էր, որ չի ստացվում, քանի որ այդ հաստ, կապույտ գրքերը բարդ են լինելու անգամ իր համար։
Բայց Արտեմը դրանք կարդում էր՝ հիմնականում գիշերները, երբ մայր ու որդի քնում էին։
Հյուրասենյակի ճրագը մնում էր վառ, սակայն տանը քար լռություն էր տիրում։ Դա նշանակում էր, որ Արտեմը տան ամենամեծ սենյակում մի տեղ թիկնել և ընկղմվել է իր գրքերի մեջ։
Մի անգամ հոր ընկերներից մեկը, որ հյուր էր եկել և հոր հետ նստած խմում էր, Վարդանին ասաց, որ նրա հայրը շատ խելացի է ու կարող է զրույցում հաղթել անգամ ուժեղ պրոֆեսորներին։ Վարդանը չհասկացավ պրոֆեսորն ինչ է, սակայն մտապահեց այդ բառը։ Ժամանակ առ ժամանակ նրանց տանը հյուրընկալվում էին նաև լրիվ անծանոթ մարդիկ, որոնք, որպես կանոն, մեկ անգամից ավել իրենց տուն չէին գալիս։
Ահա թե ինչպես էր դա լինում։ Հայրը՝ Արտեմը, տուն էր գալիս մեկ կամ երկու անծանոթի հետ՝ ինչ-որ ակադեմիաներից (Վարդանը այդ երկար ու բարդ բառն էլ էր մտապահել): Նրանք նստում էին,
Լիլիթին պատվիրում թեյ ու մի կտոր ուտելու բան բերել ու ժամերով խոսո՜ւմ, խոսո՜ւմ, խոսո՜ւմ։
Ինչից էին նրանք այդքան երկար խոսում՝ Վարդանը ոչ մի պատկերացում չուներ։ Միայն, երբ իր
փոքրիկ, կապույտ, ձեռքի խաղալիք ավտոմեքենան իր ննջասենյակից քշելով բերում, հասցնում էր
հյուրասենյակ՝ նա տեսնում էր, թե ինչպես է հայրը բանավիճում այդ մարդկանց հետ։ Նրանք խոսում էին բարձրաձայն, անհասկանալի ու ինչը ամենից շատն էր զվարճացնում Վարդանին՝ ձեռքերով։ Մի անգամ, հոր հերթական մեկանգամյա բանավեճի հյուրերից մեկը՝ մի հաստափոր ու մորուքավոր մարդ, վեճի ամենաթեժ պահին վեր կացավ, զույգ ձեռքը բարձրացրեց օդ ու այդպես ձեռքերը օդում
թափահարելով՝ տեղում՝ հանց երեխա, ցածր թռչկոտելով բղավում էր․
– Այդ ի՞նչ ես ասում, Արտե՛մ, ինչպե՞ս կարող է դա պատահել։ Ո՜չ, ո՜չ։ Ասում եմ՝ ո՛չ։
Դրան ի պատասխան՝ Արտեմը մի գիրք բացեց և մատը դրեց բացված էջի վրա, ըստ երևույթին, այդ ծերուկին ինչ-որ բան մատնանշելով ու ապացուցելով։
Վարդանը ծիծաղում էր այդ ծերուկի վրա։ Տեսնելով որդու ժպիտը՝ Արտեմը ինքը նրան ժպտաց,
որդուն աչքով տվեց ու միայն Վարդանի համար նկատելի, ցուցամատով այդ մորուքավորին ցույց
տալով, սկսեց ծիծաղել։
Այդ միջոցին հայր ու որդի այնքան երջանիկ էին։ Եվ անգամ խնդիր չէր, որ հացն արդեն սկսել էր դժվար ճարվել։ Վարդանի համար կարևորն այն էր, որ հայրը տանն էր՝ իր հետ, իսկ Արտեմի համար էլ կարևոր էր հերթական խելացիի պորտը տեղը դնելը։
– Այդքան խելացի ես, լավ նկարում ես, այդքան գրքեր ես կարդում,– ասում էր Արտեմին Լիլիթը,– մի օր գլխիդ միջի եղածը չշարժեցիր, չէ՞, տանես, նկարներդ դնես վաճառքի։ Կարող է և ծախվեն։
– Էլի սկսեց խոսել այս կինը,– չլսելու տալով՝ հանդիմանում էր Արտեմը։
– Հա բա, էլ ո՞վ խոսի,– շարունակում էր Լիլիթը,– պատերազմն արդեն անխուսափելի է։ Ե՛վ չես թողնում աշխատեմ, չնայած նրան, որ մի երևելի աշխատանք էլ չկա, և՛ ինքդ չես աշխատում։ Ո՞ւմ են պետք այդ քո բանավեճերն այդ խելոքների հետ, դրանց մեջ փող կա՞։ Դրանով կշտանո՞ւմ ենք։ Շուտով, որ
պատերազմը սկսվեց՝ գնացիր, ո՞վ է մեզ պահելու։
Արտեմը, որ չնայած սովետական անաստված պետական կարգին, բավականին աստվածավախ մարդ էր, լուռ լսում էր այս մեղադրանքները, քթի տակ փնթփնթում․ «Աստված, լռեցրու այս կնոջը» և
անցնում իր սովորական գործերին՝ կարծես Լիլիթն այդքան բանը չէր ասել, նա էլ չէր լսել։
Մի անգամ Արտեմը, որն ուզում էր, որ նաև Վարդանը սեր ունենա իր սիրելի իրերի և երևույթների հանդեպ, վերջինիս տվեց «Մանկական Աստվածաշունչ» կոչվող նկարազարդ գիրքը, որ Վարդանը նայի։
– Նկարներով գիրք էի՞ր ուզում, տղա՛,– ասաց հայրը,– ահա, սա բա՛ց ու նայի՛ր։ Այստեղ էլ կան գրված շատ բաներ, բայց նաև շատ նկարներ էլ կան։
Վարդանը բացեց մի պատահական էջ ու նայեց նկարին։ Պատկերված էին երկու քեռի, երկուսն էլ
մորեմերկ։ Մեկի ձեռքին, ում դեմքը մինչ այժմ Վարդանի տեսած ամենասարսափելի և
ամենավախենալու դեմքն էր, կա՛մ դանակի, կա՛մ փոքրիկ կացնի նմանվող ինչ-որ հարմարանք էր, որով նա հարվածում էր, իր հերթին, Վարդանի համար մինչև այդ պահը տեսած,
ամենասարսափած ու ամենավախեցած դեմքով մյուս մերկ քեռուն։
«Սա ի՞նչ է։ Այս Ի՞նչ է ուզում անել այս մի քեռին մյուսի հետ»,– մտածեց՝ գիրքը գրկում,
սարսափից անկողնու վրա կուչ եկած Վարդանն ու բարձրաձայն լաց եղավ։
Լացի վրա, հյուրասենյակից վազելով, եկան մինչ այդ կրկին կենցաղային հարցերով իրար հետ վիճող Արտեմն ու Լիլիթը։
– Ի՞նչ է եղել, տղա՛ս,– շնչակտուր բղավեց Լիլիթը։
– Մա՜մ, մա՜մ,– երկար ձգելով՝ արձակեց սարսափահար փոքրիկ Վարդանը,– սա ի՞նչ է։
Նա ցույց տվեց ծնողներին նշված նկարի վրա բաց մնացած գիրքը։
– Ամա՜ն, երեխան վախեցել է,– հոգոցով բացականչեց մայրն ու գիրկն առավ որդուն,– ի՞նչ Կայեն, ի՞նչ Աբել, ա՛յ տղա։ Բա չորս տարեկան երեխային նման բաներ ցույց կտա՞ն։
– Բայց դա ընդամենը մանկական Աստվածաշունչն է, ախր,– արդարանում էր ակներև խուճապահար եղած Արտեմը։
– Ընդամե՞նը։ Մարդկության պատմության առաջին սպանության նկարո՞վ, Արտե՛մ, հա՞,– Լիլիթին կարծես կատաղած շան պես բաց թողած լինեին ամուսնու ուղղությամբ,– որն էլ հենց թարսի պես
երեխադ բացեց ու տեսավ։ Դա կոչվում է ընդամե՞նը։ Հավես կունենա՞ս չորս տարեկան որդուդ
բացատրել՝ մարդիկ ինչու են իրար սպանում։ Կամ դու՝ ինքդ, գիտե՞ս դրա պատասխանը, ես՝ անկեղծ, ոչ։ «Մանկակա՜ն Աստվածաշունչ»։ Բա որ Աբրահամի ու Իսահակի էջը բացեր, ո՞նց էիր իրեն ընկալելի դարձնելու՝ հանուն ո՞ւմ է հայրը պատրաստ սպանել սեփական որդուն։ Գրքերդ քեզ տարել են։ Ի դեպ, ես էլ լեզվաբանականն եմ ավարտել, բայց չեմ ծանրաբեռնում, չէ՞, նրան լեզուների իմ ունեցած
դասագրքերով։ Փոքր է, չէ՞։ Ու էլի՝ ի դեպ, եթե թողնեիր աշխատեի՝ իմ այս գիտելիքներով, գուցե մեր վիճակը մի քիչ ավելի լավ լիներ։
Մոր այս երկարաշունչ տիրադից փոքրիկ Վարդանը հասկացել էր, որ այդ վախենալու գրքի մի էջն է տեսել միայն, և որ էլի՝ շատ ու շատ վախենալու էջեր կան նրանում։ Փոքրիկը մտքում երդվեց՝ այլևս երբեք այդ գիրքը չբացել ու չվախենալ, ինչում չարաչար սխալվում էր, քանի որ ավելի հասուն
տարիքում նա բացելու ու ծայրից ծայր ուսումնասիրելու էր մարդկության պատմության ամենամեծ խորհրդավորության այդ հաստ մատյանը։
Լիլիթն ինչ-որ խոսքեր էր անդադար շշնջում Վարդանի ականջին ու շոյում փոքրիկի գլուխը։
Արտեմից խնդրեց՝ Վարդանի համար մի բաժակ ջուր բերել։ Արտեմը բերեց, Վարդանը խմեց, ու
կարծես, ի վերջո, հանգստացավ։
Կնոջ այդ նույն ճառից, իր սխալն ու իրավիճակում պարտությունը հասկանալով, Արտեմը
պատրաստվում էր հետևել Լիլիթին և նրա հետ դուրս գալ սենյակից, որ Վարդանը քնի, երբ հանկարծ ամուսիններով լսեցին փոքրիկ Վարդանի ձայնը․
– Հայրի՛կ, այս գիշեր ինձ հետ կքնե՞ս։ Դեռ վախենում եմ։
– Իհարկե, տղաս,– հոգոց հանելով՝ ասաց գլուխը կախած Արտեմը,– միայն համբերի՛ր, հիմա գիրք վերցնեմ ու գամ։
Լիլիթը գնաց քնելու մյուս սենյակում, իսկ Արտեմը, վայրկյաններ անց, վերադարձավ Վարդանի
ննջասենյակ ու պառկեց անկողնում՝ նրա կողքին։ Հայրը հարմար տեղավորվեց ու բացեց բերած
գիրքը։ Դա Պլուտարքոսի այդ կապույտ, հաստ հատորներից մեկն էր։
Վարդանը, համոզվելով, որ հայրը կողքին է, զգաց, որ այլևս շատ չի վախենում, փակեց աչքերը, որ փորձի քնել։
Նա այդ օրը՝ չորս տարեկան հասակում, ապրեց իր կյանքի առաջին սթրեսը։ Սա առաջինն էր նրա ապագա բազմաթիվ սթրեսային իրավիճակներից, որոնք Վարդանը դեռ պետք է վերապրեր։ Ու սա՝ դեռ ընդամենը նկար էր գրքի մեջ…
~ 4 ~
1992-ի՝ հենց հունվարից, Լեռնային Ղարաբաղում սկսվեցին ակտիվ մարտական
գործողությունները՝ մարտնչող երկու կողմերից։ Ադրբեջանական զորամիավորումները
հարձակվում էին որևէ տեղանքի կամ գյուղի վրա, հայկական ինքնաբուխ հավաքված զորքերը,
որոնց այդ պահին շատ դժվար էր անվանել կանոնավոր զինված ուժեր, փորձում էին պաշտպանվել և կամ, հնարավորության դեպքում, հակահարված հասցնել ու առաջընթաց գրանցել։
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի իր կողմից՝ արևելքից, արգելափակեց դեպի Հայաստան Ռուսաստանից մտնող բնական գազի, այլ ապրանքների, մթերքների, առհասարակ պարենի մուտքը։ Ադրբեջանի մեծ եղբայրը, իր հերթին, փակեց սահմանն արևմուտքից։ Խժդժությունները Աբխազիայում և
Օսեթիայում գրեթե անհնարին էին դարձնում տարատեսակ ապրանքների մուտքը երկիր հյուսիսից՝
Վրաստանից։ Միակ ճանապարհը, որով Հայաստան դեռ կարողանում էր ինչ-որ բան մտնել և փրկել
ժողովրդին սովից, երկրի հարավային դարպասն էր։ Հայաստան-Իրան պետական սահմանը, հիրավի, այդ տարիներին դարձավ հայ ժողովրդի գոյի, կյանքի ճանապարհը։ Շուկան, եթե այն կարելի էր այդ տարիներին այդպես անվանել, ողողված էր պարսկական ապրանքներով՝ այլընտրանք չկար։ Բայց
բնակչությունը, բնականաբար, ուրախ էր գոնե դա ունենալ։ Ալյուրի սակավության պատճառով հացի փռերի մոտ սկսեցին առաջանալ մեծաթիվ հերթեր։ Հացը սկսեցին բաժանել հատուկ թղթերով՝
տալոններով։
Սակայն այս ամենին և Ղարաբաղում ընթացող պատերազմին զուգահեռ, Հայաստանյան
խնդիրներին, 92-ի հունվարից, ավելացավ, երևի, կյանքի համար ամենասարսափելին՝ հետագա մի
քանի տարիները կնքելով «մութ տարիներ» անվամբ։ Սկզբից հաճախակի տեղի ունեցող, այսպես կոչված, էլեկտրոէներգիայի «հովհարային անջատումները» որոշ ժամանակ հետո դարձան
համակարգված ու գրեթե մշտական։ Մարդկանց տները լույս սկսեց մտնել օրական մի քանի կամ՝
անգամ մեկ ժամ։ Դրա ընթացքում մարդիկ հասցնում էին անել ու ավարտել իրենց բոլոր գործերը, և կարծես անգամ դա չէր կարող կոտրել հայ ժողովրդի ապրելու մեծ ցանկությունը։
Այն երիտասարդների կողքին, որոնք իրենց ազատ կամքով հավաքագրվում ու մեկնում էին ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու, գտնվում էին այնպիսիները, որոնք խուսափում էին
զորակոչից։
Ոչ ոք, համենայն դեպս, մահանալու ցանկություն չուներ։
Արտեմենց հարևանների ընտանիքում հայրը՝ Մհեր Կիրակոսյանը, այդ տարիներին ազդեցիկ բժիշկ էր։ Սեփական որդուն ռազմաճակատ մեկնող ավտոբուսից բառացիորեն իջեցնելով՝ նա
կարողացավ այնպես անել, որ որդու հանդեպ որևէ հետապնդում հետագայում չլինի։ Նրա որդին, ում անունը նույնպես Մհեր էր, պատերազմ մեկնելու փոխարեն՝ մի քանի տարով դուրս եկավ
երկրից և, ի վերջո, այդպես էլ հաստատվեց արտերկրում՝ այլևս հայրենիք չվերադառնալով։ Մհեր-ավագը, շատ չանցած, պիտի օգներ նաև Արտեմին ու նպաստեր նաև նրա պատերազմ չմեկնելուն։ Արտեմն, իրոք, ուներ առողջական խնդիրներ՝ կապված ողնաշարի հետ, բայց եթե չլինեին բժիշկ-հարևանի ազդեցությունն ու կապերը, ըստ որում՝ նաև զինվորական կոմիսարիատում, Արտեմն, այդ առողջական խնդիրները մոռանալով, պիտի մեկներ ռազմաճակատ։
Վարդանը շատ էր սիրում լինել նրանց տանը։ Այն օրերին, երբ իրենց բնակարանում իր
ծնողները, հերթական անգամ, վիճում էին կենցաղային հարցերի շուրջ, չորսամյա փոքրիկ
Վարդանը ինքնուրույն բացում էր տան դուռը (այդ տարիներին շատ քչերն էին դուռ կողպում) և փոքրիկ ոտքերով, արագ-արագ բարձրանալով աստիճաններով, հայտնվում վերևի հարկում գտնվող հայր և որդի Մհերների բնակարանի դռան առջև կանգնած։ Բան չէր մնում անելու․ դուռը թակում էր իր փոքրիկ ձեռքով ու սպասում։ Այն սովորաբար նրա առաջ բացում էր տանտիկինը՝ Ջեմման, որը նրան տեսնելով, ասում էր․ «էլի եկա՞ր, պուճուր ջան»։ Ապա ձեռքից բռնելով՝ տանում էր ներս։
Շուտով Վարդանը սովորություն դարձրեց, ժամանակ առ ժամանակ, բարձրանալ նրանց տուն նաև այն օրերին, երբ իր ծնողների միջև լիակատար խաղաղություն էր։ Կիրակոսյանների տանը կային իրեն սիրող ու իր վրա միշտ իրենց ուշադրությունը սևեռող բարի մարդիկ։ Բացի այդ,
չնայած Արտեմն ու Լիլիթը դրանից ամաչում էին և պարբերաբար հասկացնում, որ այդպես չանեն, Կիրակոսյանների ընտանիքում Վարդանին միշտ լավ կերակրում էին համեղ ուտեստներով։
Կիրակոսյաններն ունեին նաև այդ տարիների համար մի շքեղ իր՝ տեսամագնիտոֆոն ու մի քանի
տեսաերիզ՝ տարբեր ֆիլմերով, և որն ամենակարևորն էր Վարդանի համար, գունեղ և ծիծաղաշարժ, չճարվող մուտֆիլմերով, որոնք արտադրվում էին Ատլանտյան Օվկիանոսի այն ափին, և որոնք էլ Վարդանը հնարավորություն ուներ դիտելու այն սակավ ժամերին, երբ լույսը տներում միանում էր։

