Читать книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ (ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ) онлайн бесплатно на Bookz (17-ая страница книги)
bannerbanner
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐПолная версия
Оценить:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

3

Полная версия:

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

– Եվ իզուր,– շպրտեց Մայան

– Ես կարող եմ հենց վաղը բերել և տալ քեզ, – հանգիստ ասաց Վիրիկովան: – Դրանից, ինչպես ասում են, իմ աշխատավարձը ոչ ավելանում է, ոչ պակասում: Ես առանց կոմերիտական տոմսի էլ կապրեմ, դու քո մասին մտածիր:

– Դե վերջ տվեք,-հանկարծ ասաց Ալեքսանդրա Եմելյանովան, որը մինչ այդ լուռ քայլում էր առջևից: – Խոսելու բան չունե՞ք, ինչ է , – և քնքշությամբ վերցնելով Մամայի թևը, ցածր ավելացրեց. – ի՞նչ ես գլուխ դրել…

Վիրիկովան բարձր ու հիստերիկ ծիծաղեց:

–Տեսնո՞ւմ եք ինչպիսին է ձեր Մայան, ԱլեքսանդրավԵմելյանովնս,– ասաց նա, շարունակելով ծիծաղել։– Ես կատակում եմ, իսկ նա լուրջ է ընդունում։

–Ախր դու ի՞նչպես կարող ես կատակել, Վերիկովա,– ասաց Ուլյան։-Նախ դու կատակ ասաց բանը չես հասկանում, հետո, էլ ախր, դու ոտից գլուխ կատակ ես։ Եվ հազիվ թե կարողանաս կատակել։

Ճանապարհը Պերվոմայկայից մինչև Կրասնյանկայի դաշտերը բավականին հեռու էր, սկզբի օրերին շատ էր դժվար, դաշտում հոգնում էին, ճանապարհին, տուն գնալիս, հոգնում էին, Կրասնյանկայի կոլտնտեսության նախագահն ասում էր՝ մնացեք գյուղում, շաբաթը մի անգամ կգնաք- կգաք, բայց չուզեցին, և հիմա ամեն առավոտ, արևը հազիվ ելած, ճանապարհվում էին դաշտ և վերադառնում մութ երեկոյան՝ աստղերի հետ։ Առաջվա հոգնությունը չկար այլևս. ընտելացել էին։

Նեղ ճանապարհը ոլոր- մոլոր գնում էր, մտնում էր անտառ, դուրս էր գալիս, գլխիվայր իջնում էր ձորակները և նորից բարձրանում էր, գնում էր բացատներով, բլրալանջերով, հնձած արտերի միջով, իսկ Կրասնյանկայի դաշտերը չկային դեռ։

Աղջիկներն արդեն մոռացել էին քիչ առաջվա խոսքակռիվը, էլի երգում են. «Օ, ո՞ւր է նա, այն սառը գիշերը՝ փայլուն, պայծառ աստղերով »,– էլի չորացած ծաղիկների բուրմունք կար օդում, հնձած արտերի վրա քարացել, կախվել էին տատրակները, էլի գետինը ցնցվում էր, երբ հեռվում խուլ դղրդյուն էր լսվում։

Առջևից Մայան էր գնում։ Արևի տակ պսպղում էին ուսերին թափված կարճ ու թուխ մազերը, իսկ նա քայլում էր գեղեցիկ գլուխը բարձր բռնած, խրոխտ՝ սիրահարված արևին, չոր ծաղիկների այդ բուրմունքին, թփերի մեջ գեղգեղող թռչուներին ու հնձած արտերի վրա քարացած տատրակներին։

–Աղջիկներ,– հանկարծ զրնգուն ձայնով ասաց Մայան։– Նայեցեք տատրակներին։– Մայայի շուրթերը կիսաբաց էին, երևում էին ձյունասպիտակ, կիսախոնավ ատամները. այդ պահին նա այնպես գեղեցիկ էր. և ճիշտ էին աղջիկները, երբ ասում էին, թե Ալեքսանդրա Եմելյանովնան աղջկավարի սիրահարված է Մայային։ Նա հիմա իրոք սիրահարվածի պես էր նայում նրան։– Չէ, չէ, մի նայեցեք, աղջիկներ, ոնց որ օդից կախված լինեն։ Ո՜ւխ, ինչ լավ է…

Աղջիկները կանգնել, նայում էին մաքուր երկնքում կախված տատրակներին, իսկ հեռվում նորից խուլ որոտումներ էին լսվում, և ինչպես երկրաշարժի ժամանակ՝ գետինը դողում էր: Ուլյան երկար նայում էր, հետո խորը հառաչելով, անսպասելի ասաց.

– Ավարտել ենք միջնակարգը ու չգիտենք ինչ անենք… Այդ հրեշները որտեղի՞ց եկան ամեն ինչ տակնուվրա արեցին:

Բոլորն էլ միանգամից տխրեցին:

– Ինչպես եկել են, այնպես էլ կգնան, – թախծոտ ասաց Մայան, առանց հայացքը կտրելու երկնքից: Նրա կկոցված աչքերը երազկոտ էին, հեռվում ինչ-որ տեղ, կապույտ երկնքի կապույտ երազների մեջ:

–Ամեն ինչ լավ կլինի,– շարունակեց Մայան: – Կգնանք ինստիտուտ, ուսանողական տոմսեր կստանանք… Ուլյաշկա Գրմովան կսիրահարվի իր պես գեղեցիկ մի տղայի, ժպտալով նայելով Ուլյային, ավելացրեց նա: – Անչափ գեղեցիկ մի տղայի, իհարկե, նույնպես ուսանող…

– Եվ այդ տղան կլինի օդաչու, անունը Բորյա,– ձայնը Մայայի ձայնին նմանեցնելով ասաց Ուլյան: – Եվ այդ օդաչուն երկնքից ցած կիջնի, կբռնի Վիտյա Պոկրովինի ձեռքից ու կասի՝ դու ո՞վ ես, ի՞նչ ես և ինչացու՞ ես, որ Մայա Փեհլիվանովային սեր ես խոստովանում, մի՞թե դու չգիտես, որ նրան ես միայն իրավունք ունեմ սիրելու, որովհետև ես օդաչու եմ, երկնքում, ամենաբարձյալի մոտ… Հիմա չտանե՞մ քեզ երկինք ու նետեմ այնտեղից ներքև, դեպի անդունդն անհատակ…

Աղջիկներն, իհարկե գիտեին, որ Բորիս Գլավանը սիրահարված է Մայային, թեպետ այդ մասին Մայայի մոտ չէին խոսում երբեք, գիտեին նաև, որ Բորյան օդաչու դառնալու մեծ երազանք ունի, և հիմա աչքերում զսպված ծիծաղ՝ մեկ Վիտյա Պոկրովինի քրոջը՝ Վերային էին նայում, մեկ՝ Ուլյային, Վերան նույնպես ժպտում էր:

– Հե՞տո, – իբր վիրավորված, բայց ժպտադեմ ասաց Մայան:

– Իսկ Վիտյան կասի՝ ես մենակ չեմ, նրան շատերն են սիրում, որովհետև գեղեցիկ է, գեղեցիկ է, բայց անմեղ է, լոկ աչքերն են մեղավոր… Իսկ Բորյան, – ձայնը բարձրացնելով ասաց Ուլյան: – Իմ խանդոտ Բորյան, իմ Օթելլոն կասի.


Իմ այնքան սիրած թաշկինակը, որ ես քեզ տվի,

Դու պարգևել ես նույնը Կասսիոյին…


Շուրա Բոնդարյովան, շինծու զարմանքով սեղմելով շուրթերը, նայեց Ուլյային իր կլորացած աչքերով, երկարաձիգ սուլեց և խաղի մեջ մտնելով քնքշաձայն ասաց.


Ոչ, կյանքս վկա, ոչ, հոգիս վկա:

Կանչել տուր մարդուն և հարցում արա…


Ուլյան աչքով արեց աղջիկներին ու կեղծ վշտակցեց.

–Դե խեղճ Մայան ի՞նչ անի, քանի՞ կտոր դառնա:

– Հազար կտոր եմ դառնալու, քեզ ի՞նչ, – ժպտալով ասաց Մայան: – Բորյան ինձ ոչինչ չի ասել. -կարմրելով ասաց նա, Ուլյային փախցնելով հայացքը: – Մի հնարիր:

– Սովորում է, հետո կասի, – արագ վար բերեց Ուլյան: – Շուտով կուրսերդ կավարտի, իսկ մինչ այդ կվերջանա պատերազմը: Կգա և, սիրուց արբած սիրտը կբացի քո առջև: Գեղեցիկ տղա է , իրավունք ունի քեզ սիրելու… Մեր մեջ ասաց, դու էլ անտարբեր չես…

– Հնարիր ինչքան ուզում ես: Միևնույն է՝ չեմ լսում: – Եվ այդպես, ձեռքի ափերը ականջներին, նա նայեց Ուլյային՝ աչքերով, շուրթերով ու այտերի աննկատ փոսիկներով անընդհատ ժպտալով, և ավելացրեց.– Իսկ ինչ մնում է Վիտյա Պոկրովինին, ապա կասեմ քեզ, սիրելիդ իմ Ուլյաշա Գրումովա, որ այդպիսի բաների մասին ես չեմ մտածում: Ես նրան որպես լավ ընկերոջ եմ սիրում: Հասկացա՞ր:

– Դա հասկացա… իսկ Ռոստովի բժշկական ինստիտուտի այն ուսանող՞ը: Նա, որ մինչև ականջներ ծայրերը սիրահարվել էր քեզ և մի քանի անգամ մորն ուղարկեց ձեր տուն: Այդ մասին ի՞նչ կարող ես ասել, սքանչելիդ իմ գնչուհիկ։-Ուլյան աչքերը կկոցելով ժպտաց: – Ասում են գիշերները քնի մեջ երբեմն տալի ես նրա անունը: Ճի՞շտ է դա:

– Դու անամոթի մեկն ես, Ուլյա, – շուրթերը կծելով ասաց Մայան, շառագունելով. նրա գեղեցիկ ռունգերը թեթև դողացին,– Դու… Դու այդ ինչե՞ր ես հնարում… Աղջիկները ծիծաղեցին: Ուլյան կարկաչում էր գլուխը ետ գցած:

_ Ամոթ է, ամոթ է, – ծիծաղի միջից ասում էր նա Մայային,– Քեզ նման աղջիկը չի բարկանա, ազնիվ խոսք, կոմերիտշրջկոմի բյուրոյի անդամին վայել չէ դա: Այ, այ, այ…

–Դե լավ, Ուլյաշա,– չդիմացավ Ալեքսանդրա Եմելյանովնան։– Ի՞նչ ես ուզում նրանից։

– Խնդրեմ, սա էլ մեկ, – ասաց Ուլյան, և բոլորը նորից ծիծաղեցին: _ Միայն այն տարբերւթյամբ, իհարկե, որ Ալեքսանդրա Եմելյանովնան Մայային սիրում է որպես չքնաղ դիցուհու…

Մայան նույնպես ծիծաղում էր:

– Ես եմ գիժը, որ գլուխ եմ դնում քեզ հետ, -ասաց Մայան, ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց Ուլյան ըհդհատեց:

– Աղջիկներ, նայեցեք,– վախեցած ասաց նա: – Նայեցեք… ինքնաթիռները… այնքան ցածր, չե՞ք տեսնում… մեկ, երկու, երեք…

– Ու՞ր է ես չեմ տեսնում…

– Ես նույնպես րեմ տեսնում… Ահա… մեկ, երկու…

– Իսկ ինչու՞ ես չեմ տեսնում… Տեսա… Աստված իմ, քանի՞սն են…

– Դեպի մեզ են գալիս…

Հեռվում, սպիտակության աստիճան շիկացած օդի մեջ, տափաստանի վրա, երևացին գերմանակն կործանիչները: Հուլիսյան երկնքի վիթխարի մղեղը ճեղքելով, ալյումինե հարթ մասերի փայլատակումներով, տափաստանի վրայով սրընթաց գալիս էր մեսսերշմիդտների եռյակը:

Հետզհետե օդը ցնցվում էր նրանց հռնդյունից, աղջիկները՝ գունատ ու վախվորած, հայացքները երկնքին, պտտվեցին ինքնաթիռների հետ, իսկ ինքնաթիռները եկան, շարժիչների երկաթե դղրդոցը գետնին տալով՝ անցան նրանց վրայով, գնացին դեպի Պերվոմայկա ու Կրասնոդոն:

– Աստված իմ, ու՞ր գնացին,– սարսափահար ու դողացող ծայնով ասաց Լիլիա Իվանիխինան՝ լցվող աչքերը անօգնական պտտվելով աղջիկների վրա:

– Ռոստովի վրա են գնում, – ցածր ասաց Շուրա Բոնդարևան:

–Ռոստովը նրանց ձեռքին է, – ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, շարունակելով նայել հեռացող կործանիչների ետևից: – Ինչու՞ պետի Ռոստովի վրա գնան: Կրասնոդոնի վրա գնացին:

– Ի՞նչ է լինելու, աստված իմ, ի՞նչ է լինելու,– լացակումած ասաց Լիլիան: – Հիմա ի՞նչ ենք անելու:

Մայան շրջվեց նրա կողմը, ուզում էր պատասխանել, բայց չհասցրեց. Նրա շուրթերը մոտեցան իրար, սեղմվեցին. Նրա աչքերը, սարսափից ավելի խոշորացած, նայում էին հեռու, դեպի տափաստանի խորքը:

– Էլի են գալիս, – հազիվ լսելի շշնջաց նա, զգալով, որ ծնկները թուլացել, դողում են։

Թև-թևի, արևի տակ փայլփլելով, շարժիչների մոտեցող ու հեռացող միալար հռնդյունով, այնտեղ, տափաստանի վրա, ցածր, երևաց գերմանակն կործանիչների՝ նոր եռյակը: Իսկ այդ եռյակի ետևից, դարձյալ թև-թևի, մի ուրիշ եռյակ էր գալիս:

Մոտեցող հռնդյունից ցնցվում էր օդը, գետինը դողում էր, կանգնել էին աղջիկներն անշարժ, քարացած, նրանք չէին կարող նկատել, ծառերի արանքից նրանք նույնիսկ կործանիչների պեկսիգլասե թափանցիկ կափարիչների տակ տեսան օդաչուների գլուխները՝ ձվաձև սաղավարտներով:

Ինքնքթիռներն անցան նրանց վրայով, աղջիկները դեռ նայում էին հեռացող ինքնաթիռների ետևից, ոչ ոք չէր խոսում, և հանկարծ, այդ պահին մի խուլ պայթյուն լսվեց, որից ալիքվեց օդը, գետինը ցնցվեց, ծառերից աղջիկների վրա՝ ինչպես շաղաթղթիկներ, թափվեցին չորացած տերևները:

– Ռումբ գցեցին, – չոր շուրթերը հազիվ շարժելով ասաց Ուլյան: Նա չէր ավարտել խոսքը, մի ուրիշ պայթյուն լսվեց՝ ավելի ուժեղ ու սարսափելի, թվաց, թե գետինը գնաց նրանց ոտքերի տակ:

– Դաշտ չենք գնում, տուն, ետ տուն ենք գնում,– ասաց Մայան և ասես նրա խոսքին էին սպասում, աղջիկները, միանգամից շրջվելով, իրենց եկած նեղ ճանապարհներով վազեին դեպի ետ, դեպի Պերվոմայկա:


Ասես խոր քնի մեջ էր Պերվոմայկան. փողոցները լուռ էին, տները լուռ էին, մարդ չկար ասես տներում, հուլիսյան այդ լռության մեջ, ուր տապից ծառերի վրա տերևներն անգամ չէին շարժվում, շներն անգամ ծուլանում էին հաչել, ճիճիներն էին միայն երգում անընդհատ ու ձանձրալի, այդ խոր ու քար լռության մեջ հանկարծ մի չարագուշակ ձայն լսվեց, – ո՞վ էր՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ, ասես հրամանով՝ մարդիկ թափվեցին փողոցները, աղմուկ, լաց, ճիչ ու աղաղակ, և այդ ճիչ ու աղաղակի, այդ ժխորի մեջ մի բառ էր միայն լսվում պարզ ու որոշակի՝ գերմանացիները: Գերմանացիներն ուր որ է՝ կմտնեն Պերվոմայկա, գերմանացիները, գերմանացիները, գերմանացիները… Իրարանցման, խուճապի մեջ էր Պերվոմայկան՝ բռնված նահանջի ու շտապ էվակուացիայի հուզումով, ծերունիները այս ու այն կողմ էին վազում, արագ լծում էին ձիակառքերը, տներից ինչ-որ բաներ էին հանում, լցնում էին ձիակառքերի ու սայլերի մեջ, հրահանգներ էին տալիս կանանց, կանայք խփում էին ծնկներին, չկարողանավով զսպել իրենց թափվող արցունքները, երեխաները լաց էին լինում՝ ոչինչ չհասկանալով այս ամենից, և նրանց ուշադրություն դարձնող չկար…


Աղջիկները դուրս եկան անտառապատ ձորակից՝ արդեն հոգնած, ուժասպառ, ինչպես ափի մեջ, երևում էր Պերվոմայկան՝ ցաք ու ցրիվ փռված ցածրավայրերում բլբակների վրա: Պերվոմայկան դատարկվում էր: Բոլոր ճանապարհները՝ թե Կրասնոդոնի Վորոշիլովգրադի կողմից եկող և թե Պերվոմայկայից դեպի արևելք, դեպի Լիխայա ու Մորոզովսկ գնացող այդ բոլոր ճանապարհները լիքն էին մարդկանցով, բեռնատար ու սանիտարական մեքենաներով, տանկերով, սայլերով ու ձիակառքերով, անասունների նախիրներով…

–Նահանջում են, – հանկարծ արտասովոր կամացուկ հառաչեց Մայան հոգու ամենախորքից բյուղների պես ջինջ արցունքները գլորվեցին նրա թուխ դեմքի վրայով:

–Իսկ մեզ ոչինչ չեն ասել, – նրա կողքին շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովան:

–Որ ասում էի Վորոշիլովգրադը հանձնել են, չէիք հավատում… – Զինա Վիրիկովան էր:

Ոչ ոք չարձագանքեց:

–Մեր հողը, մեր քաղաքներն ու գյուղերը թողած նահանջում են, – կամացուկ շշնջաց Ուլյան: – Իսկ ինչու՞ էին թաքցնում, ինչու՞ էին մեզ ասում: Գնանք կոմերիտշրջկոմ, – ավելացրեց Ուլյան, ամբողջ իրանով շրջվելով աղջիկների կողմը: – Չի կարող պատահել, որ նրանք մոռացած լինեն մեզ՝ Պերվոմայկայի կոմերիտականներին:

–Գնանք, – ցրված ասաց Մայան, դեռևս շարունակելով նայել ճանապարհով ու ճանապարհներից դուրս, բանջարանոցներով, պարտեզներով, ուղղակի տափաստանի միջով քայլող մարդկանց:

Նա աղջիկներից առաջինը կտրեց անցավ հեղեղատը՝ առանց ետ նայելու, առանց իմանալու՝ գալի՞ս են իր ետևից, թե՞ ոչ, նա տների առանքով, կարճ ճանապարհով վազելով գնաց փոշու մեջ կորած Լենինգրադյան փողոցով, թեքվեց ձախ, դեպի Կրասնոդոն, նրան ընդառաջ տանում էին ձիակառքեր ու սայլեր՝ մինչև ճաղերի ծայրերը բեռնված կապոցներով ու պարկերով, փախչում էին ընտանիքներ, մանկատներ ու մանկապարտեզներ, հոսպիտալներ՝ ծանր վիրավորներով, զինվորներով լի բեռնատարները ազդանշաններ էին տալիս, հետո շրջվում, գնում էին տափաստանի միջով, և նրանց անվադողերի տակից փոշու ամպեր էին ժայթքում, սայլերի ու ձեռնասալյակների մեջ, կապոցների վրա նստած երեխաները լաց էին լինում, ճանապարհների եզրով վազող նախիրը բառաչում էր…

Ամբոխի մեջ ինչ-որ մեկը ամուր բռնեց նրա թևը: « Իսկ ու՞ր է մեր Շուրան…», – հարցրեց նա: Մայան չէր լսում ասես, ասես չէր զգում, որ բռնել են թևը, ուզում էր ճեղքել հոսանքը, առաջ անցնել: «Չե՞ս լսում, Մայա, քեզ հետ եմ»: Եվ Մայան նոր միայն շրջվեց, տեսավ նրան՝ Շուրա Բոնդարևայի փոքր եղբորը՝ Վասյային: Միշտ անհոգ ու աշխույժ Վասյան հիմա կանգնել էր նրա առջև գունատ ու աներևակայելիորեն վախեցած դեմքով, քրտնքի մեջ կորած:

–Ու՞ր է մեր Շուրան, – կրկին հարցրեց նա, ձեռքի ափով սրբելով երեսն ի վար առատորեն հոսող քրտինքը: – Ես ուզում էի վազելով գալ դաշտ, ես գիտեի որտեղ եք աշխատում, բայց չհասցրի, որովհետև ինձ ուղարկեցին Պոպավկա՝ ձիու հետևից. մորաքույրս այնտեղ է ապրում, և ես մինչև գնացի այնտեղ, եկա՝ իրարանցումը սկսվեց: Ես ձիակառքը քշած գալիս էի, ինքնաթիռներն անցան իմ վրայից, ցածր էին թռչում, բայց չկրակեցին, թվում էր կկրակեն, բայց չկրակեցին, ես ձիու մասին էի մտածում, ասում էի ձիուն կխփեն, բայց չկրակեցին, ռումբ նույնպես չգցեցին, իրար ետևից անցան Կրասնոդոնի վրայով , Ռոստովի վրա էին գնում:

–Ինչպե՞ս թե՝ ռումբ նույնպես չգցեցին, – վերջապես հարցրեց Մայան: – Նրանք ռումբ գցեցին. Մենք դա լսեցինք:

–Ոչ, նրանք ռումբ չգցեցին: Այդ մերոնք էին պայթեցնում հանքահորերը: Ես ձին քշած գալիս էի, որ պայթեցումը սկսվեց: Ձին քիչ էի մնում խրտներ, գետնովը տար ինքն իրեն: Մերոնք էին պայթեցնում՝ հատուկ, – ցածր ավելացրեց Վասյան, – որպեսզի դրանք գերմանացիների ձեռքը չընկնեն: Իրանք շուտով այստեղ կլինեն… Մեր ձիակառքը պատրաստ է, Շուրային ենք սպասում, իսկ նա չկա, և մենք չգիտենք, թե ինչ անենք…

Մայան ամբոխի վրայով նայեց ետ:

–Նրանք գալիս էին իմ ետևից, – ասաց նա, – կոմերիտշրջկոմ էինք ուզում գնալ: Հիմա երևի կգան: – Եվ այդ պահին Մայան տեսավ նրանց: – Ահա գալիս են: « Իսկ ու՞ր են մնացածները» , – անցավ նրա մտքով:

Շրջանցելով բեռնատարներն ու սայլերը, հևիհև գալիս էին Ուլյան, Շուրան և Ալեքսանդրա Եմելյանովան: Իսկ մնացածները չկային:

Վասյան ընդառաջ վազեց քրոջը:

–Մաման լաց է լինում, կառքը պատրաստ կանգնած է , – շուտասելուկի պես վրա տվեց նա: – Բոլոր հարևանները գնացին, իսկ մենք քեզ ենք սպասում: Ես հենց վազելով գալիս էի ձեզ մոտ, դաշտ:

–Իսկ կոմերիտշրջկո՞մ , – ընկճված ասաց Շուրան, նայելով աղջիկներին: – Չե՞նք գնում:

–Կոմերիտշրջկոմում մարդ չկա, – արագ ասաց Վասյան: – Մեր տղաներից երկու հոգի գնացել են՝ մարդ չկա, բոլորը գնացել են…

–Բոլորը գնացել են, – արտասանեց Ուլյան՝ շնչահեղձ լինելով, ապա խոնավ ու շողշողուն աչքերը բարձրացրեց Մայայի վրա: – Ի՞նչ անենք… Աղջիկները գնացին տուն, մենք ենք մնացել: Ես իհարկե, գնալ չեմ կարող, – հանկարծ թրթռացող ձայնով ավելացրեց նա. – Մայրս ծանր հիվանդ է, ես կմնամ այստեղ, Պերվոմայկայում, բայց դուք գնացեք: – Եվ միանգամայն անսպասելի նա սեղմվեց Մայային, փղձկաց: – Դու շուտ գնա գտիր մայրիկիդ, հարկավոր է շուտ հեռանալ: Իսկ ես չեմ կարող, ես ոչ մի տեղ գնալ չեմ կարող…

–Դե Ուլեչկա, իմ Ուլեչկա, – շրթունքները կծելով շշնջաց Մայան, ուժով պահելով իրեն, որ լաց չլինի: – Դե, երեխա չես, գուցե մենք նույնպես չենք գնում, ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է մայրիկս, և դեռ ոչինչ չգիտեմ, Ուլեչկա, թանկագինս, – և հանկարծ նա սարսափով մտածեց, որ խաբում է Ուլյային, որ հիմա, կամ քիչ հետո, դա միևնույն է, կթողնեն Պերվոմայկան, և նա կման այստեղ, չորս պատերի արանքում, իսկ այսօր կամ վաղը գերմանիցերը կմտնեն ավան ու ամեն ինչ տակնուվրա կանեն: Մայան ինքն էլ չիմացավ, թե ինչպես լցվեցին աչքրը և արցունքները գլորվեցին այտերն ի վար: – Ուլեչկա, – նորից ասաց Մայան սիրո պոռթկումով ու խղճահարությամբ: – Մնաս բարով: – Եվ ամբոխի ու փոշու միջով վազեց ետ, դեպի տուն:

Նրա արցունքները հանդարտ հոսում էին, և նա չէր կարողանում դրանք պահել, նա վազեվազ անցավ ծանոթ տների մոտով, ամենուր իրարանցում էր, նրանք, ովքեր չէին էվակուցվում, կանգնել էին իրենց տների մոտ և տխրությամբ նայում էին գնացողներին, շատերը լաց էին լինում: Վազելու ուժ չկար այլևս, թվում էր, եթե կանգնի, ծնկները կծալվեն, և Մայան առաջ էր գնում՝ մի քիչ էլ, մի քիչ էլ: Նա նույնիսկ չգիտեր, չէր տեսնում, որ Ալեքսանդրա Եմելյանովնան վազելով գալիս էր իր ետևից:

–Մայեչկա, Մայեչկա, – կանչեց նա, – սպասիր:

Մայան արագությամբ ետ շրջվեց, տեսավ Ալեքսանդրա Եմելյանովնային՝ գունատ, արցունքն աչքերին, և սրտի խորքում սուր ծակոց զգաց ամոթից: Նա կանգնած էր Ուլյայի ու Շուրա Բոնդարևայի մոտ, նա իրեն էր նայում, իսկ ինքը, ինչպիսի հիմարություն, միայն Ուլյային հրաժեշտ տվեց ու փախավ, իսկ նա վազելով եկել է իր ետևից, նա՝ իր աննման Սաշենկան… Եվ Շուրա Բոնդարևան նույնպես երևի վիրավորվեց:

– Սաշենկա, ներիր ինձ, Սաշենկա, – ընդառաջ վազեց Մայան: – Ես այս ի՞նչ եմ արել … քեզ թողել եմ կանգնած, ներիր ինձ…

Իսկ Ալեքսանդրա Եմելյանովնան նրան չէր էլ մեղադրում, նույնիսկ չէր նեղացել, նա հիմա ուրիշ բանի մասին էր մտածում, այն մասին որ իրենք բաժանվում են, և ինքը չի կարող ապրել առանց նրան:

– Մայեչկա,-սարսափելի դողացող, երկչոտ ձայնով ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, արտասվաթոր աչքերով նայելով նրան: – Դու ինձ տանը սպասիր, ես քիչ հետո կգամ: Գնամ տեսնեմ՝ մերոն ի՞նչ են անում: Նրանք չեն գնալու, ես դա գիտեմ, – ասաց նա հևասպառ: – Հայրիկը հիվանդ է, չի կարող գնալ, իսկ մայրիկը առանց նրա չի գնա, ես նույնպես: Ես վազելով կգնամ, կգամ։ Դու ինձ սպասիր։

–Այո, իհարկե, – շփոթված ասաց Մայան: – Ես կսպասեմ, ես տանը քեզ կսպասեմ…

Ալեքսանդրա Եմելյանովնան թափընթաց իջավ դեպի հեղեղատ, որից այն կողմ, հին եկեղեցու մոտ, ծառերի արանքում ծվարել էր նրանց կղմինդրածածկ, ցածրիկ տնակը։


Բակի դռնակը կրնկի վրա բաց էր, ալրափոշի կար թափված դռան մոտ ու մարգերի միջով վազող կածանի վրա, մարգերը կոխկրտված էին, ցանկապատը կիսաթեքված դեպի ներսը.– Մայան վազելով մտավ բակ, բարձրացավ պատշգամբ, որի դռնակը նույնպես բաց էր, ու մնաց կանգնած: Նա ուժով էր պահում իրեն, որ չճչա, շուրթերը դողում էին, ծնկներն ու ձեռքերը դողում էին, նա հազիվ էր ոտքի վրա կանգնում և լայն բացված աչքերով նայում էր դատարկված տանը, հատակին թափված շորերին, սեղանին ընկած գրքերին, որոնց վրա նստել էր փոշին: Նա ներս չմտավ բաց դռներից, զսպելով հեծկլտոցը, այդպես կանգնեց մի պահ՝ հուզված ու շվար, հետո արագ շրջվելով՝ դուրս եկավ բակ, արցունքն աչքերից գլորվում էր, արցունքների միջից շուրջն ամեն ինչ կիսամշուշվել, երևում էր, փողոցներով անընդհատ շարժվում էին մարդկային զանգվածները, ամեն կողմից ձայներ էին լսվում՝ ողբ, աղաղակ, քաղցած անասունները խռպոտ բառաչում էին, տանկերի թրթուռները գնդացիրների պես ճարճատում էին, հռնդում էին մեքենաները, անընդմեջ ազդանշաններ էին տալիս, հազարավոր ոտքերից ու անիվներց բարձրացած ծանր, կարմիր ու թանձր պատի նման բարձրացել, կանգնել էր արևի դեմ, արցունքի ու փոշու միջից, մարդկային անվերջ հոսանքի մեջ Մայան հանկարծ տեսավ մորը՝ գլխաբաց, մազերը թափած դեմքին ու ուսերին: Նա գալիս էր վազելով, թռչունի պես կրծքով խփվելով մարդկանց, գլուխը բարձր բռնած: Ամբոխի մեջ նա մեկ երևում , մեկ անհետանում էր: – Մամա, – ձայն տվեց նա: – Մամա, – անընդմեջ կանչում էր՝ աշխատելով աչքից չկորցնել նրան: Ամբոխը գետի պես հորդում, ալիքվում էր, կողքից անցնող մարդկանցից շատերը ծանոթ էին նրան, սակայն հիմա ուշադրություն չէին դարձնում Մայային, ինչպես և Մայան ուշադրություն չէր դարձնում նրանց, մարդկանց գլխների վրայով Մայան նայում էր մորը՝ ձգտելով առաջ անցնել:

Մայրը նույնպես առաջ էր գալիս դժվարությամբ: Նա արդեն չէր կարողանում լալ, չէր կարողանում խոսել, շուրթերը չորացել էին, չոր շուրթերը շարժվում էին, սակայն ոչինչ չեր լսվում, աչքը աղջկան՝ նա առաջ մղվեց. ևս մի երկու քայլ, ևս մի երկու քայլ, – Աննան ամուր բռնեց աղջկա ձեռքը, ասես հոսանքը պիտի տաներ նրան, նրանք թափորի հետ առաջ մղվեցին, փողոցի ծայրում, այնտեղ, ուր սկսվում էր լայնարձակ տափաստանը և որտեղից անցնում էր Լիխայա ու Մորոզովսկ գնացող խճուղին, մայր ու աղջիկ մի կերպ դուրս եկան ամբոխի միջից: Օդը չէր հերիքում: Նրանք մի պահ նայեցին իրար, ասես տարիներով չէին տեսել, և հանկարծ Աննան փղձկաց, գլուխը թեթև խփելով Մայայի կրծքին:

– Վայ, Մայեչկաս, այս ի՜նչ պատահեց մեզ, – լացի միջից ասաց նա: -Այս ի՜նչ կրակ էր, աղջիկս:

– Դե լավ, մամ, – ինքն էլ ուժով պահելով իրեն, արտաբերեց Մայան:– Ի՞նչ ես լաց լինում։

–Չգիտեմ, – գլուխն օրօրելով արտասանեց Աննա Փեհլիվանովան։ Ամեն ինչ վերջացավ, – արագ ու հուսահատ ավելացրեց նա, իր խոշոր, արտասվաթոր աչքերով նայելով աղջկան: – Խորտակվեց ամեն ինչ, կորավ: Իսկ հիմա գնում ենք, Կոլոբովների հետ գնում ենք:

–Ո՞ւր, – ակամա հարցրեց Մայան: – Ո՞ւր ենք գնում:

–Թիկունք: Դեպի Սարատով, Կույբիշև: Մեր հիմնարկությունը նույնպես գնաց: իսկ ես չկարողացա: Չգտա քեզ: Նոր էի տուն հասել, Միխայիլը եկավ, առանց ձեզ չեմ գնա ասաց: Հորդ հետ մոտ ընկերներ էին Նոր Նախիջևանում, չեմ գնա մենակ, ասաց, միասին կգնանք, ես Գասպարի ընտանիքը չեմ կարող թողնել, ասաց , ինչպես մենք, այնպես էլ դուք: Եկավ ձիակառքով, ինչ կար, չկար՝ ալյուր, հաց, հագուստ, ինչ հնարավոր էր՝ բեռնեցինք կառքը, հիմա նրանք մեզ են սպասում, հարևանները գնացել են, իսկ նրանք մեզ են սպսում: Շուտ…

Նրանք՝ մայր ու աղջիկ, քայլում էին արագ-արագ, երբեմն վազելով:

– Իսկ տո՞մսս, – հանկարծակի կանգ առնելով, ասաց Մայան: -Կոմերիտական տոմսս: Գրասեղանի արկղում է: Չե՞ս վերցրել: Օրագիրս նույնպես:

–Ոչ, – նույնպես կանգ առնելով, մեղավոր ասաց մայրը: – Չեմ վերցրել:

–Ես հիմա կգամ: – Մայան ետ վազեց: – Թաքցնեմ ու գամ: Դռները նույնպես կփակեմ, բաց ես թողել,– վազքի պահին շրջվելով, ասաց նա: – Դու գնա, մամա, մի սպասիր, ես հիմա կգամ…

Հայրը նստած էր բակում, Ալեքսանդրա Եմելյանովնան ներս մտավ: Նա նստել էր բակի խորքում, թթենու տակ, հոգնած նայում էր գետնին, մի կետի: Նա արդեն ծեր էր, շատ ծեր էր, հիվանդ ու սմքած: – Ալեքսանդրա Եմելյանովնան խղճաց նրան և կամաց, ձեռքի մեջ ճմթելով գլխաշորը, առաջ եկավ: Այդպես նստած քնել էր ասես հայրը, կամ վշտից քարացել էր. Նա չէր լսում ասես դրսի աղմուկ- աղաղակը, ասես նրան չէր հասնում կանանց ու երեխաների լացը, մեքենաների հռնդյունն ու փախչողների կանչերը. Շուրթերը դողում էին, թվում էր անձայն լալիս էր:

–Հայրիկ,– կամացուկ, դողացող ձայնով ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան, կանգնելով հոր դիմաց:

Հայրը դանդաղ բարձրացրեց գլուխը:

–Աա՜ … Սաշենկա, – խռպոտ ասաց նա: – Այդ որտե՞ղ ես: Մենք շատ ենք անհանգստանում քեզ համար: Մայրդ արդեն վազվզելուց ուժասպառ է եղել:

–Իսկ ու՞ր է հիմա նա,– հարցրեց Ալեքսանդրա Եմելյանովնան, աչք ածելով շուրջը:

–Խարիտոնովների մոտ գնաց, – ուժով բարձրանալով տեղից խոսեց հայրը: – Նրանք արդեն պատրաստ գնում են, իսկ մենք, պարզ է, գնալ չենք կարող, իսկ դու պետք է գնաս, աղջիկս:

Ալեքսանդրա Եմելյանովնան տեսավ, թե ինչպես լցվեցին հոր աչքերը:

–Դու պետք է գնաս,– կրկնեց նա: – Գերմանացիները կգան և, պարզ է, առաջինը ձեզ՝ կոմերիտականներիդ կվերացնեն:

Նա քիչ լռեց ու ասաց.

–Աֆանասին համաձայնեց, քեզ նույնպես վերցնել: Նրանց ձիերն ուժեղ են, ընտանիքն էլ մեծ չի… Մայրդ էնտեղ է, կանչիր…

–Ես ձեզ չեմ թողնի, հայրիկ, ես կմնամ, – ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան վճռական: – Ես ոչ մի տեղ չեմ գնա: – Եվ նա չէր վերջացրել խոսքը՝ հարևան բակից դուրս եկավ մայրը՝ Աննա Եգորովնան՝ վշտահար ու խորշոմած դեմքով: Սպիտակ գլխաշորը սահել էր ուսերին, աճքերն ուռած էին, կարմիր, նա արդեն տեսել էր Ալեքսանդրային և ածուների մեջտեղով արագ գալիս էր:

–Աֆանասին համաձայն է, նա քեզ տեսնում իրենց հետ, – դեռ հեռվից սկսցեց նա: – Ես արդեն ամեն ինչ հավաքել եմ: Դու մեր մասին մի մտածիր, աղջիկս դու գնա:

Ալեքսանդրան լուռ էր:

–Աննա Եգորովնա, շուտ արեք, – վերևից, Խարիտոնովների բակից շտապեցրեց Աֆանասին:

–Քեզ չի կարելի մնալ, – ցանկապատի վրայից բակ մտնելով, ասաց մայրը և հանկարծակի լաց եղավ՝ երեխայի պես բռունցքով սրբելով աչքերը: – Ես քեզ շատ եմ փնտրել, Աֆանասիին խնդրել, աղաչել եմ, որ սպասի, չգնա, շուտ արա, ես ամեն ինչ դրել եմ ճամպրուկում:

–Ես չեմ գնա, – կտրուկ ասաց Ալեքսանդրա Եմելյանովնան՝ վախենալով հանդիպել մոր աչքերին, և վազեց դեպի Խարիտոնովների բակը՝ Աֆանասիին հայտնելու, որ ինքը մնում է:

–Սաշենկա, – հուսահատ ու խզված ձայնով կանչեց մայրը, սակայն աղջիկը ետ չնայեց:


Տափաստանի վրա մեգի պես ծանր կանգնել էր թանձր փոշին: Այդ փոշու ու կիզող արևի միջով անընդհատ գնում էին փախստականները՝ Պերվոմայկայից ու Կրասնոդոնից, շրջակա խուտորներից, ստանիցաներից ու գյուղերից, Վորոշիլովգրադի ու Ստալինոյի մարզերից, գնում էին նրանք հետիոտն ու սայլերով, ձիակառքերով ու բեռնատարների վրա նստած, և նրանց բոլորի դեմքին տառապանք կար:

Թնդանոթային կրակոցների ու արկերի պայթյունների ձայները, գնդացիրների հեռավոր տկտկոցը երբեմն հասնում էին նրանց, այդ ձայներից նրանք կռահում էին, որ գերմանացիները մոտ են Կրասնոդոնին, գտնվում են Վերխնեդուվաննայում, բայց թե ինչ էր տեղի ունենում այնտեղ, կռվի դաշտում՝ ոչ ոք ոչինչ չգիտեր: Նրանք գնում էին առաջ, դեպի այդ հսկայական, բաժան-բաժան եղած աշխարհը, և նրանց բոլոր ջանքերը, ամբողջ ուշադրությունը հիմա ուղղված էր մի բանի՝ շուտ հասնել Հյուսիսային Դոնեց գետի վրայով գցված լաստակամրջին, անցնել գետը: Իսկ գետը… Հեռու էր գետը՝ ավելի քան հարյուր կիլոմետր ճանապարհ կար մինչև այնտեղ…

–Նուո՜ւ… նուո՜ւ -ձիերին խփում էր Միխայիլը՝ մանր աչքերը կկոցելով արևից ու փոշուց: – Նուո՜ւ…

Կառքը ցնցվում էր աղուրների վրա: Օրորում էր նստածներին: Աննա Փեհլիվանովայի ուղեղում ծնունդ էր առնում զանազան հիշողություններ՝ հեռավոր կարոտամաշ… Գասպարի հետ Նոր Նախրջանից ձիակառքով գնում էին Ղրիմ՝ Գասպարի հայրենի գյուղը: Ճանապարհն անցնում էր անտառների ու անծիր դաշտերի միջով, ձիակառքը ցնցվում էր աղուրների վրա, օրորում էր նրանց օրորում… Ծիծաղում էր Աննան, Գասպարը ցատկում էր կառքից, ծաղիկներ էր քաղում ճանապարհի եզրերից, վազում, ընթացքի պահին ցատկում էր կառքը, ծաղիկներն ամրացնում էր Աննայի խարտյաշ մազերի մեջ… Ինքը տասնինը տարեկան էր, Գասպարը՝ քսաներկու՝ բարձրահասակ, սև աչքունքով, գեղեցիկ: Աչքերը այրում էին ասես, երբ հանկարծակի նայում էր: Նոր էին ամուսնացել, գնում էին գյուղ: Մարզկոմից էին ուղարկել. այն տարիներին կուսակցական ու կոմերիտական աշխատողներին ուղարկում էին գյուղերը՝ աշխատելու: Գասպարը կոմերիտմարզկոմի հրահանգիչ էր, իսկ ինքը նոր էր ավարտել տեխնիկումը: Աննան հոգու խորքում նույնիսկ ուրախ էր, թաքուն վախ կար նրա սրտում. Չեր ուզում քաղաքում մնալ; Նրան թվում էր այնտեղ՝ քաղաքում, աղջիկներն իրենից կխլեն Գասպարին, իսկ գյուղում հանգիստ է, գյուղում վախ չունի… Ինչքան ծիծաղեց Գասպարն այն ժամանակ, երբ ինքը այդ մասին ասաց նրան: Իսկ հետո… գյուղի դպրոցում ինքը ավագ ջոկատավար էր, Գասպարը՝ գյուղական սովետի նախագահ, հետո ծնվեց Մայան… Տարիների հեռավոր մշուշում, ինչպես երազի մեջ, նրան պատկերացավ լեռնալանջին թառած հայկական Ղրիմ գյուղը՝ իր թիթեղածածկ տանիքներով ու տնամերձ այգիներվ, ընդարձակ դաշտերով, որոնց վրա ամեն առավոտ այնպես վեհաշուք ծագում էր շաղաթաթախ արևը կամ անձրևից հետո թաց արտերի վրա ննջում էր ծիածանը: Մտաբերեց իրենց տունը՝ գյուղի ծայրին, տան մոտով հոսող գետը, անտառապատ լեռներից իջնող ճանապարհը:

bannerbanner