
Полная версия:
Ուրախ եմ ծանոթանալ

Դան Էմ
Ուրախ եմ ծանոթանալ
Глава 1
Այսօր այնքան ուրախ ու շփոթված եմ, որ իմ տուն ետ դառնալն ավելի երկար և արկածներով լի թվաց։ Երթուղայինով տուն վերադառնալիս բաց թողեցի իմ կանգառը, չորս կանգառ անցա, հետո ուշքի գալով՝ իջա և ոտքով ետ դարձա քրոջս տան ուղղությամբ։ Երբ հասա մեր կանգառ, համոզվեցի, թե ինչքան շփոթված եմ և ոգևորված։
Ինչքա՜ ն եմ շփոթված ես...
Տան մուտքի մոտ հասնելով, հիշեցի՝ մի քանի հարևանի կողքով անցա առանց բարևելու։ Ես երբեք անշնորհք չեմ եղել, այլ այստեղ իմ ուրախությունն է մեղավոր։ Կարծես թռչում եմ քայլելու փոխարեն։ Այսօր վերջապես ինձ դրական պատասխանեցին։ Ես կաշխատեմ, կկայանամ այս հողի վրա, վերջապես կունենամ իմ եկամուտը։ Այս միտքը հանգիստ չէր տալիս ինձ ամբողջ ճանապարհին։ Վաղուց այսքան ուրախ չէի զգացել ինձ։ Վազեցի տուն։ Քույրս ինչպես միշտ խոհանոցում էր։ Վազեցի գրկեցի.
-Ուրաա՜, ինձ վերցնում են աշխատանքի։
-Ուրաա՜,- գոչեց քույրս,- ի՜նչ լավ է սիրելիս, դե պատմի տեսնեմ:
-Լսու՞մ ես, տա-տա- դա-դամ, ինձ տվեցին հնարավորություն փորձաշրջան անցնելու, ասեցին վաղվանից 8-10 օր փորձաշրջան կանցնեմ, հետո պարզ կլինի։
-Հետո՞, էլի հետո, ես վախենում եմ այդ հետոյից։ Պատմի տեսնեմ ի՞նչ տեղ է, ի՞նչ պայմաններ են։
-Նարս, մի անհանգիստացի, ամեն ինչ լավ կլինի, ես զգում եմ, որ կաշխատեմ այնտեղ։
-Դու անցած անգամ էլ էիր այսքան ինքնավստահ։
-Ես մեղք չունեմ ,դու լավ գիտես անցած անգամների մասին։
-Իսկ սա ո՞ր հայտարարությամբ էիր գնացել, ի՞նչ կազմակերպություն է։
-<<Ոսկե սերունդ>> է կազմակերպության անվանունը։ Գնացի ինձ առաջին հարկում ընդունեց պատասխանատու աշխատակիցը, հարցազրույցից հետո ասաց <<Վաղվանից եկեք փորձաշրջանի, բայց կարող եք չանհանգստանալ, չեմ ուզում խոստանալ, բայց հավանաբար կմնաք մեզ մոտ աշխատելու։ Մեր գլխավոր տնօրենը նոր նախագիծ ունի, որով խրախուսում է անփորձ կադրերին աշխատանքի ընդունելը>>։
- <<Ոսկե՞ սերունդ>>։
Այնքան ոգևորված էի, որ միանգամից չնկատեցի Նարինեի դեմքի արտահայտությունը։ Մի քանի անգամ կրկնեց անվանումը կազմակերպության, ապա տխուր կամ հիասթափված՝ ավելացրեց․
-Բայց ինչու՞ այնտեղ, չեմ հասկանում, այս քաղաքում էլ ուրիշ տեղ չկա աշխատելու։
-Բայց ի՞նչ խնդիր կա քույրիկս, ինձ արդեն դուր է գալիս իմ ապագա աշխատավայրը։ Գիտե՞ս այնպիսի տպավորություն էր կարծես հարազատ վայրում լինեի։ Բայց դա ուրախությունից էր երևի։ Մնացածն արդեն վաղը կիմանամ, անհամբեր սպասում եմ վաղվան։ Մինչև վաղը ինչպես եմ դիմանալու՝ չգիտեմ։
Բայց Նարինեի հայացքը և տրամադրությունը փոխվում էր վայրկյան առ վարկյան՝ ավելի մտազբաղ դառնալով։ Անհանգստանում է անշուշտ, միշտ ինձ համար լավագույն է կամենում։
-Նարինս մի անհանգստացի, ամեն բան լավ է լինելու,- փորձեցի հանգստացնել նրան։
-Ես քեզ խորհուրդ եմ տալիս չշտապել, էլի տարբերակներ նայիր, ավելի հարմար տարբերակներ հաստատ կլինեն։
-Ես գտել եմ այն, ինչ փնտրել եմ այսքան ժամանակ։
Այնքան հոգնած էի զգում ինձ, որ քրոջս համոզել ինչ որ բան՝ չէի ցանկանում։
***
Երկու տարուց ավել էր, ինչ ավարտել էի պետական համալսարանը և ունեմ հաշվապահի մասնագիտություն։ Իմ մասնագիտությամբ էլ ինքնակենսագրականս ուղարկել էի մի քանի աշխատանքի տեղավորման գործակալություններ, որտեղից էլ ստանում էի առաջարկություններ։ Շատ լավ առաջարկություն էի ստացել․ շինարարական մեծ կազմակերպություն էր, աշխատավարձը բարձր, ինչը ամենակարևորներից էր ինձ համար։ Սկզբնական երեք օրը մեծ հաճույքով էի գնում։ Անձնակազմի մեծ մասը երիտասարդ տղամարդիկ էին ու մեծ ուշադրությամբ էին ինձ շրջապատում, ինչն ինձ սկզբում դուր էր գալիս։ Հաճախ սուրճ էին հյուրասիրում, շուրջս պտտվում էին, հումորներ էին անում, իրենց օգնությունն էին առաջարկում։ Սկզբում զվարճալի էր նույնիսկ, երբ տեսնում էի, թե ինչպես են տղաները խառնվում իրար, փորձում մեկը մյուսից առաջ անցնել՝ աչքի ընկելու համար։ Զվարճալի էր սկզբի մի քանի օրը։ Հետո այս ընդհանուր տեսարանը սկսեց հոգնեցնել, տհաճություն պատճառել այդ չափից դուրս ուշադրությունը, նույնիսկ վախեցնել։ Կենտրոնանալը աշխատանքի վրա դժվարանում էր և՛ իմ, և՛ նրանց համար։ Իրենց իհարկե հասկանալի էր. առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էին, հանգստյան օր միակ կիրակին էր, այն էլ տնօրենը երբեմն առաջադրանքներով էր զբաղեցնում։ Աշխատակազմի միակ երիտասարդ աղջիկը ես էի, այն էլ ոչ տգեղ։ Բայց երբ սկսեցի ինձ որոշակի չափով սառը և հեռու պահել, տղաների այս փոքր ինչ ամբոխից, առաջացավ տհաճ և լարված մթնոլորտ։ Որոշեցի հրաժարվել իմ այնտեղ աշխատելու հնարավորությունից։ Հաջորդ առաջարկն ուսումնական կենտրոնների գլխավոր մասնաճյուղում էր։ Բիզնեսը բաղկացած էր մի քանի կենտրոններից, որոնք դասավանդում էին մի քանի դպրոցական առարկաներ և տարբեր սպորտաձևեր։ Անձնակազմը բարի էր, ակտիվ, երիտասարդ աղջիկներ և տղաներ էին։ Բայց էլի այստեղ. բա՜յց․․․ Ամեն աշխատանքային օրվա ավարտին մնում էին զվարճանալու։ Երեխաների հետ էին աշխատում, նյարդերը թուլացնել էր պետք, խմում էին ալկոհոլ, երաժշտություն միացնում և զվարճանում։ Եվ դա նորմալ էր երիտասարդ մեր տարիքում։ Եվ քանի որ կադրերի բաժնի աշխատակիցները հաճույքով միանում էին նրանց, իմ պատճառաբանությունները թե ալկոհոլ չեմ սիրում, չեմ օգտագործում, օրվա վերջ հոգնում եմ և շտապում եմ տուն՝ դիտվում էր որպես անջատում անձնակազմից և դատվում էր խիստ։ Ահա և այստեղ աշխատեցի մեկ ամիս և հեռացա։ Քույրս իհարկե դեմ էր իմ հեռացմանը երկու դեպքում էլ, ասում էր այդպես ես փորձ ձեռք կբերեմ, կտարբերեմ կարելին – անկարելիից, թացը - չորից, որ պետք է լեզու գտնել յուրաքանչյուր մարդու հետ։ Չնայած ես ինձ հանգիստ մարդ եմ համարում, չեմ սիրում բողոքել կամ ստեղծել լարված իրավիճակ, բայց քրոջս պես համբերատար չեմ կարծում ինձ։
Քույրս՝ Նարինեն աշխարհի ամենալավ քույրն է։ Նա գեղեցիկ է ու խելացի։ Ամուսինն՝ Արմենը նույնպես հիանալի մարդ է։ Նրանք ինձ գրկաբաց ընդունեցին, երբ ես դպրոցն ավարտելուց հետո, մորաքրոջս տանից տեղափոխվեցի իրենց մոտ մայրաքաղաք՝ սովորելու։ Ծնողներիս չեմ հիշում՝ փոքր եմ եղել, երբ կորցրել ենք նրանց, իսկ մորաքույրս իմ ու Նարինեի խնամքը վերցրել էր իր վրա մինչև մեր դպրոցն ավարտելը։ Ես նույնիսկ չեմ էլ կարող չափել, թե որքան եմ իրենց շնորհակալ ու պարտական։
Նոր զգացի հոգնածություն։ Երկար ժամանակ էր աշխատանք էի փնտրում, մերժում էին՝ պատճառաբանելով աշխատանքի փորձ չունենալս։ Նարինեն ու Արմենը չէին թողնում ինչ-որ բանի կարիք ունենամ, բայց ես ուզում էի աշխատել ու վաստակել ինքս։ Ուզում էի այնքան վաստակել, որ քրոջս ընտանիքին շնորհակալությունս կարողանամ նաև նյութապես հայտնել։ Մեծ հույս ու համոզմունք ունեմ՝ վաղվանից նոր կյանք է սկսվում ինձ համար։
Հաջորդ օրը ավելի հրաշալի էր, քան նախորդը։ Գարնան սկիզբն էր և դեռ սառն էր, բայց սիրտս ներսից ինձ ջերմացնում էր՝ ամառվա միջին ամսվա պես։ Սիրտս ուրախ էր ու լցված գարնանը բնորոշ գեղեցիկ ծաղիկների գույներով։ Այնքա՜ն ծրագրեր էի կազմել այս ամիսների ընթացքում և ամենը կախված էր աշխատանք գտնելուս հետ։ Բայց քանի քայլերս հեռանում էր տանից, այնքան սիրտս անհանգստությամբ էր լցվում՝ նոր մարդիկ, նոր միջավայր, նո՜ր, նո՛ր։ << Ոչի՛նչ Սոնա, ոչինչ, հիշի՛ր երեկ որքան լավ անցավ, ամեն ինչ լավ կլինի>>․- հանգստացնում էի ինքս ինձ։
Արդեն տեղում էի։ Շենքը մեծ էր և գեղեցիկ։ Տեսնես ո՞վ է այս գեղեցկության հեղինակ, հաստատ գովասանքի արժանի է։
Տասներկու հարկ է կարծես թե, այնպես է կառուցված, որ դրսից դժվար է հաշվելը։ Շենքի ներքևից մինչ մեջտեղը դեղին էր, այնուհետև մգանում էր և մոտ էր ավելի նարնջագույնին։ Վերևի մի քանի հարկը խիստ տարբերվում է՝ ավելի առաջ էր դուրս եկած քան ներքևի հարկերը, բայց այնքան համահունչ էր իրար, որ ժամանակդ չես ափսոսում՝ կանգ առնելու և գնահատելու այս գեղեցկությունը։
Դեռ նոր ոտքս ներս չդրած՝ արագ քայլելով ինձ մոտեցավ Աստղիկը՝ ով երեկ անցկացրեց իմ հարցազրույցը։
-Սոնա՞։
-Այո, բարի լույս,- ես զարմացած նայում էի նրա անհանգիստ հայացքին,- վերևում ձեզ են սպասում, խնդրեմ եկե՛ք ինձ հետ։
-Այո իհարկե։
Մենք արագ քայլերով գնում էինք մի լայն միջանցքով, որն ինչպես հասկացա տանում էր մեզ վերելակի կողմը։
-Ներեցեք, ի՞նչ-որ բան է պատահել, դուք շփոթված եք երևում,- հարցրեցի։
-Ոչ, ոչ, ո՛չ մի բան, ի՞ նչ պետք էր պատահեր, ուղղակի այսօր ուշացել եմ։
Վերելակով բարձրացանք երրորդ հարկ։ Այստեղ ինձ դիմավորեց մեկ այլ աղջիկ, ով սկզբից ինձ նայեց տարօրինակ զարմացած, թե՞ ուրախ- զարմացած, այդպես էլ չհասկացա․
-Համեցեք, բարի լույս Սոնա, ես Աննան եմ, տնօրենի օգնականը, ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ։
-Բարի լույս, ես նույնպես։
-Երևի նկատեցիր, այստեղ դիմում ենք միմյանց անունով, մեր տնօրենը հրաշալի մարդ է, և հորդորում է մեզ լինել միմյանց նկատմամբ բարեհամբույր, նրբանկատ և ունենալ ընկերական հարաբերություններ։ Այսպիսով անունով միմյանց դիմելը նույնպես նպաստում է դրան,- ժպտաց և հայացքով սպասում էր իմ պատասխանին։
-Այո, իհարկե,- նույնպես ժպտալով պատասխանեցի։
Աննան գեղեցիկ և շքեղ տեսք ուներ։ Նա խոսում էր հանգիստ և ինքնավստահ, իսկ ես մտքումս հարցեր էի հյուսում<< ինչպե՞ս է հասցնում այսքան գեղեցիկ տեսք պահպանել այս լարված աշխատանքի մեջ, տեսնես քանի՞ մասնագետ է աշխատում նրա արտաքին տեսքն այսքան գեղեցիկ ապահովվելու համար>>։
Նա ինձ կարճ ներկայացրեց ներկայիս բիզնես համալիրն։ Այս շենքն առաջինից մինչև երրորդ հարկն ունի մի քանի գործակալություն, որոնք զբաղվում են տարբեր բիզնես ծրագրերով։ Իմ աշխատանքն առայժմ հաշվապահի օգնական, հետո ժամանակը և իմ աշխատունակությունը ցույց կտա։
-Այստեղ ունենք երկու օրինակից պայմանագիր, ես խորհուրդ կտայի հիմա ստորագրել։
-Ի՞նչ պայմանագիր է։ Ես դեռ փորձաշրջան նոր պետք է անցնեմ, մի՞թե արդեն պայմանագիր։
-Սա պայմանագիր է, որով հաստատվում է, որ դու անցնում ես փորձաշրջան, և փորձաշրջանի ավարտից հետո, եթե մնաս մեզ մոտ աշխատելու, ուրեմն մենք պարտավորվում ենք քեզ հավելյալ վճարել այս օրերի համար նույնպես։ Եթե երկմտում ես, կարդա փաստաթուղթը մանրամասն, կամ մտածիր, հետո ստորագրիր կամ հրաժարվիր առհասարակ, քո կամքն է։
-Ո՛չ, դրա կարիքը չկա, ես նույնիսկ շնորհակալ եմ,- ուրախացա,- եկեք ստորագրենք։
Ստորագրեցինք։ Աննան վերցրեց փաստաթղթերը, նայեց ինձ ոտքից գլուխ զննող հայացքով.
-Հիմա գնանք իմ ետևից, ես քեզ կուղեկցեմ տնօրենի մոտ, իսկ մնացածը տեղում, լա՞վ։
-Լավ։
Ես հետևեցի Աննային։ Տարօրինակ բան փոխվեց նրա հայացքի մեջ։ Խոսում էր ինձ հետ, բայց հայացքը փախցնելով խուսափում էր իմ հայացքից։ Քայլում էր անհանգիստ՝ նայելով շուրջը, կարծես իրեն հետևում էին։ Սիրտս սկսեց անհանգստանալ՝ ինչու՞ էր ինձ այդպես զննում, գուցե՞ պատշաճ չեմ հագնվել։ Կամ Ինչու՞ ծանոթանալ տնօրենի հետ։ Այդ ո՞ր օրվանից են հասարակ իմ պես փորձաշրջան անցնող աշխատակցին ծանոթացնում այսչափ <<մեծ>> մարդու հետ։ Մինչ գնում էինք դեպի վերելակը, ես հիշեցի երեկվա իմ բացահայտումներն այս հաստատության մասին ու իմ ապագա տնօրենի մասին։ Հարցազրույց էին հրապարակել նրա հետ՝ հարուստ, հաջողակ, չամուսնացած, բարերար։ Ներկայացնում էին իբրև հրաշալի տնօրեն և որպես աննման անձնավորություն։ Եվ ամեն տեղ նրան ուղեկցում էր նրա օգնական՝ Աննան, միշտ շքեղ հագնված, միշտ զինված հարցերի խելացի և բովանդակալից պատասխաններով։
Վերելակով բարձրանում էինք, ինչպես հասկացա ամենաբարձր հարկն (իննը հարկից հետո թիվ չկար, միայն կլոր կանաչ կոճակ էր)։
Վերելակի դուռը բացվեց։ Աննան առաջ գնաց և առանց նայելու իմ կողմն՝ ասաց.
-Հետևի՛ր ինձ։
Վերելակից դուրս գալուց հետո կարծես ուրիշ շինություն մտնեինք։ Առաջին բանը, որ մտքովս անցավ՝ <<մենք նու՞յն շենքում ենք>>։ Ի տարբերություն առաջին և երրորդ հարկերի՝ այստեղ լայն միջանցք չէր բացվում։ Վերելակից ուղիղ, աջ և ձախ կողմերում մի շարքով երևում են աշխատասենյակներ։ Ի տարբերություն ներքևի հարկերի՝ այստեղ սենյակները թափանցիկ չեն։ Եվ երբ գլուխս շրջեցի աջ և ձախ, ոչ միանգամից, բայց մի քանի անգամ նայելուց հետո՝ հասկացա, որ այս բոլոր սենյակները շրջան էին կազմում վերելակի շուրջն՝ այսինքն այս տարածքն կլոր էր։ Ա՜յ քեզ զարմանալի բան։ Այսպիսի բան մտքովս էլ չէր անցնում, երբ որ հետևում էի փողոցի կողմից, ահա թե ինչու առաջին տպավորությունս այնպիսինն էր՝ իբրև ուրիշ շենքում եմ հայտնվել։ Մտանք մի սենյակ, մեծ և լուսավոր։ Սենյակի մեջտեղում դրված էր կլոր ապակուց սուրճի սեղան, իսկ այն շրջապատած էր բազմոցներով։ Աննան շրջվեց դեպի ինձ.
-Սպասի՛ր այստեղ։
Աջ կողմում երևում էր տնօրենի աշխատասենյակն՝ այստեղ արդեն ամբողջն ապակուց էր։ Աննան մտավ նրա մոտ։ Տեսնում էի տնօրենին նստած գրասեղանի մոտ։ Ես ճանաչեցի նրան հարցազրույցում տեսած լուսանկարից։ Աննան մոտեցավ նրան և հայտնում էր ինչ որ բան՝ չէր լսվում ոչինչ։ Հանկարծակի տնօրենը կանգնեց և միանգամից նայեց իմ կողմը։ Ես շփոթվեցի, սիրտս կարծես կանգ առավ նրա ուղիղ հայացքից։ Նա նայում էր ինձ ու պարզ չէր՝ զարմացա՞ծ է, թե՞ զայրացած, կամ կարծես երկուսը մեկում։ Չկարողացա մի քանի վարկյանից ավել նայել նրան՝ սիրտս ավելի վախով լցվեց։
Դուռը բացվեց։ Մտավ նա և Աննան։ Ես մի փոքր առաջ գնալով՝ բարևեցի։ Նա չպատասխանեց բարևիս։ Նստեց ինձանից ձախ՝ բազմոցին։ Աննան խախտեց այս անչափ անհարմար լռությունը.
-Սոնա, սիրելի՛ս փորձիր հասկանալ և ընդունել։ Սկզբում իհարկե դժվար կլինի, բայց այլ ելք չկա։
Ապշած նայում էի։ Տնօրենը շրջվեց Աննայի կողմը և հայացքով լռեցրեց։
Ահա թե ինպես են հայտնում վատ լուրն անբուժելի հիվանդության կամ հարազատի կորուստի մասին, իմ հետ ի՞նչ-որ բան այն չէ՞, բայց ինչու՞ հենց իրենք ինձ պետք է հայտնեն։
Տնօրենը վեր կացավ տեղից, մի քանի քայլ արեց սենյակում, ապա վերադարձավ նստեց իր տեղում և նայեց խիստ ինձ վրա.
-Դու մինչ այստեղ բարձրանալը երկու պայմանագիր ես ստորացրել։
-Այո և շնորհակալ եմ ձեզ ինձ հնարավորություն տալու համար։
-Դու լսե՞լ ես ամուսնական պայմանագրերի մասին, այսինքն հաշվարկով՝ այսպես ասած կեղծ ամուսնությունների մասին։
-Լսել եմ։
-Դա երկշահավետ գործարք է։
-Պարզ է։
-Քո ստորագրած փաստաթղթերից մեկը ամուսնական պայմանագիր էր, մյուսը՝ գումարի փոխանցման և պարտավորության պայմանագիր,- ասաց Աննան։
-Ներեցեք, Ի՞նչ պայմանագիր։
Ինձ թվաց ես սխալ լսեցի, բայց նրանց լուրջ և ինքնավստահ հայացքից՝ սկսեցի լարվել ավելի։
-Ինչպե՞ս թե, դուք կատակու՞մ եք,- ես ժպտացի, սա երևի հարուստների կատակ անելու ձևերից է։
-Մի՞թե դու այնքան միամիտ ես, որ չես տարբերում կատակն ու լուրջը,- ձայնը բարձրացնելով՝ ասաց տնօրենը։
Ես կորցրեցի խոսելու և նույնիսկ մտածելու կարողությունս։
-Դու հիշու՞մ ես ինչ թղթեր ես ստորագրել, դու կարդացե՞լ ես մինչ ստորագրելը,- շարունակեց նա, ապա շրջվեց Աննայի կողմը,- ես մտածում էի կկարդա։ Որքան կյանք է նրան անհրաժեշտ, որ նույն սխալները չանի։
-Ի՞նչ եք ասում, ես ոչինչ չեմ հասկանում։
-Դու վերցրու կարդա ու գուցե կարողանաս հասկանալ, եթե իհարկե ընդունակ ես։
-Դուք ձեր սահմաններն անցնու՛մ եք, իրավունք չունե՛ք ինձ վիրավորելու։
-Դու դեռ չգիտես ինչ է նշանակում անցնել սահմաններն։ Այս պայմանագրերն ինձ իրավունք է տալիս անցնելու շատ չափեր ու վարվելու ոնց հարմար գտնեմ։
Միտքս կարծես սառչում էր, ես չէի հավատում, որ այս ամենն իմ հետ է կատարվում։ Սա ինչ որ թյուրիմացություն է։
-Դու ստորագրել ես մի փաստաթուղթ, որով ես քեզ այնքան գումար եմ տրամադրել, որի մասին չէիր էլ կարող երազել, փոխարենը դու պարտք ես ինձ, իսկ մյուս փաստաթուղթն՝ ամուսնական պայմանագիր է։
-Դուք խե՞նթ եք։ Իմ ինչի՞ն է պետք ձեր փողերը, ես չեմ խնդրել ձեզանից ոչինչ, կամ ի՞նչ ամուսնություն։ Ես այստեղ ուրիշ հարցով եմ եկել։
-Փորձիր ընդունել այս ամենը,- պատասխանեց Աննան,- համոզված եմ՝ դու կարող ես։
-Լա՛վ, ես հասկացա, դուք մնացել եք ազատ և որոշել եք զվարճանալ նոր աշխատողի նյարդերի հաշվին, սա ձեր զվարճանքներից մեկն է,- վեր կացա և ուղղվեցի դեպի դռան կողմը։
-Նստի՛ր, - հրամայեց տնօրենը,- դու չես կարող դուրս գալ այստեցից։
Ես չլսելու տվեցի։ Նա իմ հետևից հասավ, բռնեց ձեռքս։
Աննան փորձում էր հեռու տանել նրան ինձանից։
-Դուք ինձ իրավունք չունե՛ք բռնի այստեղ պահելու։
Հանկարծ ինձ ուժով տարավ դեպի սենյակի կենտրոնը և ուժով ուսիս սեղմելով՝ փորձում էր նստեցնել բազմոցին։
-Դու կմնա՛ս այստեղ, դու կանե՛ս այն ամենն, ինչ ես քեզ կասեմ, ես հաշվի չեմ առնի, թե ով ես դու և ինչքան գումար եմ փոխանցել։ Եթե դու քո ստորագրած պարտավորությունները չկատարես, այստեղից երբեք դուրս չես գա։
Չէի կարողանում հավատալ, որ այս ամենն ինձ հետ էր կատարվում։ Ես երևի սարսափ երազ եմ տեսնում, հիմա կարթնանամ։ Բայց ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել նրա ամուր ձեռքերից։ Զգացի, որ պայքարել ոտքի վրա կանգնելու համար, էլ ուժերս չի բավարարում, ստիպված նստեցի։ Ապա պարանոցիս ուժգին ցավ զգացի, դա երևի նրա ամուր ձեռքի սեղմելուց առաջացավ, ու ցավն ավելի էր ուժեղանում։ Ես ուզում էի բղավեմ, բայց չէի կարողանում, դժվարանում էի նունիսկ շնչել, լսել՝ նույնպես։ Քիչ առաջ Աննայի բղավոցն էլ չէի լսում։ Թվում էր՝ հիմա կլռի ամբողջ աշխարհն։ Աստիճանաբար նրա ձերքերը քաշվում էին ինձանից ու նրա ահարկու պատկերը՝ նունպես։ Ահա Աննան այս ու այն կողմ էր վազում։ Մի քանի տղամարդիկ խառնված էին իրար, իսկ մեկն էլ բռնել է նրա թևերը, թափահարում էր այն հրեշին։ Ես տեսնում էի այս ամենը, բայց դեռ չէի լսում և օգնություն կանչել նույնպես չէի կարողանում։ Այլևս աչքերս բաց չէի կարողանում պահել, միայն դեմքիս հպումից մի փոքր կարողացա բացել և տեսա մի տղամարդու, ով թափահարում էր տնօրենին։ Հետո նույն մարդը ինձ որոշ բաներ էր ասում, դեմքս էր շոյում, փորձում էր գրկել և նստացնել ինձ։ Ո՞վ է այս մարդը, փորձու՞մ է ինձ օգնել։
Եվ ամեն բան փակվեց աչքերիս առաջ և գիտակցությունս շուտով նահանջեց...
Глава 2
Երբ աչքերս բացեցի, միանգամից հիշեցի ինձ հետ կատարվածը․ դող անցավ ամբողջ մարմնովս, հետո <<երազ էր>>․- ասեցի։ Բայց ո՜չ։ Ես մի անծանոթ սենյակում էի։ Նստեցի. մահճակալի մեջ էի։ Նայեցի շուրջս։ Մահճակալի ձախ կողմում բացմոցի վրա նստած քնած էր Աննան։ Վեր թռավ տեղից, երբ ձայն տվեցի.
-Ինչպե՞ս ես, ինչ որ տեղդ ցավու՞մ է,- անմիջապես հարցրեց։
Վեր կացա տեղիցս, կարգի բերեցի ինձ, լավ է հագուստս վրաս էր, թէ չէ կսարսափեի։ Պարանոցս ցավում էր, գլուխս՝ նունպես։
Ես շտապեցի դուրս գալ սենյակից, չպատասխանելով Աննայի հարցերին։
-Դու այստեղից չե՛ս կարող դուրս գալ, փախչել չես կարող։
-Փախչե՞լ,- վրթոհվեցի ես,- Ինչի՞ց, ու՞մից կամ ինչի՞ համար,- կանգ առա,- ասա՛ ինձ, ինքը հոգեկան խնդիրներ ունի՞ կամ ի՞նչ ներկայացում էր դա։ Թե՞ դուք հարուստ եք ու ամեն ինչ ձեզ կարող եք թույլ տալ։
Չսպասելով պատասխաններին՝ դուրս եկա միջանցք։ Աննան կանչում եր իմ ետևից ու ինչ-որ բաներ էր ասում, որը ես չէի լսում։
Կանգնեցի՝ ուզում էի գուշակել ճիշտ ելքը։ Շրջվեցի դեպի Աննան.
-Պայուսակս, հեռախոսս իհարկե չեք տա։
-Ո՛չ հիմա,- ասաց։
Գնացի աջ։ Հետաքրքիր էր. Աննան չէր էլ փորձում ինձ կանգնեցնել։ Ես իր աչքերում տեսնում էի ափսոսանք, բայց նաև վստահություն, որ իմ ջանքերն իզուր են և հաջողություն չեն ունենա։
Բայց ես այսպես հեշտ չեմ հանձնվի, իրենք ինձ գերի չեն վերցնի։
Աջ կողմում դուռ տեսա, բայց սա էլ երևի հերթական սենյակներից էր։ Մի քիչ էլ գնացի դեպի ձախ երևաց մի դուռ, որը տարբերվում էր մնացածից։ Մոտեցա որ բացեմ. չհասցրեցի՝ դուռը բացվեց և քիչ մնաց հարվածի ինձ։ Ես ետ քաշվեցի. մի տղամարդ էր՝ կարծես թե ծանոթ, ինչ որ տեղ տեսել եմ այս մարդուն։
-Երեք ժամ քնելուց հետո պետք է որ արդեն լավ լինեք,- ասաց այս ծանոթ - անծանոթը՝ հանգիստ՝ նայելով ինձ ոտքից գլուխ,և այնպիսի հայացքով, կարծես թե ճանաչում էր ինձ.
-Հետևե՛ք ինձ խնդրեմ։
-Ու՞ր, ցույց տվեք ինձ ելքն այստեղից։
-Լսե՛ք, դա աստիճաններն են, այո՛ դուք ճիշտ ուղղությամբ էիք գնում, բայց այս երկաթե դռան գաղտնաբառն այստեղ ընդամենը մի քանի հոգի ունի, որոնց թվում իհարկե դուք չկաք, և ընդանրապես այստեղ ամեն սենյակը մուտքագրով է, մուտքն ու ելքը սահմանափակ են, նունիսկ վերելակն։ Առանց իմ իմացության, Աննայի ու պարոն Առաքելյանի, այստեղ ոչինչ չի կարող շարժվել։
Ես ակամայից քմծիծաղ տվեցի. չկարողացա զսպել ինձ և անկեղծ ասած՝ չէի էլ ուզում զսպել։ Ես փոքրուց էլ անկոտրում եմ եղել, ու հիմա ի՞նչ, պետք է ենթարկվեի չգիտեմ ում ու չգիտեմ ինչի՞ համար։
Ինձ արդեն հետաքրքիր էր դառնում այս խաղն, ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ էր իրականում այստեղ կատարվում։ Ես սիրել եմ արկածներ և հանելուկներ, ներսիս չարաճճի երեխան կարծես գլուխ էր բարձրացնում։
-Ի՞նչ եք ասում պարոն, առանց ձեր իմացության ելք ու մուտք չկա՞։ Ես պետքարան եմ ուզում, կուղեկցեք ինձ, թե չէ ոչ տեղը գիտեմ, ոչ էլ դռան գաղտնաբառն ունեմ,- ժպտացի ես՝ ինձանից գոհ։
Նա նայեց ինձ սկզբում զարմացած, հետո քթի տակ ժպտաց.
-Աննան կուղեկցի,- շրջվեց, որ գնա։
-Սպասեք պարոն, -կանչեցի ես,- այսպես չի լինի։
Երկուսն էլ զարմացած նայեցին։
-Ասում եմ այսպես չի լինի, զանգե՛ք Առաքելյանին, նրա թույտվությունն էլ վերցրեք։ Եվ առիթ է՝ ինձանից էլ ներողություն կխնդրի։
Աննան աչքերը պարզեց։ Իսկ ահա այս պարոնը ժպտաց, գլուխը շարժեց, ապա.
-Հումորի զգացումը չկորցնելն, իհարկե շատ լավ է, բայց պետքարան կարծում եմ իրոք ուզում եք, այսքան ժամանակ է այստեղ եք,- նույն խորամանկ ժպիտով պատասխանեց,- Աննա՛, ես ձեզ կսպասեմ<<Հինգում>>։
Նա հեռացավ, իսկ ես հետևեցի Աննային։
Այսքան անհամբեր ինձ դեռ չեմ հիշում, ես շտապում էի այն մարդու մոտ։ Արդեն հասցրել էի մի քանի հարց տալ Աննային, բայց նա միայն կրկնում էր, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում, որ ինքը ցավում է այս ամենի համար, բայց Առաքելյանի օգնականն է և լավ ընկերը և ամեն բան կանի ի օգուտ իր ընկերոջ։
Մտանք այպես կոչված <<Հինգ>> ։ Սա հերթական սենյակներից էր նույն հարկում։ Ավելի լուսավոր էր ու ավելի մեծ։ Ինձ այս սենյակը դուր եկավ միանգամից. սա երևի այս տարօրինակ մարդկանց հանգստի անկյունն էր։ Ձախ կողմում խոհանոցն էր, կոկիկ ու գեղեցիկ կահավորված, իսկ աջ կողմում սեղան, բազմոց երեք հատ տարբեր չափերի, մեծ հայելի պատին ամրացված, իսկ առջևում մեծ պատուհաններ։ Այս սենյակն այնքան ջերմ ու հարմարավետ թվաց, որ ակամայից ապահովվության ու հանգստության զգացումով էի լցվում։
Այն մարդն, ում հետ քիչ առաջ փոքրիկ զրույց ունեցանք՝ նստած էր բազմոցներից մեկի վրա և ձեռքին ինչ որ թղթեր էին։ Մոտենալով նրան՝ հիշողությանս մեջ պարզվում էր նրա դեմքը՝ նա այն մարդն էր, ով հասավ օգնության՝ ազատելով ինձ այն հրեշի ձեռքից։
Մեզ տեսնելով՝ տեղից վեր կացավ.
-Ես կփորձեմ որոշ հարցեր պարզաբանել, նստե՞նք։
-Ես ուզում եմ հասկանալ, թե իրականում ինչու՞ եմ այստեղ և ե՞րբ է բացատրություն տալու և ներողություն խնդրելու ձեր տնօրենն։
-Ամեն բան ասել՝ անհնար է։ Դուք մեզ օտար եք, օտարներին կպատմե՞ք ամեն բան։ Բայց ..․
-Բայց օտար լինելը չի խանգարում գերի վերցնել և ստել՝ ամուսնական պայմանագիր ստորագրել տալով․- ասեցի քմծիծաղով։
-Բացի օտար լինելուց նաև անհամբեր, համառ․- ժպտաց՝ նորից այն խորամանկ ժպիտով։
-Թո՛ղ ես այդպիսին լինեմ, իսկ դու՞ք ով եք այս թատրոնում։
-Ես ուղղակի անվտանգության ղեկավարն եմ։ Բայց այս թատրոնի գլխավոր դերերից մեկը - ձերն է։ Պիտի խաղաք օրինակելի կնոջ կերպար։ Բայց արդեն դժվարանում եմ հավատալ ձեր այս բնավորությամբ։
Ես հազիվ էի զսպում բարկությունս։
-Այսպես, շարունակե՛նք։ Երբ դուք երեկ եկաք աշխատանքի համար, ձեր գնալուց հետո, ձեր տվյալները քննելով՝ որոշվեց հենց ձեզ ընտրել։ Դուք լրիվ համապատասխանում եք մեր պայմաններին։ Եվ իհարկե չէինք ուզենա դիմել այսպիսի ծայրահեղ միջոցների, բայց սա պահանջվում էր։
-Փաստորեն ես ինչ-որ պահանջների համապատասխանում եմ, վա՛տ չէ։ Ձեր այս խոսքերն ինչ-ո՞ր բան պետք է փոխեն, դուք այդպե՞ս եք կարծում։
-Կարծու՛մ եմ,- խիստ հայացքով ու խիստ ձայնով ասաց,- գումարն արդեն փոխանցվել է ձեր քրոջ հաշվին, և մի կլորիկ գումար էլ ձեր բանկային քարտին։ Մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին։ Գիտենք ձեր քրոջ ընտանքի հիպոտեկի մասին և դրա մարելը մեր փոքրիկ ապահովագրությունն է։
-Փաստորեն ես ձեզ օտար չեմ,- ասեցի ինձանից գոհ,- եթե դուք ամեն բան գիտեք իմ մասին, բա էլ ի՞նչ օտար։ Հիմա ամենը կարող եք բացատրել, ապա՛, ապա՛։
-Դուք նաև շատ համառ եք։
-Դուք ինչու՞ եք մտահոգվում, համա՞ռ եմ ,թե՞ անհամբեր, թե՞ կոպիտ, հո դու՞ք չեք ամուսնանում իմ հետ, թող ձեր պարոն Առաքելյանը մտածի։
Աննան վեր կացավ տեղից ու նայելով այս ՝ ասեց.
-Չէ՜, այսպես չի լինի, պիտի թողեիր խեղդեր, էսքան հիմա մեծ - մեծ չէր խոսա, ապա շրջվեց իմ կողմը,- մի դժգոհիր, լա՞վ։ Այո՛, մենք քո կարծիքը հաշվի չենք առել, ստել ենք, Արամը սխալ վարվեց, բայց Խորենը ժամանակին հասավ չէ՞, կարելի է ասել՝ փրկեց քեզ։ Նա ընթհանրապես քաղաքում չէր, երբ քո մասին տեղեկություններ էինք հավաքում։ Նա վերջապես արձակուրդ էր գնացել, հազիվ որոշել էր հանգստանալ, բայց դու խափանել ես նորից, նորից ամեն բան, ընդ որում նրա հանգիստը, դու էլի ամեն ինչ փչացնում ես,նա ստիպված էր շտապ վերադառնար։ Իրեն մի մեղադրիր, ամբողջը ես եմ կազմակերպել։ Ի՛նձ մեղադրիր։
-Աննա՛,պետք չէ, զսպի՛ր քեզ,- խիստ ասաց Աննային այս տղամարդը։
-Մենք մարել ենք քո քրոջ տան ամբողջ հիպոտեկը, հիմա քեզ հնարավորություն է տրվել ամուսնանալ հարուստ և գեղեցիկ մի երիտասարդ տղամարդու հետ, ապրել շքեղ կյանքով և ըստ ցանկության։ Ինչ որ ուզես՝ կտրվի քեզ, ինչու՞ ես այսպես ըմբոստանում։
Հիշեցի,որ այս ընթացքում նա փորձում էր ինձ օգնել։ Ես չեմ բարկանում, այլ նույնիսկ շնորհակալ եմ նրան, նա ավելի շատ բան ասեց թեկուզ բարկացած, քան այս տղամարդը հանգիստ տոնով։
-Աննա՛,- մոտենալով՝ Աննային ինչ-որ բան ասաց ցածրաձայն և Աննան դուրս եկավ։
☆☆☆☆☆
Ես կանգնել էի լուսամուտի մոտ. Սրանք հսկայական էին և արևի լույսն ամբողջությամբ տարածվում էր սենյակով մեկ։ Իմ համար անսովոր, բայց շատ հաճելի էր։ Ես նայում էի փողոցն անցնող մարդկանց, նայում էի երկնքին. Ի՜նչ հանգստություն, թվում էր՝ անվերջ կարող եմ նայել։ Եթե չհաշվենք վերջին ժամերի իրադարձություններն, ապա կարելի էր նստել հարմարավետ բազմոցին, սուրճ և բլիթներ վայելել։ Բայց ես մտածում էի Աննայի մասին։ Թեև նա էր կազմակերպել այս անհեթեթությունը, բայց երևի նա իսկապես իր պատճառներն ուներ։ Թէ՛ Աննան, թէ՛ իրենց աշխատակիցն արդարացնում ու պաշտպանում էին իրենց տնօրենին ու ընկերոջը, ես զգում էի, որ երկուսին էլ դուր չեր գալիս այս իրավիճակը, բայց ինչու՞ են շարունակում և ինչու՞ հենց ես եմ այստեղ՝ դա դեռ հարց էր։ Որոշեցի հասկանալ ու պարզել ամեն բան, իմ հոգու արկածախնդիր ու չարաճճի կողմը սկսում էր հավանել այս իրավիճակն։ Այսպիսի արկածախնդրություն վերջին անգամ պատանեկան տարիներիցս եմ հիշում, երբ գնում էինք գյուղ ամառային արձակուրդների ընթացքում, և սիրելի իմ քեռակինն արգելում էր հեռու տանից կամ հողամասից խաղալը, մասնավորապես դեպի սարի լանջը գնալը, քանի որ այնտեղ ահռելի բարձր քարեր կային և մտահոգվում էր, որ քրոջս հետ կընկնէինք՝ ջարդելով ոտք կամ ձեռք։ Քեռակինս անչափ բարի կին է, հոգում էր մեր մասին ամբողջ ժամանակ, ամեն բան մեզ թույլատրում էր, բացի սարի լանջ գնալն, իսկ մենք՝ արկածախնդիր և փոքր ինչ չարաճճի պատանիներ, գաղտնի գնում էինք՝ պարզելու թե էլ ի՞նչ կա այնտեղ, էլ ինչ են մեզանից թաքցնում, թռնում էինք բարձր քարերի վրայից՝ համոզվելով, որ վտանգավոր ոչինչ չկա։ Այդ ժամանակները վաղուց անցել էին և ես սովորել էի ապրել մեծերի պես զգույշ, բայց վերջին ամիսներին հոգիս թռվռալ էր ուզում։ Նորություն էի ուզում իմ կյանքում, հեղաշրջում, հոգնել էի նույնությունից։ Պակաս բան էի զգում սրտիս խորքում։

