Читать книгу Կենսաճոպան (Վարուժան Հովսեփյան) онлайн бесплатно на Bookz (3-ая страница книги)
Կենսաճոպան
Կենսաճոպան
Оценить:

4

Полная версия:

Կենսաճոպան


սենյակ էր, որն ուներ մեկ պատուհան: Նա արագ նետվեց դեպի այդ պատուհանն ու ագահաբար նայեց դրանից դուրս: Երկար ժամանակ կատարյալ մթության մեջ գտնվելու պատճառով, միանգամից


աչքերին ընկած արևը` կարծես այրեց դրանք: Արտեմն արագ հետ քաշվեց ու նորից նայեց: Ինչ-որ անհասկանալի, անհավատալի պատկեր էր այդ պատուհանից դուրս: Հեռվում երևում էին Վասիլի Երանելու տաճարն ու Սպասկայա աշտարակը: Արտեմը միանգամից հասկացավ, որ իր առջև մոսկովյան Կարմիր Հրապարակն է:

«Ինչպե՞ս հայտնվեցի այստեղ»,– բարձրաձայն ինքն իրեն հարցրեց Արտեմը, քանզի այդ


սենյակում իրենից զատ ոչ ոք չկար:

Այդ միջոցին ինչ-որ թրխկոց լսվեց: Բանալին ընկավ ցած քնով անցած Արտեմի ձեռքից:


Բանալու՝ հատակին ընկնելու ձայնից, Արտեմը վեր թռավ ու վախվորած նայեց մթության մեջ չորս կողմը՝ հուսալով, որ Լիլիթն այդ թրխկոցից չի արթնացել: Հյուրասենյակում, ամբողջ տանը նույն քար լռությունն էր:

Արտեմը հոգոց հանեց և սկսեց վերլուծել տեսած երազը: Ըստ իրեն՝ դա հստակ նշան էր, որ բնակարանը գրավադրելուց հետո ձեռնադրվող «գործը» արվի ոչ թե այստեղ՝ Հայաստանում, այլ երկրից դուրս: Դե, տրամաբանորեն, այդպես նաև ավելի եկամտաբեր կլինի, եթե ստացվի, թե չէ, ի՞նչ փնտրել այս երկրում ու հիմա։

Արտեմը մյուս գրպանից լուցկու տուփ հանեց ու կամաց վառելով՝ լուցկին դեմ տվեց բազմոցի վերևում՝ պատից կախված ժամացույցին, որ ժամը ճշտի: Լույսը դեռ չէր բացվել, սենյակում կրկին մութ էր, իսկ ժամացույցը ցույց տվեց՝ յոթին քսանհինգ պակաս:

«Տես է, բախտս ոնց բերեց»,– մտածեց Արտեմը,– «հա՛մ քնով անցա, հա՛մ հասցրի էս նշանը տեսնել, հերիք չէ, լավ ճիշտ ժամանակին էլ արթնացել եմ»։

Նա այլևս երկար-բարակ չմտածեց իր հետագա անելիքների մասին: Հատակից վերցրեց ձեռքից ընկած տան բանալին, տեղից վեր կացավ, կրկին ոտնաթաթերի վրա կամացուկ անցավ միջանցք, հագավ կոշիկներն ու հնարավորինս ցածրաձայն բացելով դուռը՝ դուրս եկավ տնից՝ նույն կերպ, շատ զգույշ իր հետևից դուռը կողպելով:

Լուցկու տուփն ու վառած մեկ հատիկ լուցկին մնացին հյուրասենյակի սեղանին։


~ 9 ~


Արտեմի տնից դուրս գալուց շատ չանցած՝ զարթուցիչն արթնացրեց Լիլիթին ու Վարդանին:


Լիլիթը, նկատելով հյուրասենյակի սեղանին մնացած լուցկու տուփն ու հանգած լուցկու հատիկը,


հասկացավ, որ Արտեմը գիշերն եղել է տանը և շուտ հեռացել, որ հետը չառերեսվի: Իր հետ


հանդիպումից` Արտեմի խուսափելու փաստից, Լիլիթն արդեն գրեթե հունից դուրս գալու եզրին էր և ուզում էր բաց թողնել իր հերթական ճառերից մեկը, որի հանդիսատեսն այս անգամ միայն


Վարդանն էր լինելու: Սակայն, նույն Վարդանի վրա հայացք գցելով ու իրենց հյուրասենյակի


սեղանին դրված լուցկու տուփին քարացած կանգնած վիճակում նայելիս` հայտնաբերելով,


Լիլիթը կարծես մի ակնթարթ սթափվեց ու բավարարվեց միայն հոգոց արձակելով: Վարդանին պետք էր նախապատրաստել ու տանել մանկապարտեզ, իսկ Արտեմը, միևնույն է, չէր փախչի:

Որդուն մանկապարտեզում թողնելուց հետո Լիլիթը որոշեց՝ տուն վերադառնալու փոխարեն, քիչ զբոսնել ու մտորել ամուսնու արարքի մասին։Նա գնաց մեզ արդեն ծանոթ այգին, մի փոքր այս ու այն կողմ քայլեց, ապա, ի վերջո, նստեց նստարաններից մեկին ու սկսեց մտորել։ Նա, որքան էլ չէր ուզում ընդունել, բայց կռահում ու հասկանում էր ամուսնու նման պահվածքի հիմնական, գլխավոր պատճառը: Ըստ նրա՝ Արտեմը լարված զրույցի ընթացքում կարող էր կրկին չտիրապետել իրեն և նորից ազատություն տալ ձեռքերին:

«Թեկուզ դա էլ, ինչ ուզում է լինի»,– նստարանից քիչ հեռու վեր խոյացող երկարամյա ծառին


հայացքը հառելով՝ ինքն իրեն տրամադրում էր Լիլիթը,– «ես պետք է ցանկացած գնով նրան


կարողանամ համոզել ու հետ պահել մտածածն իրագործելուց»։

Նա լավ էր հասկանում, որ այդ օրերի Հայաստանում խելացի ու կշռադատված մարդը բանկի հետ գործ չէր ձեռնարկի: Սրանք միայն իրենց իսկ հրամցրած պայմանագրի տերն էին և դրանում ոչ մի տառ անգամ չէին էլ փոփոխելու, եթե հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանային տրամադրված վարկի վճարումների հետ: Տունն էլ ձեռքիցդ կառնեն, քեզ էլ կգլորեն անդունդը։

Լիլիթը մի պահ նայեց ժամացույցին՝ դեռ մոտ մեկ ժամ էլ կար մինչև Վարդանին մանկապարտեզից վերցնելը։ Նա որոշեց մի քիչ էլ քայլել ու գնալ որդու հետևից։

Վարդանի հետ՝ տուն մտնելուց հետո, մայր ու որդի նկատեցին հյուրասենյակի բազմոցին նստած ընտանիքի գլխին։ Սա, նրանց տեսնելով, անգամ չշարժվեց էլ, միայն հայացքը մի կողմ թեքեց։ Միայն փոքր դադար անց՝ Արտեմը, կարծես շարունակելով չնկատել Լիլիթին, որդուց հետաքրքրվեց


վերջինիս որպիսությունից և թե ի՞նչ կար մանկապարտեզում։

– Բան էլ չկար, պա՛պ,– իմիջայլոց ասաց Վարդանն ու լռեց՝ կարծես ինքն իրեն մատնելով, որ հորը ուրիշ ոչինչ չունի ասելու։ Ապա հոր պես փոքր դադար տալուց հետո, մի կարևոր բանի կամ


անելիքի մասին հիշած մարդու ինտոնացիայով ավելացրեց, որ ուզում է բարձրանալ


Կիրակոսյանների բնակարան՝ նրանց տեսնելու։

– Չէ, մնա՛, ինչո՞ւ ես գնում, տղա՛ս։ Երեսդ գրեթե չեմ տեսնում, հապա մի արի գիրկս,– առաջին նախադասությունն ատամների արանքով, իսկ վերջինն արդեն ժպիտով արտաբերեց Արտեմն ու պարզեց ձեռքերը։

Վարդանը մոտեցավ ու նստեց հոր գիրկը։

– Ամեն դեպքում, թող գնա,– վրա բերեց Լիլիթը։

Նա լավ գիտեր, որ Վարդանի տանը մնալը կզսպի Արտեմին, և դրանով իսկ չի կրկնվի նախորդ անգամ պատահածը։ Սակայն, մյուս կողմից էլ, մայրը չէր ցանկանում, որ որդին ներկա լինի


սպասվող, մեղմ ասած՝ ոչ հաճելի զրույցին, սեփական ծնողների միջև։

– Մենք շատ բան ունենք խոսելու,– ավելացրեց նա։

Լիլիթի «թող գնա» ասածի վրա՝ որդուն գրկած Արտեմը, ցուցադրաբար օդում պարզեց ձեռքերը՝ կարծես հասկացնելով, որ չի ստիպում Վարդանին մնալ։ Այդ ժեստի վրա Լիլիթը հոգոց հանեց, իսկ Արտեմն էլ՝ իր հերթին, այդ հոգոցին պատասխանեց խոժոռված դեմքի մի արտահայտություն կնոջ ուղղությամբ ուղարկելով։ Վարդանն իջավ հոր գրկից։

– Բարձրացի Մհեր քեռիենց, կխաղաս, բայց կսպասես մինչև ես կգամ քո հետևից, ինքդ չիջնե՛ս, լա՞վ,– որդուն համբուրելով՝ նրան հանձնարարեց Լիլիթը, ըստ երևույթին, փորձելով կանխել սպասվող վեճ-զրույցի թեժ միջոցին Վարդանի հնարավոր մուտքն իրենց բնակարան։

– Լավ, մամ,– ասաց Վարդանն ու անցնելով միջանցք՝ դուրս եկավ տնից։

Մեկ րոպե չանցած՝ նա արդեն Կիրակոսյանների տանն էր։ Մհերը ներկա չէր, միայն Ջեմմա տատիկն էր տանը։ Այսպես էր գրեթե ամեն օր, քանի որ ավագ Կիրակոսյանն աշխատում էր, իսկ ինքը՝ տիկին Ջեմման՝ ոչ։ Վերջինս զբաղվում էր տան գործերով և շատ էր ուրախանում իր «թոռան» նմանատիպ այցերից, որոնց ժամանակ կարող էր նստել հետն ու մի բանով զբաղվելով՝ ցրվել ու մի փոքր կտրվել տնից։

– Հեքիաթ կարդա՞մ քեզ համար, Վարդա՛ն ջան,– ուրախ-ուրախ հարցրեց Վարդանին նա։

Դրական պատասխան ստանալով՝ նա Վարդանին նստեցրեց բազմոցին, ինքն էլ, պատի


գրադարակից մի հաստ հեքիաթների գիրք վերցնելով, եկավ նստեց կողքին։

– Տեսնենք, տեսնենք էս ինչ հեքիաթներ են, տղա՛ս,– ակնոցը քթի հատվածում միջնամատով ուղղելով՝ արտաբերեց տիկին Ջեմման՝ դեմքը խորասուզելով գրքի մեջ,– տես է, սովետական


ժողովուրդների հեքիաթներ են։ Ահա՛, տաջիկական, էստոնական, ադրբեջանական…

Կանգ առավ ու նայելով Վարդանին՝ զարմանքով շարունակեց․

– Պատկերացնո՞մ ես, տղա՛ս, նրանք հեքիաթներ էլ ունեն, բայց ամենալավ հեքիաթը մեր գլխին, մի երկու հարյուր կիլոմետր այն կողմ են պատմում ու հենց հիմա։

Տիկին Ջեմմային մնար, նա միայն ավելի էր տաքանալու, սակայն նայելով Վարդանի դեմքին ու զգալով, որ փոքրիկը ոչինչ չհասկացավ՝ դադար տվեց ու գրքի էջերը թերթելով՝ վրա բերեց․

– Ահա, հենց այս մեկն էլ կկարդանք հիմա,– մի պատահական հեքիաթի վրա կանգնելով՝ ասաց տիկին Ջեմման ու սկսեց կարդալ։

Վարդանը լսում էր միայն Ջեմմա տատիկի ձայնը, բայց ոչ կարդացածը։ Նրա միտքը այլ բան էր զբաղեցրել։ Նա էլի էր լսել, այլ տեղերից ու այլ մարդկանցից, ադրբեջանցիների մասին ու զգացել, որ այստեղ նրանց չեն սիրում։ Փոքրիկը դեռ չգիտեր ու չէր պատկերացնում, թե ինչ է պատերազմը, և մի անգամ, երբ հորը հարցրել էր դրա մասին, Արտեմը պատասխանել էր, որ դա այն է, երբ երկու ազգ կռվում են իրար դեմ՝ հողի համար։ Ստացվում է, որ Ջեմմա տատիկի ասած հեքիաթը հենց այդ կռիվն է։ Վարդանը հասկանում էր, որ դա սովորական կռիվ չէ, որովհետև երբ դրա մասին խոսք էր գնում, այդ մասին բոլորը միշտ վախեցած աչքերով ու գրեթե լացակումած էին խոսում։ Արտեմը նրան բացատրել էր, որ դա առաջանում է, երբ մի ազգը հարձակվում է մյուսի վրա, որ հողը նրանից վերցնի։ Փոքրիկ Վարդանն այնքան էլ չէր հասկանում, թե ինչու է մեծահասակ քեռիների մի խմբին պետք մյուս խմբից հող խլել, եթե բոլորը կարող են կա՛մ հանգիստ ապրել՝


յուրաքանչյուրն իր հողի վրա, կա՛մ էլ՝ բոլորով հաշտ ու խաղաղ ապրել նույն տեղում։ «Եթե մյուս կողմը հանգիստ իր համար ապրում է, սրանք ինչո՞ւ են հարձակվում»-, մտածում էր Վարդանը,– «եթե հարձակվում են, ուրեմն կարող են նաև վնասել։ Բայց էդ դեպքում ո՞րն է ավելի կարևոր։ Այն, որ ոչ


ոքի ոչինչ չլինի, ու բոլորը լա՞վ լինեն, թե որ մեկը մյուսից հող խլի ու ասի՝ իմն է։ Ի՜նչ հիմար են այս մեծերը։ Ինչե՜ր են անում։ Երանի չէր, որ ոչ ոք չմեծանար, մեծ չդառնար, մնայինք բոլորս փոքր,


խաղայինք իրար հետ, բոլորս իրար սիրեինք։ Այլապես՝ ի՞նչ իմաստ ունի արագիլի երեխաներին


բերելը, եթե նա մի օր պիտի մեծանա ու հարձակվի իր նման՝ ժամանակին փոքր եղած մեկի վրա, որին նույնպես արագիլն էր բերել, որ իր ծնողներն ուրախանան»։

– Եվ նրանք, Վարդա՛ն ջան, ապրեցին ուրախ ու երջանիկ,– հեքիաթն ավարտեց տիկին Ջեմման։

Վարդանն իր մտքերից ուշքի եկավ միայն այս խոսքերի վրա՝ բաց թողնելով ամբողջ հեքիաթը։

«Երանի չէ՞ր լինի՝ բոլորն իսկապես ապրեին ուրախ ու երջանիկ»,– կրկին մտածեց Վարդանը։

– Հեքիաթը դուրդ եկա՞վ, փոքրի՛կ,– հարցրեց Ջեմմա տատիկը։

– Շատ,– ստեց Վարդանը, որն այդ հեքիաթը չէր էլ հասցրել լսել ու ավելացրեց,– Ջեմմա՛


տատիկ, ես երևի արդեն իջնեմ տուն։

– Արդեն գնո՞ւմ ես,– զարմացած հարցրեց տիկին Ջեմման,– իսկ միգուցե մի բան պատրաստեմ, ուտես, նո՞ր։

–Չէ, չէ, պետք չի,– աչքերը տանտիկնոջից փախցնելով՝ կմկմաց առաջարկից նեղված


Վարդանը,– տանը կուտեմ, Ջեմմա՛ տատ։

Վերջին խոսքերը Վարդանը կարծես հատուկ ասաց ու ցտեսություն ասելով՝ դուրս եկավ


շքամուտք։

Արագ իջնելով իրենց դռան դիմաց՝ նա տան ներսից աղմուկի, բղավոցի ձայներ լսեց։ Հայրն էր կրկին գոռում։ Վարդանը միայն այդ պահին հիշեց, որ մայրն իրեն պատվիրել էր ինքնակամ


չվերադառնալ տուն ու սպասել, երբ նա ինքը կգա նրա հետևից։ Բայց տղան արդեն իջել էր, չէր կարող նորից գնալ Ջեմմայենց տուն, տգեղ բան կստացվեր։ Ի վերջո, փոքրիկն իրեն հավաքեց ու բացեց դուռը, որը գնալիս իր հետևից չէին կողպել։

Լիլիթը կուչ էր եկել հյուրասենյակի մի անկյունում և ձեռքերով մերթ մարմինն ու մերթ դեմքն էր պահում ամուսնու հարվածներից։ Արտեմը կարծես ինքն իրեն լրիվ կորցրել էր։ Նա Վարդանին բոլորովին անծանոթ, բայց ենթադրաբար շատ վատ բառերի ու բառակապակցությունների շարան էր դուրս նետում բերանից ու զուգահեռ անկանոն հարվածում էր կնոջը։ Մերթ դեմքին, մերթ մարմնի տարբեր հատվածներին։ Որտեղ պատահեր, առանց նայելու։ Ժամանակ առ ժամանակ Արտեմը գործի էր դնում աջ ոտքն ու խփում կնոջ ոտքերին։ Լիլիթը լալիս էր, խնդրում վերջ տալ, բայց գրեթե ամեն բառի հետ նոր հարված էր ստանում։ Ոտքերին կատարած ամուսնու


աքացիներից հերթականը նրան վերջնականապես կիսականգնած, կուչ եկած դիրքից տապալեց հատակին՝ պատի տակ։ Մինչ Լիլիթը հասցրեց սա գիտակցել՝ ևս մեկ ուժգին ապտակ ստացավ այտին ու ամբողջ մարմնով փռվեց։

– Վարդա՜նը,– միայն դրանից հետո միջանցքին հայացք նետելով ու որդուն նկատելով՝


արցունքների միջից ձգեց Լիլիթը,– դա նորից, նորից կրկնվեց, հիմա՜ր։

Արտեմը դեժավյու ունեցավ՝ շրջվելով ու կրկին տեսնելով որդու արցունքակալած, անօգնական դեմքն իր հետևում։

– Հայրի՜կ,– բղավեց վեցամյա փոքրիկը,– ես ուզում եմ, որ դու մահանաս։

Շպրտելով այս խոսքերը՝ Վարդանը ոչնչի չսպասելով, ողբալով փախավ իր սենյակ ու ինչպես անցյալ անգամվա նույն տեսարանից հետո, այս անգամ ևս կողպեց դուռը։


~ 10 ~


Վարդանը, ամբողջ հաջորդ օրը, խուսափում էր ծնողների հետ առերեսվելուց՝ գրեթե դուրս


չգալով իր սենյակից։ Արտեմը, որին նախորդ օրվա տեսարանին որդու ականատես դառնալն


իսկապես ցնցել էր, անկեղծորեն փորձում էր հայցել Վարդանի ներողամտությունը: Խնդրում էր դուրս գալ սենյակից, խոստանում տանել մի որևէ լավ տեղ՝ խաղալու կամ ժամանակ անցկացնելու, խոսք էր տալիս համեղ բաներ գնել որդու համար: Այդ ամենն ապարդյուն: Սեփական սենյակի


ներսում ծվարած՝ Վարդանն անդրդվելի էր և անգամ մի ծպտուն չէր հանում: Կատարվածի շոկից դեռ դուրս չեկած, մարմնի ցավերը, դրա տարբեր հատվածներում ու դեմքին գոյացած


կապտուկները և վերջապես ամուսնուն արհամարհելով՝ Լիլիթը նույնպես փորձում էր որդուն դուրս հանել այդ «ինքնակամ կալանքից»: Բայց Վարդանը մորն էլ չէր լսում: Լիլիթն ու Արտեմը թեև պատկերացնում էին, թե ինչ կարող է զգալ սենյակում փակված իրենց զավակը հիմա, բայց չէին էլ համարձակվում միմյանց բարձրաձայնել դրա մասին:

Ընդհանրապես, եթե որդու արարքին Արտեմը որևէ կերպ անդրադառնում էր, ապա Լիլիթի


հանդեպ իր կատարած սեփական գործողություններից, կարծես, ոչ էլ ամաչում էր, կարելի է ասել՝ չէր էլ ափսոսում: Հետևաբար՝ շատ սառն ու արհամարհական էր կնոջ հանդեպ:

Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ Վարդանին սենյակից դուրս բերել չի հաջողվի, Արտեմը, ինչ-որ կարևոր անելիք հիշած մարդու հայացքով, նայեց ժամացույցին: Բանկի աշխատանքային


օրը մոտենում էր ավարտին: Արտեմն, իր հերթին, անդրդվելի էր իր որոշման մեջ և ուզում էր


ամեն գնով գործը գլուխ բերել: Բանկիրների՝ իրենց տուն այցից հետո, իրեն բանկից հայտնել էին, որ երկու օր անց որոշում կկայացնեն։ Այսօր արդեն երկրորդ օրն էր, ըստ այդմ՝ նա պետք է մոտենար


մասնաճյուղ։ Վարդանի՝ սենյակում փակված մնալը, անհնարին էր դարձնում Լիլիթին բանկ «քարշ տալը» (ինչպես ինքը՝ Արտեմը, արտահայտվեց մտքում): Այդ դեպքում պետք էր մոտենալ բանկ ու, չմերժվելու պարագայում, բանկիրներին նորից բերել իրենց տուն՝ գործարքը հենց այստեղ


կնքելու: Հենց սա իրագործելու հստակ մտադրությամբ Արտեմը դուրս եկավ տնից:

– Տղա՛ս, հայրդ գնաց, կարող ես սենյակիցդ դուրս գալ,– դռան հետևը կուչ եկած, հեկեկալով ու խնդրական տոնով, սակայն կիսաձայն ասաց Լիլիթն ու վերջում փոքր դադար տալով, համարյա անլսելի՝ հավելեց,– եթե ուզում ես:

Վարդանը կրկին ներսից ձայն չհանեց: Հասկանալով, որ Վարդանին սենյակից հանելու նոր փորձերն այլևս անիմաստ են՝ Լիլիթը դռան տակից վեր կացավ և սրբելով արցունքները, որոշեց պատրաստվել անխուսափելիին:

Նրա համար պարզ էր, որ ամուսնու մտածածը չիրականացնելու համար, վերջինիս վրա


ներազդելու որևէ հոգեբանական հնարքի նոր տարբերակ նա այլևս չունի: Դա հանդիպում էր և կրկին կհանդիպեր ամուսնու կողմից ֆիզիկական ուժի կիրառմանը: Հոգոց հանելով՝ Լիլիթը հանձնվածի հայացքով նայեց հայելու մեջ:

«Պետք է էս կապտուկները ծածկել մինչև դրանց գալը»,– մտածեց նա և գործի դրեց ձեռքի տակ


ունեցած աղքատիկ, ոչ մեծ քանակի ամբողջ շպարը:

Հազիվ էր ավարտել, երբ դուռը թակեցին: Չհարցնելով թակողների ով լինելն ու առանց որևէ բան ասելու՝ Լիլիթն ուղղակի բացեց դուռն ու կանգնեց մի կողմ։

Դռան ետևում կանգնած էին Արտեմը մեզ արդեն ծանոթ բանկիրների այն զույգի՝ Վիգենի ու


Մարատի հետ։ Չափագրման ծառայության աշխատակիցը՝ Գրիգորը, այս անգամ հետները չէր։

Բոլորով ներս մտան։ Վիգենն ու Մարատը, որոնք անցյալ անգամվա պես լրիվ նույն՝ իրենց


պաշտոնական հագուկապով էին, քաղաքավարի բարևեցին տանտիկնոջը։ Լիլիթը, սակայն, սրանց որևէ ձևով պատասխան ողջույնի չարժանացրեց։ Երկու բանկիր, որոնք, ըստ երևույթին,


բնակիչների տներն այցելելիս նման իրավիճակներում շատ էին լինում, ուղղակի մոռացության մատնեցին դիպվածն ու շարժվեցին հյուրասենյակ։ Նրանց հետևից քայլող Արտեմը մի ակնթարթ ջղային հայացք նետեց կնոջ վրա։

– Որտե՞ղ է փոքրիկը, անցած անգամ էլ պարտեզում էր, էդպես էլ չտեսանք նրան՝


ծանոթանայինք,– հանկարծ, լրիվ անսպասելի, ժպտալով ու հստակորեն իրավիճակը մեղմելու


ցանկությամբ, բազմոցին հարմար տեղավորվելով, հարցրեց Վիգենը։

Ամուսիններով շփոթահար նայեցին իրար։ Դա չվրիպեց Վիգենի աչքից, ու սա, իրենց այստեղ գալուն նախորդած ընտանեկան վեճը գուշակելով, որոշեց այլևս չձգել ու անցնել գործի։

– Ինչևէ,– ասաց նա,– սկսե՞նք, պարո՛ն Հովհաննիսյան։

– Սկսենք,– պատասխանեց Արտեմն ու փոքր դադար տալուց հետո, վերջին բառի


վերջնավանկը հատուկ շեշտադրելով, հավելեց,– ու ավարտե՛նք։

– Շատ լավ,– ասաց Վիգենն ու դիմացը նախօրոք դարսած փաստաթղթերի կույտից մի քանիսն


առանձնացնելով՝ շարունակեց,– տեսե՛ք, պարո՛ն Հովհաննիսյան, բնակարանի վերաբերյալ մեր


գործընկեր Գրիգորի փոխանցած տվյալների հիման վրա բանկն այն գրավադրելու որոշում է


կայացրել՝ դրա դիմաց Ձեզ տրամադրելով հինգ հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որը պետք է վերադարձնեք մոտակա հինգ տարվա ընթացքում՝ մարումները սկսելով հաջորդ


ամսվանից։

– Բայց…,– ասաց ու կանգ առավ անակնկալի եկած Արտեմը։

– Առարկություն կա՞, պարո՛ն Հովհաննիսյան,– վերջապես խոսեց և հիմնականում լուռ մյուս բանկիրը՝ Մարատը, որը որոշել էր մնալ ոտքի վրա։

Երկու բանկիր հարցական հայացքով նայեցին տանտիրոջը՝ սպասելով պատասխանի։

– Խնդիրն առարկելը չէ,– վերջապես շարունակեց Արտեմը,– ամենասկզբում մենք


պայմանավորվել էինք՝ ինձ չմերժելու դեպքում, բանկը յոթից ութ հազար է տալու, ոչ՝ հինգ։

– Դե՜,– հասկանալով իրավիճակն՝ իրեն չկորցրեց, իր գործում հմուտ, աղվեսի տպավորություն թողնող Վիգենը,– դա նախնական էր, պարո՛ն Հովհաննիսյան ջան։ Դուք եկաք, ասացիք՝ տուն կա, էսքան սենյակ, էսքան-էսքան քառակուսի մետր և այլն, և այլն։ Մենք էլ, Ձեր տրամադրած


նախնական տեղեկության հիման վրա, Ձեզ հայտնեցինք, որ հաջողելու դեպքում մոտավորապես կտրամադրվի Ձեր նշած թիվը։ Սակայն Գրիգորի՝ բնակարանը չափագրելուց և տվյալները


ամփոփելուց հետո, բանկը որոշել է, որ տվյալ անշարժ գույքի դիմաց Ձեզ ուղիղ հինգ հազար է հասնում։

– Եթե դեմ եք և եթե ուզում եք, ապա կարող եք հրաժարվել գործարքը կնքելուց,– որպես մի ստուգիչ, վերջին կրակոց՝ հավելեց Մարատը։

Լիլիթը, որ մինչ այդ տանն իր գտնվելու մասին նշաններ ցույց չէր տալիս, հազաց։ Բանկիրները, որոնք, բնակարան մուտք գործելուց ի վեր, արագորեն ըմբռնել էին ամուսինների՝ այս հարցում


հակասական տրամադրությունները, միանգամից հասկացան այդ հազի իմաստը ևս։

Արտեմը մե՛րթ նայեց կնոջը, մե՛րթ այդ սևազգեստներին և մի պահ գլուխը կախելով ու ձեռքերն


իրար մեջ առնելով՝ ի վերջո ասաց.

– Թող լինի հինգ հազար։ Եկեք շարունակենք, պարոնա՛յք։

Այդ պահից Լիլիթը, իրեն ուղեկցող երեք հայացքի ներքո, դուրս եկավ հյուրասենյակից՝ կարծես հասկացնելով, որ այլևս իրեն հետաքրքիր չէ։

Եվս մեկ անգամ որդուն ձայն տալով ու սենյակից կրկին պատասխան չստանալով՝ Լիլիթն ուզում էր մտնել իր և ամուսնու ննջասենյակ, սակայն կանգ առավ։ Դեռևս առաջին ապտակի դրվագից հետո ամուսիններն առանձին էին քնում։ Լիլիթը որդու հետ նույն սենյակում, իսկ Արտեմն իրենց ննջարանում կամ հյուրասենյակում։ Այդ պատճառով, չուզենալով պառկել կամ նստել իրենց


ամուսնական մահճակալին, Լիլիթը իրենց ննջասենյակ մտնելու փոխարեն մտավ լոգարան ու


փակվեց այնտեղ։

Այդ պահին՝ այդ տանը, կարծես արդեն երկու «ինքնակամ բանտարկված» լիներ։

Լիլիթի մոտ ժամացույց չկար, և նա չիմացավ, թե հյուրասենյակից իր դուրս գալուց հետո


որքան տևեց ամուսնու ու բանկիրների հետագա զրույցը։ Սակայն, որոշ ժամանակ անց,


միջանցքում լսված ոտնաձայներից հասկացավ, որ տանը գտնվող երեք տղամարդիկ այդ պահին զուգարանի դռան առջև են։

«Արտեմին ստորագրությունս է պետք, քանի որ առանց դրա գործարքը չի լինի։ Ու հիմա


անինքնասերի պես սրանց էլ բերել ու կանգնեցրել է էս դռան առաջ, որ ամոթից դուրս գամ


ստորագրելու»,– մտածեց Լիլիթն ու բացարձակ չսխալվեց իր ենթադրություններում։

– Լիլի՛թ, երկար մնացիր, դուրս արի՛, ստորագրի՛ր, էս մարդիկ գնան,– միջանցքից լսվեց


Արտեմի ձայնը։

«Ի՞նչ անեմ, ախր»,– մտորումների մեջ տանջվում էր Լիլիթը,– «դուրս չգամ, այստեղից հրաժարվեմ, սկանդալ սարքեմ, սրանց մոտ կխայտառակվենք։ Սրանք էլ հեչ՝ շենքում կխայտառակվենք։ Ինչե՜ր կխոսեն՝ ճիշտ ու սխալ։ Սա էլ էս գիշեր ևս ձեռք կբարձրացնի վրաս, ու եթե գործարքը չկայանա,


կարող է և ծեծել մահու աստիճան»։

Չէր հասցրել մտքում ավարտել վերջին համոզումը, երբ դռան հակառակ կողմից կրկին լսվեց


ամուսնու ձայնը․

– Սիրելի՛ս, դուրս արի՛, ասում եմ։

«Անինքնասեր»,– կրկնեց Լիլիթն՝ ամուսնու ձայնում ակնհայտ նյարդային ջղաձգումները զգալով։

Նա դուրս եկավ և առանց զուգարանի դուռը հետևից փակելու ու ամուսնուն նայելու՝ Վիգենից խնդրեց ստորագրվող փաստաթղթերը։ Շվարած բանկիրը դրանք՝ մի գրիչի հետ միասին, մեկնեց նրան։ Լիլիթը ստորագրեց որտեղ պետք էր ու փաստաթղթերը բանկիրներին հետ մեկնելով՝ կրկին անցավ զուգարան՝ ցուցադրաբար շրխկացնելով դուռը։

Շատ չանցած, միջանցքում այդ երեքի հրաժեշտի խոսակցության հանգիստ տոնայնությունից ու միմյանց շռայլած «շնորհակալություններից», Լիլիթին պարզ դարձավ, որ այդ գործարքն այսուհետ կայացած է։

Բանկիրները դուրս եկան, Արտեմը նրանց հետևից փակեց դուռն ու կնոջ և որդու


«ինքնակալանքն» անգամ չհիշելով, առանց վերջիններիս ձայն տալու, քթի տակ «սա էլ էսպես»


ասելով՝ ինքնագոհ սուզվեց հյուրասենյակ ու դեմքով դեպի պատը պառկեց բազմոցին՝ հույժ կարևոր գործ կատարելուց հետո հանգստանալ ցանկացող մեկի տրամադրվածությամբ ու ննջելու


նպատակով։

Իսկ լոգարանում Լիլիթը սկսում էր կամաց-կամաց ընկալել, որ իրենց ընտանիքը, կարելի է


ասել, այլևս տուն չունի։


~ 11 ~


Այդ օրը՝ երեկոյան, Վարդանն, ի վերջո, դուրս եկավ սենյակից: Նրանից մի քիչ վաղ, հոգեպես մի փոքր հանդարտվելով, իր «բանտախցից» դուրս էր եկել նաև Լիլիթը։ Վարդանը չէր խոսում ծնողների հետ, լսում էր նրանց ասածները, անում էր այն, ինչ իրեն ասում էին կամ իրենից ուզում էին, սակայն չէր խոսում նրանց հետ: Նա չէր տեսել, չէր հասկացել տան՝ փաստացի բանկին


վաճառքի գործարքը։ Նա երեխա էր, նրա խռովությունը կապված էր լոկ երեկ տեսած բռնության ահավոր տեսարանի հետ։

Իրենք՝ Լիլիթն ու Արտեմը, նույնպես չէին շփվում միմյանց հետ: Վարդանի՝ սենյակից դուրս գալուց հետո, միայն մի պահ Արտեմը փորձեց կնոջ մոտ արդարացնել իր արարքը՝


հայտարարելով, որ իր մոտ անպայման ստացվելու է, նա գնալու է Ռուսաստան, այնտեղ «գործ դնի», հաջողի, ու իրենց մոտ ամեն ինչ լավ է լինելու: Սակայն Լիլիթն ամուսնու խոսքերն


անպատասխան թողեց: Այդպես անձայն այս ընտանիքը ապրեց ևս երկու օր: Գումարը ստանալու հաջորդ առավոտյան Արտեմը հապշտապ մյուս օրվա համար գնեց դեպի Ռուսաստանի Սարատով քաղաք ուղևորվող ավտոբուսի տոմս: Լիլիթը չգնաց ամուսնուն ճանապարհելու: Նրանց հրաժեշտը կայացավ տանը, լռության պայմաններում, երբ ոչ ոք չէր ուզում խոսել մյուսի հետ: Մեկնման ժամից ժամ ու կես շուտ, բեռնված ընդամենը մեկ ճամպրուկով, Արտեմը դուրս եկավ տնից: Լիլիթը լուռ ու անդրդվելի էր նաև այդ պահին, սակայն, դուռը դրսից փակելիս, Արտեմը հասցրեց լսել


մանկահասակ որդու չոր՝ «հաջողություն, պա՛պ»-ը…

Միայն տեսած երազով առաջնորդված Արտեմը Սարատովն ընտրել էր՝ իր ասելով, «փոքր


քաղաքում ավելի մեծ հնարավորությունների» առկայության հանգամանքով ու հասնելուն պես,


ժամանակ առ ժամանակ, զանգ էր պատվիրում տուն՝ կնոջը պատմելու իր անելիքներից: Սկզբում Լիլիթը չոր ու սառն էր ամուսնու հետ` ի տարբերություն Վարդանի: Փոքրիկը, չնայած նախկինում տեղի ունեցած ամեն ինչին, կարոտում էր հորը: Մի բան էր՝ խուսափել նրան տեսնելուց, երբ մոր հետ վիճում էր, այլ բան էր՝ նրան ամիսներով չտեսնելը։ Ի վերջո, թե՛ նրանց միջև եղած


հեռավորության պատճառով, թե՛ զանգերի հաճախակիության հետևանքով, ամուսնու հետ խոսելու տոնը փոխեց նաև Լիլիթը: Եղածը եղած էր, հիմա պետք էր հասկանալ, թե ինչ կստացվի այդ


ամենից:

Իր ուժերը բիզնեսում միշտ փորձել ցանկացող Արտեմն անծանոթ քաղաքում բավական


ճարպիկ գտնվեց։ Նա այնտեղ ծանոթացավ տեղացի մի հայի՝ Նորայր անունով մի հասակակցի հետ, որը դեռ սովետական տարիներից ընտանիքով ռուսական այս քաղաք էր տեղափոխվել։


Սկզբում՝ մի որոշակի ժամանակահատված, Արտեմը, այսպես ասած, «անժամկետ հյուրի»


կարգավիճակով բնակվում էր նրանց տանը։ Նորայրն էլ, տանեցիներն էլ ուրախ էին իրենց տանը հյուրընկալել հայաստանցի հայրենակցի, որից առաջին ձեռքից կարող էին իմանալ վերջին


լուրերն իրենց երկրից և ի վերջո, առնել պատմական հայրենիքից իրենց կարոտը։ Արտեմը, արագ կողմնորոշվելով, կրկին՝ ոչ առանց Նորայրի օգնության ու օժանդակության, կարողացավ մի


փոքրիկ շինություն ձեռք բերել և տեղափոխվելով այնտեղ՝ բնակվել դրա սենյակներից մեկում,


մնացած հատվածում էլ իր նորահայտ ռուսաստանահայ ընկերոջ հետ՝ համատեղ, հիմնեց կարի ոչ մեծ արտադրամաս: Կարճ ժամանակում արտադրամասը սկսեց արդարացնել իրեն, առնվազն


այնքան, որ Արտեմը կարողանում էր վարձատրել իր սակավաթիվ աշխատողներին, ինչպես նաև ապրել ինքը և մի փոքր գումար էլ, ամեն երկու շաբաթը մեկ, ուղարկել Երևան՝ այնտեղ թողած իր


ընտանիքին: Սովետական Միությունից նոր անջատված, պատերազմի ու ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի համար այդ՝ կարծես թե ոչ մեծ գումարները, բավական էին ընտանեկան կարիքները հոգալու և քիչ թե շատ նորմալ ապրուստ ունենալու համար:

Հետզհետե Լիլիթը սկսեց փոշմանել ամուսնու հանդեպ նախկինում ցուցաբերած իր


վերաբերմունքից: Նա սկսում էր գիտակցել, որ անկախ ամեն ինչից, Արտեմը ռիսկի գնաց միայն նրա համար, որ ի վերջո իրենց բոլորի համար լավ լինի:


* * *

Արտեմի մեկնելուց գրեթե տարի էր անցել՝ դրսում 1994-ի սեպտեմբերն էր: Եկավ մի


ժամանակահատված, երբ Արտեմը, որ Երևան էր զանգում առնվազն շաբաթը երկու անգամ՝


դադարեց զանգել: Լիլիթն, արդեն երկու օր է, ոչ մի լուր չուներ ամուսնուց: Նա ինքն Արտեմին զանգել չէր կարող։ Թեև արտադրամասում հեռախոս կար, սակայն Արտեմը հեռախոսակայանից անջատել էր տվել դրանով Երևան զանգելու գործառույթը։ Նա գերադասում էր այդ նույն


հեռախոսակայանից միջազգային զանգ պատվիրել: Այդպես իրոք ավելի մատչելի ու հարմար էր ստացվում, քան եթե նա Երևան զանգեր իրենց հեռախոսից: Բացի այդ, նա վախենում էր, որ իր աշխատողները նույնպես կօգտվեն ձեռքերն ընկած այդ «անվճար» հեռախոսից և իր գլխին


լրացուցիչ գլխացավանք կբերեն։

Լիլիթը նրան հաստատ նոր ասելիք ուներ: Վարդանն այդ օրերին առաջին անգամ դպրոց գնաց՝ դառնալով, ընթացող պատերազմում կնքված զինադադարից հետո, երկրի անդրանիկ առաջին դասարանցիներից մեկը:


~ 12 ~


Դպրոցը Վարդանին դուր եկավ։ Նա փոքրուց նման չէր իր հասակակից այլ երեխաներին և աննպատակ դրսում խաղալու փոխարեն, շատ ժամանակ, նախընտրում էր մնալ տանը և լսել, թե ինչ հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ կկարդան իր համար ծնողները կամ Ջեմմա տատը։ Արտեմն ու Լիլիթը վաղուց էին հայտնաբերել Վարդանի մեջ սերը դեպի նորն ու հետաքրքիրը,

bannerbanner