Читать книгу Կենսաճոպան (Վարուժան Հովսեփյան) онлайн бесплатно на Bookz (5-ая страница книги)
Կենսաճոպան
Կենսաճոպան
Оценить:

4

Полная версия:

Կենսաճոպան


մտածել Լիլիթը, եթե ժամանակ ունենար։ Նրանք տեղափոխվեցին Կիրակոսյան Մհերի՝ քաղաքի կենտրոնում գտնվող, երկրից բացակայող մի բարեկամի բնակարան, որը Հայաստան պետք է


վերադառնար դեռ մի քանի ամսից։

Հենց այդ մի քանի ամիսն ուներ Լիլիթը՝ իր և որդու համար, վարձով նոր բնակարան գտնելու


համար։


~ 17 ~


Կյանքը Երևանի կենտրոնում դուր եկավ և՛ մորը, և՛ որդուն: Այլ բան էր՝ որպես Երևանի բնակիչ ժամանակ առ ժամանակ լինել քաղաքի կենտրոնում, և բոլորովին մեկ այլ բան՝ այնտեղ թեկուզ կարճ ժամանակով, բայց հիմնական բնակվելը:

Իրենց նոր, ժամանակավոր բնակարանը նախկինի պես մեծ չէր՝ մեկ սենյակով պակաս էր, բայց դա խնդիր չհանդիսացավ մոր ու որդու համար։ Արտեմի հետ կատարված դեպքերից հետո նրանք սովորել էին միասին մեկ ննջասենյակում քնել։ Փոխարենը կար բաց պատշգամբ, ինչը բացակայում էր հին թաղամասի իրենց տանը։ Այդ պատշգամբից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Երևանի կենտրոնական փողոցները, և Վարդանը հաճույքով ժամերով նստում էր այնտեղ ու նայում դուրս։ Դա կարծես հանգստություն էր բերում նրան։

Երկիրը նոր-նոր էր թևակոխել հետպատերազմական փուլ, կենսական ցանկացած ոլորտում խնդիրները բնակչության համար շարունակվում էին, սակայն՝ մյուս կողմից, մարդկանց լավ


ապագայի հույս ու հավատ էր ներշնչում Արցախում տարած հաղթանակը: Այս ամենի ֆոնին


Երևանի կենտրոնն անգամ այն տարիներին կարծես մի փոքրիկ կղզյակ լիներ, որտեղ ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, քան մնացյալ ամբողջ երկրում․ խանութներում կարելի էր ավելի շատ բան և ավելի հեշտ գտնել, քան ծայրամասերի վաճառակետերում։ Տարբերությունը զգացվում էր նույնիսկ


կենտրոնի փողոցներով երեկոյան զբոսանքներին, որոնց ամեն օր Լիլիթն իր հետ տանում էր


Վարդանին: Քաղաքի այս հատվածն անհամեմատ ավելի մարդաշատ էր։ Շատ էին պատահում նաև Վարդանի տարեկից երեխաներ, որոնք նույնպես շրջում էին իրենց ծնողների հետ։ Վարդանը նրանց հետ խաղով էր անցնում, ընկերանում, ձեռք բերում նոր ծանոթներ: Ծնողներն էլ, իրենց հերթին, զրույցի էին բռնվում Լիլիթի հետ:

Այսպես, այս երկուսը կարծես փորձում էին մոռացության մատնել ոչ վաղ անցյալում իրենց հետ պատահածը՝ հոգու խորքում շատ լավ հասկանալով, որ այս հարաբերական հանգիստը


ժամանակավոր է։ Լիլիթը որդուն շատ չէր մանրամասնում, բայց աշխատանքից ամեն օր խնդրում էր վաղաժամ դուրս գալ, ու մինչ Վարդանը երկարօրյա դասաժամերին էր մասնակցում,


շարունակում էր նոր վարձով տան փնտրտուքները: Լիլիթը բնակարան էր փնտրում քաղաքի բոլոր հատվածներում, սակայն, քանի որ նա տեղափոխվելուց հետո չէր փոխել որդու դպրոցը և իր


աշխատատեղը, որոնք գտնվում էին իրենց հին թաղամասում, Լիլիթը ստիպված էր վարձակալության հիմնական տարբերակները դիտարկել հենց այնտեղ: Կարելի է ասել, որ նրանք կենտրոնում


պարզապես արթնանում էին, ապա երեկոյան մի փոքր զբոսնում այնտեղ ու քնում, իսկ օրվա մեծ մասը, միևնույն է, անցկացնում էին իրենց հարազատ ծայրամասում: Թե՛ ֆիզիկապես, և թե՛


հատկապես՝ էմոցիոնալ առումով, քաղաքի այդ հատվածի հետ կապը, շփումը չէր դադարում անգամ կենտրոնում բնակվելով: Լիլիթը հասցրել էր բազմիցս նկատել Վարդանի էմոցիոնալ ապրումներն՝ ամեն անգամ դպրոց հասնելիս, երբ երթուղային տրանսպորտն անցնում էր իրենց նախկին շենքի


մոտով: Այդ ամենի հետ հանդերձ՝ Վարդանի ուսման վայրը չփոխելը Լիլիթը ճիշտ որոշում էր


համարում: Նա գտնում էր, որ փոքրիկն առանց այդ էլ շատ ապրումներ ու ցավեր ունեցավ վերջին ժամանակահատվածում, որ մի հատ էլ փոխեն նրա դպրոցն ու նա ստիպված լինի նորից մերվել նոր շրջապատին ու նորից ձեռք բերել նոր ծանոթներ: Վարդանը, չնայած իր փոքր տարիքին,


կարծես նույնպես հասկանում էր դա և երախտապարտ էր մորը, որ նրան ազատեց գոնե այդ մի նոր փորձությունից: Այո, հիրավի, երեխային բարդ էին տրվում ամենօրյա այցելություններն այն թաղամաս, որտեղ նա ծնվել էր։ Հատկապես, երբ ավտոբուսն անցնում էր իրենց շենքի կողքով: Ամեն անգամ փոքրիկ Վարդանին թվում էր, թե ուր որ է այդ կանգառում հայրը պիտի բարձրանա այդ ավտոբուս և շարունակի ընթացքն իրենց հետ: Այդ դեպքերը, ապրումները, մտքերը, որոնք Վարդանը


նախընտրում էր պահել իր ներսում, էլ ավելի էին պարփակել այդ փոքրիկ, փակ մարդուն…



~ 18 ~


Մի հերթական աշխատանքային օր, սովորականի պես աշխատանքից հետո մի նոր վարձով


բնակարան նայելիս և կրկին սովորականի պես՝ կա՛մ հենց բնակարանին, կա՛մ դրա


վարձակալության համար տանտիրոջ կողմից պահանջվող գումարի չափին հավան չլինելով,


Լիլիթը որոշեց օգտվել Կիրակոսյան Ջեմմայի վաղուց արած հրավերից և որդուն դպրոցից վերցնելով՝ ուղևորվեց նրանց բնակարան՝ իրենց նախկին շենք:

Ինչպես արդեն նշվել էր՝ մայր ու որդի այդ թաղամասը լքելուց հետո, վերջին երկու-երեք ամսվա


ընթացքում, գրեթե ամեն օր, անցնում էին այդ շենքի մոտով, ամեն մեկն իր ձևով և իր ներսում վերհիշում տեղի ունեցածը, կրկին վերապրում ոչ այնքան հաճելի հույզեր, ու յուրաքանչյուրը նախընտրում էր չկիսվել ու պահել իր ներսում։ Բայց կար մի «բայց», ու այդ «բայցը», հիրավի, մեծ տարբերություն էր մտցնում այս ամենի մեջ։ Նրանք կենտրոն տեղափոխվելուց հետո՝ այդ ամբողջ ընթացքում, չէին եղել


իրենց նախկին շենքում, հենց ներսում։

Երբ թակեցին Կիրակոսյանների բնակարանի դուռը` արդեն երեկոյան վեցն անց էր։ Ամուսինները երկուսն էլ տանն էին ու շատ սիրալիր, անկեղծորեն, մեծ ուրախությամբ ընդունեցին իրենց նախկին հարևաններին, մանավանդ փոքրիկ Վարդանին, որին արդեն երկար ժամանակ է, ինչ չէին տեսել։

– Դե, աղջի՛կս, պատմիր, ինչպե՞ս եք,– վերջապես ասաց տիկին Ջեմման, երբ թեյով լցված սպասքով լի սկուտեղով, միացավ ամուսնուն ու հյուրերին, որոնց հյուրասենյակում նստելուց հետո անցել էր խոհանոց՝ իրենց յուրային հյուրերին թեյն ու ջեմը բերելու։

– Դե… դեռ տուն եմ փնտրում, տիկի՛ն Ջեմմա,– թեթև շփոթահար վրա բերեց Լիլիթը։

– Մի՛ նեղվիր, Լիլի՛թ ջան, եթե պետք լինի՝ նրանց կխնդրենք, որ դուք մի քիչ էլ մնաք այդտեղ,– աղջկա շփոթության պատճառը միանգամից ըմբռնելով ու կարծես փորձելով վերջինիս սփոփել՝ իր հերթին հապշտապ արտաբերեց Մհերը, հաջորդ իսկ վայրկյանին էլ գիտակցելով, որ իր խոսքում ճշմարիտ չէ, քանզի իրենց բարեկամները Հայաստան գալուն պես՝ միանգամից զբաղեցնելու էին իրենց բնակարանն ու հաստատ չէին ցանկանա այն կիսել Լիլիթի ու Վարդանի հետ։

– Հուսով եմ, շատ մոտ ապագայում, ի վերջո, հարմար բնակարան կգտնեմ,– խոսքին զվարթ


երանգներ տալով՝ Լիլիթը փորձեց այդ անհարմար իրավիճակից, ի վերջո, դուրս գալ ու կարծես նորից աշխուժացած՝ հավելեց,– հենց այս թաղամասում էլ փնտրում եմ։

– Ինչո՞ւ,– զրույցին միացավ Մհերը,– կենտրոնում ավելի հարմար չէ՞։

– Դե, հա՜,– քիչ թեթև ու կրկին ամոթխած ձգեց Լիլիթը,– բայց դե, ավելի թանկ է վարձավճարը, քան էստեղ, էլի, Մհե՛ր քեռի։

– Էս ի՞նչ անհարմար հարցեր ես տալիս, տնաշենի մեկը,– իրավիճակը փորձեց թեթևացնել


Ջեմման, ով առանց այդ էլ երբեք առիթը բաց չէր թողնում ամուսնուն կես կատակ, կես լուրջ


«կծելու»,– պարզ չէ՞, որ դրա պատճառով էնտեղ չի նայում, մի քիչ մտածի, էլի։

– Ես ի՞նչ, ես ուղղակի հարցրեցի, վայ,– արդարացավ ամուսինը։

Փոքր դադարից հետո բոլորը ծիծաղեցին։ Հյուրասենյակն անկեղծ ծիծաղով լցվեց, ինչն օգնեց


անցնել, ավարտել հարցուփորձի այդ անհարմար պահը։

– Բա էս մեր ճստլիկը ո՞նց է, հը՞,– այդ ամբողջ ընթացքում լուռ նստած Վարդանի գլուխը


շոյելով՝ հարցրեց Մհերը։

– Լավ եմ, Մհեր պապի՛կ,– ոչ վաղ անցյալի «իր երրորդ տատուն ու պապուն» զննելով, ինչպես ինքն էր նրանց անվանում, ասաց Վարդանն ու ավելացրեց,– արդեն դպրոց եմ գնում։

– Իսկապե՞ս,– փորձելով փոքրիկի մոտ հնարավորինս իրական զարմանք արտահայտել, իբրև թե այդ փաստից տեղյակ չէր՝ հարցրեց Կիրակոսյան Մհերը։

Այդ տոնայնությունը զվարճացրեց Վարդանին։ Մհեր պապիկն այդ հարցը տվեց նույն կերպ, ինչպես հոր հետ բանավիճող, իրենց տուն այցելող գիտակներն էին հորը հարցնում, երբ Արտեմը նրանց համար ինչ-որ անհավատալի բան էր ասում։ Բայց այդ զվարճանքն իսկույն անցավ, քանի որ տղան կրկին հիշեց հորն ու նկատելի մռայլված` պատասխանեց․

– Հա, հենց մի քիչ վերև գտնվող դպրոցն է, առաջին դասարան եմ, տառերն արդեն ավարտել ենք։

Ասաց ու լռեց։ Մհերին պարզ չէր Վարդանի կտրուկ մռայլվելու պատճառը, և նա դա ընդամենը վերագրեց Վարդանի՝ ուղղակի տրամադրությունը մերթընդմերթ փոփոխող մանչուկ լինելուն, ինչպես հաճախ է լինում նրա տարեկիցների մոտ։ Մհերը տեղից վեր կացավ ու, Վարդանին կրկին


աշխուժացնելու ակնկալիքով, վրա բերեց․

– Հլա մի սպասի՛ր, գնամ թուղթ ու գրիչ բերեմ, տամ քեզ, անունդ գրիր, տեսնենք ոնց է


ստացվում։

Ասաց ու մեկ երկար հայացք նետելով կնոջը, իսկ հետո նորից նայելով Վարդանին՝ կատակեց․

– Տես, բալա՛, ես Ջեմմա տատիկին չեմ ասում` գնա բերի, դա շա՜տ վտանգավոր է։ Նման մանր


բաները պիտի տիկնոջիցդ չխնդրես` ինքդ անես, թե չէ կջղայնանա, հա՜։

Բոլորը նորից ծիծաղեցին, Վարդանն էլ նրանց հետ։

Մհերն իր արած կատակից ժպտալով ու Ջեմմային նայելով՝ գնաց ու քիչ անց թուղթ ու գրիչը


ձեռքին վերադարձավ, դրանք հանձնեց Վարդանին ու ասաց․

– Դե՛, քեզ տեսնեմ, տղա՛ս, գրի՛ր անունդ։ Եթե ստացվի, մեր բոլորինն էլ կգրես։

Վարդանը սկսեց դանդա՜ղ-դանդա՜ղ, ծուռ-մռտիկ տառերով, ավելի ճիշտ կլինի ասել, դրանց մասնիկները ծուռ-ծուռ շարելով, գրել սեփական անունը։

Բոլորը կլանված այդ գործընթացին էին հետևում։ Հետո յուրաքանչյուրը փոքրիկին խնդրեց, որ տղան նրա անունն էլ գրի։ Վարդանն ինքն էլ էր խորասուզվել այդ «առաջադրանքի» մեջ ու


տրամադրությունը կրկին բարձրացել էր։ Ակտիվ, կարելի է ասել՝ պատանեկան ժխոր էր տիրում սենյակում այդ պահին։

Ի վերջո, նա բոլոր ներկաների անունները գրեց, բոլորն իր գրածը հավանեցին, նրան գովեցին, գրկեցին, համբուրեցին ու անցան այլ, նորից միայն մեծերին հետաքրքրող թեմաներ քննարկելուն։ Ինքը՝ Վարդանն էլ, վերադարձավ իր հին «կարգավիճակին»՝ կրկին լուռ նստած նրանց էր լսում։

Մի պահ ձանձրանալով՝ նա մյուսներից թույլտվություն խնդրեց գնալ մյուս սենյակ և


ուսումնասիրել այնտեղի փոքրիկ գրադարանի սակավ քանակի մանկական գրքերը, որոնք,


սակայն, ժամանակին արդեն լավ տնտղել էր։ Այդ մասին Մհեր պապիկի դիտարկմանը փոքրիկը


պատասխանեց, որ այն ժամանակ միայն դրանց միջի նկարներին էր կարողանում նայել, հիմա կփորձի իր ուժերով կարդալ նաև գիրը։

– Մեկ է, ձեր մեծական թեմաները ձանձրալի են,– իր խոսքն այսպիսի անկեղծութամբ ավարտեց Վարդանը։

Բոլորը կրկին ծիծաղեցին, ու Վարդանը Ջեմմա տատի ուղեկցությամբ անցավ մյուս սենյակ։


Նրան նկարազարդ հեքիաթներով մի փոքրիկ գիրք տալով՝ Ջեմման վերադարձավ մնացածի մոտ։ Այս երեքը շարունակեցին զրուցել դեսից-դենից։ Բոլորն էլ իրար լա՜վ կարոտել էին ու զրույցի


ժամանակ մի հետաքրքիր թեմայից անցնում էին մյուսին։ Խոսեցին Վարդանի ապագայից,


Կիրակոսյանները նաև հմտորեն փորձ արեցին հետաքրքրվել, թե չի՞ ցանկանում արդյոք Լիլիթը կրկին իր անձնականի մասին մտածել, ինչին ի պատասխան Լիլիթը լակոնիկ պատասխանեց, որ դրա ժամանակը չունի։ Կրկին մի փոքրիկ, անհարմար դադար եղավ, հետո նորից անկեղծ ծիծաղ ու քննարկվեցին այլ թեմաներ։ Խոսեցին անգամ ավարտված պատերազմից։

Ժամանակն աննկատ անցավ, և մի ինչ-որ պահի նայելով պատի ժամացույցին՝ Լիլիթն իր


երբեմնի հարևաններին հայտնեց, որ իրենք արդեն պետք է գնան։

– Վարդա՜ն,– ձայն տվեց որդուն Լիլիթը,– Վարդա՛ն ջան, դե արի Ջեմմա տատիկին ու Մհեր


պապիկին ցտեսություն մաղթի՛ր, գնանք։ Վաղը դպրոց ես նորից, իսկ ես էլ` աշխատանքի։

Ննջասենյակից, ուր Ջեմման տարել էր փոքրիկին, պատասխան չհետևեց։

– Դրան տես է, իբրև թե չի լսում,– վրա բերեց Լիլիթը։

– Սպասի՛ր, աղջի՛կս, գնամ այդ չարաճճիին բերեմ,– ժպտալով ասաց Ջեմման ու տեղից վեր


կացավ։

Վայրկյաններ անց վերջինս իրեն գցեց հյուրասենյակ ու բացականչեց․

– Վարդանը ննջասենյակում չէ։

– Ինչպե՞ս թե ննջասենյակում չէ,– անհանգստացած բացականչելով՝ տեղից վեր թռավ Լիլիթը,– բա ո՞ւր է։

– Զուգարանում նայե՞լ ես, Ջեմմա՛,– հանգիստ ու անվրդով տոնով հարցրեց Մհերը,– երեխա է,


կարող է մեզ մոտ ամաչել է մորն ասի, որոշել է ինքնուրույն, մեծավարի անցնի այնտեղ։

– Հա էլի,– նորից բացականչեց Ջեմման ու հիմա էլ նետվեց զուգարանի դուռը բացելու։

– Այստեղ էլ չէ,– ասաց նա։

– Լավ, բա ո՞ւր է տղաս,– արդեն արցունքն աչքերին, լացակումած արտաբերեց Լիլիթը,– նա ննջարան գնալուց հետո այստեղով չի անցել, ո՞ւր կարող էր գնալ։

– Դուրս է եկել տնից, ահա, դուռը կողպված չէ, – դռան մոտից լսվեց Մհերի ձայնը։

Եռյակն իրեն նետեց շքամուտք։ Կիրակոսյանների բնակարանը, եթե հիշում եք, երկրորդ


հարկում էր, և Վարդանն այնտեղ չէր։ Բոլորը, կարծես միմյանց հրելով, սկսեցին արագ իջնել


սանդուղքներով՝ մտածելով, որ Վարդանն առհասարակ դուրս է եկել շենքից։

Հազիվ հասնելով դեպի առաջին հարկ իջնող աստիճանավանդակին ու նայելով ցած՝ բոլորը


քարացած կանգ առան։

Առաջին հարկում՝ իրենց նախկին բնակարանի դռան դիմաց, լուռ կանգնած էր փոքրիկ Վարդանն ու նայում էր դռանը։ Տղան, ըստ երևույթին, արդեն որոշ ժամանակ այդտեղ էր ու տեղից չէր շարժվում։ Նայելով վեր ու տեսնելով մյուսների՝ միաժամանակ վախեցած, զարմացած, քարացած ու շվարած հայացքները՝ Վարդանն ասաց․

– Մա՛մ, կուզե՞ս մտնեմ մեր տուն ու ծեծեմ հիմա այնտեղ ապրողներին…





~ 19 ~


Վայրկյաններ անց բոլորով կրկին Կիրակոսյանների տանն էին։ Լիլիթը որդուն գիրկն առած ու Կիրակոսյաններին հաշվի չառնելով՝ լալիս էր։

– Լա՜վ, լա՜վ, հանգստացի՛ր, աղջի՛կս, վայ,– Լիլիթին փորձում էր ուշքի բերել Ջեմման,-


կարևորը նրան ոչինչ չի եղել, հիմա հետդ է ու ամեն ինչ լավ է։

– Երևի նորից թեյենք, հը՞,– կնոջը գլխով անելով՝ ակնարկեց Մհերը։

– Հա, հա, հաստատ,– համաձայնվեց Ջեմման,– թեյենք, բոլորով մի հատ հանգստանանք։

Ասաց ու հեռացավ խոհանոց։

Երբ նա կրկին թեյով սկուտեղով, դեժավյու հիշեցնող դրվագով, ներս մտավ հյուրասենյակ,


Մհերը հանկարծ առաջարկեց․

– Փոքրիկ չարաճճի, ո՞նց ես։ Արի նորից գնանք ննջասենյակ, էս անգամ ես քեզ մի լավ հեքիաթ կարդամ։

Սա ասաց ու Վարդանի փոքրիկ ձեռքը բռնելով՝ կնոջ ականջին շշնջաց․

– Ես Վարդանիկին զբաղացնեմ, ցրեմ, դու Լիլիթի հետ խոսի՛ր, թող հանգստանա։ Հաստատ հիմա խոսելու, կիսվելու կարիք ունի։

Ջեմման գլխով ու աչքերով համաձայնության նշան արեց։

– Մհե՛ր քեռի, նրան չթողնեք մենակ,– դեռ արցունքների միջից կմկմաց Լիլիթը։

– Վա՞յ, բա եղա՞վ, այ բալա՛,– քնքշորեն պատասխանեց Մհերն ու Վարդանի հետ հեռացավ ննջասենյակ։

– Շա՞տ է հիշում էն եղած-չեղածները,– Մհերի ու Վարդանի հեռանալուց հետո` գլխով


ննջասենյակի կողմն անելով, Լիլիթին միանգամից, առանց վարանելու հարցրեց Ջեմման ու նստեց նրա դիմաց։

– Հա, Ջեմմա՛ մորաքույր,– անձեռոցիկով արցունքները սրբելով՝ հազիվհազ ասաց Լիլիթը ու, ի վերջո, ինքն իրեն հավաքելով՝ շարունակեց․

– Ինքը շա՜տ փակ երեխա է այս հարցերում։ Դե… ես էլ։ Իրեն թվում է` ես չեմ նկատում, բայց մայր եմ, չէ՞, վերջիվերջո։ Ամեն անգամ դպրոց գալիս ու երեկոյան հետ գնալիս, որ այս հատվածով անցնում ենք՝ ավտոբուսից պլշած դուրս է նայում։ Դա չնկատել կլինի՞։

Լիլիթն ավարտեց ու անսպասելի իրեն նետելով Ջեմմայի գիրկը՝ կրկին սկսեց հեկեկալ։

– Անցյալի հիշողությունները բաց չեն թողնում տղայիս,– ասաց նա,– անցյալինը ո՞րն է, մի քանի ամիս է, էլի, անցել։ Չի կարողանում մոռանալ, ու էս թաղն էլ էդ ամենն` ամեն օր, նրան նորից ու


նորից հիշեցնում է։

– Դե, հա,– հոգոց հանելով ու Լիլիթի գլուխը շոյելով՝ վերջապես խոսեց Ջեմման,– բայց էդպես չպիտի մնա, աղջի՛կս, սա պիտի վերջանա, չէ՞, ախր։ Գուցե տանե՞ս մանկական հոգեբանի մոտ, թող խոսի, զբաղվի հետը։

– Հոգեբանի՞,– կտրուկ Ջեմմայի գրկից ելնելով՝ զարմանքով բացականչեց Լիլիթը,– ի՞նչ կմտածեն մարդիկ։ Չե՞ն ասի՝ Լիլիթի երեխան գիժ է կամ գժվել է, եթե հոգեբանի մոտ է գնում։

– Լսի՜ր, այ աղջի՛կ, դու հիմա պիտի մտածես, թե մնացածն ի՞նչ կմտածեն։ Թքած ունեցիր, հա՛։ Դա էր պակաս։ Ուրեմն, եթե մարդը հոգեբանի մոտ է գնում, որ խոսի իր խնդիրներից` գի՞ժ է։ Դու մեղավո՞ր ես, որ տգետների մի մեծ զանգված հոգեբանին հոգեբույժից չի տարբերում։

Տրտմած Լիլիթը գլուխը կախ լսում էր այդ կնոջը։ Ջեմման դադար տվեց, մի քիչ շունչ քաշեց և շարունակեց․

– Իմացիր, աղջի՛կս, հասարակությունն անհատի գերեզմանն է։ Իսկ թե՛ դու, և թե՛ էդ երեխան՝


անհատներ եք։ Ու եթե դու գերի մնաս նրան, թե այս կամ այն հարցով ինչ կարծիք ունի


մեծամասնությունը, ոչինչ չես կարողանալու անել և ամեն քո ձեռնարկած գործ, որը թեկուզ մի քիչ խիզախություն է պահանջելու, դատապարտվելու է մահվան՝ քո անհատականության հետ


միասին։ Թող ամեն ոք սեփական կյանքով զբաղվի, այ քեզ բան։

Վերջին խոսքերը Ջեմման արտահայտեց երկար հոգոց հանելուց հետո՝ առանձնակի


վրդովմունքով, ինչը Լիլիթին ստիպեց հասկանալ, որ նա այդ ամենն իրոք ամբողջությամբ լուրջ է ասում։

– Լավ, Ջեմմա՛ մորաքույր,– ասաց Լիլիթը,– ասենք թե տարա հոգեբանի մոտ։ Կօգնի՞։ Կամ, որ էդպես նայենք․․․

Ասաց ու կանգ առավ։

– Հը՞,– նրան կարծես փորձեց սթափեցնել Ջեմման,– խոսի՛ր, Լիլի՛թ, մի՛ պահիր ներսումդ,


կիսվի՛ր, աղջի՛կս։

– Դե․․․ Որ էդպես նայենք,– կմկմաց Լիլիթը,– մի հոգեբան էլ ինձ է պետք գալու։

– Է հա՛,– համաձայնվեց Ջեմման,– ի՞նչ է որ։ Բնական է։ Դու էլ դիմիր։ Մհերը, դե, բժիշկ է, իր խորհրդով մի ծանոթ ու իրոք լավ մասնագետ կգտնենք։ Անպայման այցելեք։ Էս ամենը ձեր միջից հանել է պետք, կյանքը շարունակվում է, աղջի՛կս։

Այս խոսքերի վրա, կիսաքնած Վարդանը գրկին, կրկին ներս եկավ Մհերն ու շշուկով ասաց․

– Արդեն իրոք լավ ուշ է, էս ճստոն մի քիչ լսեց, լսեց, հանդարտվեց, ու հեսա-հեսա վերջնական քուն կմտնի։ Հիմա էլ տրանսպորտ հաստատ չի լինի, արի՛, Լիլի՛թ ջան, եկե՛ք, ես ձեզ իմ մեքենայով կհասցնեմ տուն։

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Вы ознакомились с фрагментом книги.

Для бесплатного чтения открыта только часть текста.

Приобретайте полный текст книги у нашего партнера:


Полная версия книги

Всего 10 форматов

1...345
bannerbanner