
Полная версия:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
–Իսկ բժիշկն ի՞նչ է ասում,-հարցնում է Հարութը, նայելով Թևիկի այտերի կարմրությանը։
–Ի՞նչ պետք է ասի բժիշկը… Ասում է՝ մոռացիր քննության մասին։
–Ինչու՞,-Հարութն ուզում է հարցուփորձով պարզել, թե կոնկրետ ի՞նչ է ասել բժիշկը։
–Չգիտեմ։
–Եվ դու որոշել ես մոռանա՞լ։
''Վերջ, կպել է ու պոկ չի գալու,-դժգոհ մտածում է Թևիկը։-Մեկ ուրիշին ուղարկեին՝ իսկույն կհասկանար, իմ վիճակի մեջ կմտներ, իսկ սա… հազար հարց է տալու''։
–Ես չեմ որոշել, այլ բժիշկը։
–Իսկ դու՞։
–Ե՞ս։
–Այո, դու։ Դու՞ ինչ ես որոշել։
–Ես ի՞նչ պիտի որոշեմ։ Բժիշկն է որոշողը։
–Դու ես որոշողը, այլ ոչ թե բժիշկը,-խստորեն ասում է Հարութը։
–Դե, ես ի՞նչ…
–Ինչպե՞ս թե՝ ինչ։ Հարկավոր է հանձնել քննությունը։
–Դե, ես ի՞նչ եմ ասում որ,-կմկմում է Թևիկը, մտքում կշտամբելով նրան. ''Ասացի չէ՝ կպավ, պոկ չի գալու''։
–Սկսու՞մ ենք։
–Սկսում ենք,– դժկամորեն արձագանքում է Թևիկը և իր համար ևս անսպասելի, ասում է.-հիմա կսկսենք։
''Հետաքրքիր է,-զարմանում է Անուշը, իսկ առավոտվանից նվնվում էր. ''ցավում է, մեռնում եմ…''։ Նա հեռվից գողունի հետաքրքրասիրությամբ նայում է Հարութին. նրա խստավուն դիմագծերը Թևիկի խոսքերից հետո մեղմանում են։
–Դե, ուրեմն, չարժե ժամանակ կորցնել,-ասում է Հարութը, ձեռքն առնելով կոնսպեկտները։ ''Չէ, հարկավոր է դուրս գալ, մտածում է Անուշը։-Հետո ուշ կլինի, և այնքան էլ գեղեցիկ չի ստացվի''։ Բայց դարձյալ չի ելնում նստած տեղից. ինչ-որ անբացատրելի և բոլորովին ոչ իրեն յուրահատուկ երկչոտություն ստիպում է նրան մնալ իր տեղում։
–Տեղաշորս ուղղենք՝ սկսում ենք։
Հարութը մոտենում է խոհանոցի դռանը։
–Սաթենիկ մորաքույր, տեղաշորը մի քիչ ուղղել է պետք։
Մայրն արագ ելնում է խոհանոցից։
–Մամա, թափ տուր բարձս և մեկն էլ բեր։ Սկսում ենք պարապել։
Մայրը զարմացական մի հայացք է ձգում Հարութին, որի դեմքին բարեհաճ ժպիտ է տարածվում։ ''Ասես ներսից լույս ճառագեց'',-մտածում է Անուշը։
–Այո,– ի պատասխան Սաթենիկ մորաքրոջ զարմացական հայացքին, ասում է Հարութը։-Թևիկի արարքն այսօր պետք է համարել հերոսական։
–Դու էլ այնպիսի բան կասես,– քիչ շփոթված ասում է Թևիկը, այնուամենայնիվ գոհ ընկերոջ տված գնահատականից։ Նա ինքն էլ ուրախ է իր կայացրած վճռից՝ պատրաստվել քննության, ինչ էլ որ լինի, և ինչ-որ տեղ համաձայն է այն մտքին, որ իր քայլն իրոք իսկական տղամարդու քայլ է։
Մայրը մի անգամ ևս նայում է որդուն և նրա հոգում երկու տարբեր զգացում են խլրտում՝ հպարտություն որդու հանդեպ և տագնապ՝ նրա առողջության համար։ Նա գնում է մյուս սենյակ՝ բարձը բերելու։
Անուշն արագ գլուխը խոնարհում է սեղանին՝ գործնականորեն նոր ամսաթիվ դնելով ընկերուհուն ուղարկվող նամակի տակ։
–Դու դեռ չե՞ս ավարտել նամակդ։
''Աստված իմ, ախր, նա ինչու՞ է այդպես ճչում…Միթե՞ չի կարող քիչ կամաց…''։
–Ոչ, ես…ես արդեն վերջացրի, մամա։
Նա ելնում է տեղից և դատապարտվածի պես գնում է կրնկի վրա բացված դռան կողմը։
Հարութը շրջվում է Անուշի ձայնի վրա և բարձրանում նրան ընդառաջ։
–Բարև, Անուշիկ,-ասում է նա մեկնելով ձեռքը, և Անուշը միանգամայն պարզ հասկանում է, որ Հարութն իրեն տեսել է այստեղ գալու հենց առաջին վայրկյանից։
–Բարև, Հարութ… Կներես…Ես…ես զբաղված էի… Նամակ էի գրում ընկերուհուս։ Նստիր, ինչու՞ ես կանգնել։
–Վերջացե՞լ են ձեր քննությունները,-հարցնում է Հարութը և, մի կերպ սքողելով շփոթմունքը, նստում է իր տեղը։
–Էհ, բախտավոր մարդիկ են,-խոսակցությանը խառնվելով, երանությամբ ասում է Թևիկը։ -Իսկ մենք ամբողջ երկու օր պիտի տքնենք։ -Նա կիսապառկած է անկողնում՝ վիրակապերով փաթաթված ծանր ոտքը առաջ մեկնած, մեջքով թիկնած փափուկ բարձերին։
–Ասես Իրանի շահնշահ Փեհլևին լինի,– ծիծաղում է Հարութը, գրպանից հանելով ծխախոտատուփը։ – Ծխու՞մ ես։
–Ոչ։
–Ոնց կուզես։ Միայն, նայիր, հետո չեմ թողնելու։-Նա կոնսպեկտները քաշում է դեպի իրեն և, շրջվելով Անուշի կողմը, անչափ մեղմ ձայնով ասում է.-Իսկ հիմա, Անուշիկ, դու արդեն մեզ խանգարում ես,– և, ասածին ավելի մեղմացուցիչ տոն տալու համար, ավելացնում է,-մենք շատ քիչ ժամանակ ունենք։
Սակայն Անուշը չի էլ վիրավորվում, նա ըմբռնումով գլխով է անում և, արդեն սենյակից դուրս գալիս, իր ետևում լսում է Հարութի ձայնը.
–Այսպես, ուրեմն։ Թեման կոնսպեկտով կարդում եմ մինչև վերջ։ Ինչ կարդացի՝ պատմելու ես։ Հոգնեցիր՝ ասում ես, բայց ավելի լավ կլինի, որ առհասարակ մոռանաս ոտքիդ մասին։
Թևիկը հառաչում է.
–Լավ, լավ… Մի տես ի՜նչ գործնական է դառել։
Վարպետորեն թաքցնելով քմծիծաղը, Հարութը գլուխը խոնարհում է հաստափոր տետրին. նա շատ լավ գիտի, որ եթե նրա հոգու վրա չկանգնես՝ չի պարապելու։
Անուշն իր ետևից ամուր փակում է դուռը։ Հետո մոտենում է գրքերի պահարանին, ծրար է որոնում, որպեսզի նամակն ուղարկի, սակայն չի գտնում։ Այնուհետև վերցնում է Դովլաթովի պատմվածքների ժողովածուն, որ ընկերուհիներից մեկն է վերջերս տվել իրեն կարդալու, և սկսում է կարդալ նրա պատմվածքներից մեկը։ Սերգեյ Դովլաթովի մասին Անուշը եղբորից է լսել, կարդում է անսահման հաճույքով և զարմանում է, որ այդպիսի տաղանդավոր գրողի ստեղծագործությունները արգելված են եղել Սովետական Միությունում։
Մյուս սենյակից հազիվ լսելի, սակայն անդադար հնչում է նույն ձայնը: Հարութի ձայնն է. նա է կարդում։
Դուռը դանդաղորեն բացվում, անաղմուկ ներս է մտնում մայրը։
–Թևիկ ջան, ո՞նց ես, մաման մատաղ, չե՞ս հոգնել։
–Ոչ, մամա,-խոր հոգոցով պատասխանում է Թևիկը։-Մենք ընդմիջումներով ենք պարապում։
Ձայներ լսելով՝ Անուշը դուրս է գալիս իր սենյակից։ Նստելով եղբոր ոտքերի մոտ, մահճակալին, նայում է Հարութին, բայց, հանդիպելով նրա հայացքին, շփոթված ասում է.
–Մեր Թևիկը կեցցես, չէ՞։
Հարութը ժպտում է.
–Բա, ասացի, չէ՞, հերոսական արարք է նրա արարքը։
Սակայն Թևիկի վրա ոչ մի գովեստ չի ազդում այլևս. նա հոգնել է։ Նրա դժգոհ տեսքը զգաստացնում է Հարութին։ Ժպիտը չքանում է նրա դեմքից։ Ընդհանուր տետրից առանձնացնելով շուրջ երեսուն էջ, Հարութը ցույց է տալիս Թևիկին, միաժամանակ գրպանից հանելով անվանական ժամացույցը, որի մասին Թևիկն ասել էր քրոջը։
–Չորսին հինգ է պակաս։ Հինգ րոպե ընդմիջում՝ առաջ ենք անցնում։
Թևիկը չի առարկում՝ անօգուտ է։ Երկուսից հինգ րոպե՝ Հարութի սահմանած կարգն է՝ ոչ մի ավել վայրկյան։ ''Չէ, սա հաստատ հոգիս հանելու է'',-կնճռոտվում է Թևիկը։
–Թևիկ, ուզու՞մ ես քիչ մասաժ անեմ ոտդ,-ասում է մայրը, կարեկցությամբ նայելով որդուն։
Թևիկը սրտանց կուզենար, իհարկե, ասել՝ ''հա, մամա'', բայց հայացքով որսալով Հարութի ակնոցի սառը փայլը, ոչինչ չի ասում։ Այդ փայլի ետևում չեն երևում Հարութի աչքերը, բայց Թևիկը զգում է. դրանք համարյա ուղղված են իր քթարմատին, և նա այդ աչքերում ասես կարդում է. ''Դե, ասենք թե մի քիչ թեթևացավ ոտքիդ ցավը, դրանից որևէ բա՞ն է փոխվելու, ժամանակ ենք կորցնելու միայն, և ուրիշ ոչինչ''։
–Չէ, մամա, պետք չի, ես ինձ լավ եմ զգում։ ''Քննությունը վերջանա, կգնամ վիրահատության,-մտածում է նա։-Այդ անիծյալ բեկորից է այս ամբողջ ջերմությունն ու տառապանքը''։
–Սաթենիկ մորաքույր, դուք նրան բոլորովին քնքշակյաց եք դարձրել, -դարձյալ ժպտում է Հարութը։-Այդպիսի վերաբերմունքից հետո նա կարող է երևակայել, թե իրոք լուրջ հիվանդ է, այնինչ ինքնաներշնչում է, ուրիշ ոչինչ։
–Ախր, Հարութիկ ջան, երեսի գույնից տեսնում եմ, չէ՞…-և հանկարծ ինչ-որ հիշելով ասում է.-կաց մի հատ չափենք ջերմությունը։
–Նա ոչ մի ջերմություն էլ չունի, Սաթենիկ մորաքույր։ Մի՞թե ես չեմ տեսնում,-նա թեքվում, ձեռքը դնում է ընկերոջ ճակատին։-Ասում եմ, չէ՞, ոչ մի ջերմություն։ Թևիկ, ինքդ ասա, ու՞ր է այստեղ ջերմությունը,-նա կիսաշրջվում, դառնում է Անուշին,-Անուշիկ, նայիր, ես ճի՞շտ եմ ասում, թե չէ. ոչ մի ջերմություն էլ չկա։
–Հա, ոնց որ թե չկա, -մրմնջում է Թևիկը։
Անուշը նայելով եղբորը, ծիծաղում է աղջկական իր քաղցրաձայն ծիծաղով։ Բայց մայրը ոչ ոքի չի լսում, նա սառը ջերմաչափը զգուշորեն դնում է որդու թևատակին։
Ուղիղ ժամը չորսին Հարութը վերցնում է տետրը։
–Սկսու՞մ ենք։
–Սպասիր,– զայրալից ասում է Թևիկը։-Աստված, սա ի՞նչ մարդ է, չեմ հասկանում,– մռայլորեն ավելացնում է նա, թևատակից հանելով ջերմաչափը։ Սակայն նա չի հասցնում նայել թվերին, որովհետև մինչ նա անշտապ դանդաղկոտությամբ կհաներ ջերմաչափը, մինչև դանդաղաշարժ կմոտեցներ աչքերին, մինչև դանդաղորեն կնայեր, Հարութը նրա ձեռքից արագ վերցնում է ջերմաչափը ու մոտենում լուսամուտին։
–Դե, իհարկե, չկա։ Հավատացեք, երբ ասում են, 37 ու 3, -և ձեռքի եռանդուն շարժումով թափ է տալիս ջերմաչափը։– 37 ու 3-ն էլ ջերմություն է, բայց պարապել, համենայն դեպս, կարելի է։
Մայրը թեթևահավատությամբ նայում է Հարութին, այնուհետև կոշտացած ձեռքը դնում է Թևիկի ճակատին և , շուրթերը սեղմած, օրորում է գլուխը։ Հարութը գրպանից դուրս է բերում թաշկինակը և, հանելով ակնոցը, սրբում է քրտնած ապակիները։ Անուշն առաջին անգամ է տեսնում Հարութին առանց ակնոցի և մնում է ապշած. նրա առջև բոլորովին ուրիշ մարդ է կանգնած։ Ասես ակնոցի հետ միաժամանակ Հարութը հանել էր մինչև այդ անտեսանելի դիմակը, որը նրա դեմքին գերգործնական արտահայտություն էր տալիս։ Նա այնպիսի անօգնական, սրտառուչ-մոլոր տեսքով էր կկոցել իր կարճատես աչքերը, որ Անուշը մի պահ խղճաց նրան և սրտի անդիմադրելի մղումով ցանկացավ մոտենալ Հարութին ու քնքշանքով փաղաքշել նրան։
Հարութը դնում է ակնոցը և սպասում այնքան, մինչև Անուշն ու մայրը դուրս կգան։ Անոշը ելնում է տեղից և գնում իր սենյակը։ Կանգ առնելով սենյակի մեջ տեղը, նա ձեռքերը տանում է այտերին. այտերը այրվում են։
Մորը ևս ոչինչ չի մնում անելու, քան ենթարկվել. նա տեսնում է, որ, միևնույն է, պարապմունքը պետք է շարունակել, անցնում է միջանցք և, բացելով ննջասենյակի դուռը, ասում է Անուշին. ''Անուշիկ, ես հարևանի մոտ եմ, խնդրել էր, որ անցնեմ, ոչ մի տեղ չգնաս, քիչ հետո կգամ''։
Հարութը բացում է տետրը. ամբողջ մի էջ բանաստեղծություն է գրած՝ գրած-ջնջած, խզմզած, նորից ջնջած-գրած։
–Սա պատմության կոնսպե՞կտ է, թե ոտանավորների ժողովածու,-խիստ տոնով հարցնում է նա։ ''Կարո՞ղ է Գայանեի մասին է'',-վախեցած մտածում է Թևիկը և դարձյալ հոգում թրթռում է նրա քաղցր անունը՝ ''Գայանե… դու իմ կյանքն ես, շունչն ու հոգին, երազանքս՝ քաղցրանուշիկ…''։
–Սա ի՞նչ է, քեզ եմ հարցնում, Ասրիյան,-նրա մտովի թռիչքն ընդհատում է Հարութը։ – ''Գամել է ինձ բախտը անգութ…''։ – Նա նայում է Թևիկին, քմծիծաղում։ Թևիկը նրա ձեռքից խլում է տետրը, պոկում է էջը։ ''Աստված, այս ի՞նչ պատիժ ես ուղարկել ինձ համար'',– մտովի փնթփնթում է նա՝ խոնջանքով ու հուսաբեկ։ Հարութը կրկին հանում է ժամացույցը.
–Տասներկու րոպե զուր տեղը կորցրինք։
Թևիկը խամրած տեսքով նայում է առաստաղին ու ալարելով արտաբերում է.
–Տեր աստված, սա ի՞նչ մանրախնդիր մարդ է եղել, ես չեմ իմացել։
–Մանրախնդրությունն ի՞նչ կապ ունի այստեղ։ Ժամանակը չի սպասում, իսկ վաղը չէ մյուս օրը պետք է քննություն հանձնես։
–Չեմ էլ հանձնի… Մեծ բան է…
–Չհանձնելը հեշտ է, հանձնելն է դժվար։ Այնպես որ, մտածիր։ Եվ չարժե հիստերիկայի մեջ ընկնել այն բանի համար, որ ինչ-որ բան չի ստացվում։ Չեխովն ասում է, որ կյանքը շատ դյուրին է և հարկավոր է ահագին ջանք թափել, որպեսզի ինքդ քո ձեռքով փչացնես այն։ Ես լիովին համաձայն եմ նրա հետ, բարեբախտաբար, անորոշելի հանգամանքներն այնքան քիչ են, որ դրանց թվարկման համար մեր մի ձեռքի մատներն էլ հերիք են։ Թե չէ հրեն գրում ես՝ ''բախտը անգութ'', և հասկանալ չես ուզում, որ անհրաժեշտ է լարել ուժերը և կտեսնես, որ ոչ մի ''անգութ բախտ'' էլ չկա։
Թևիկը կատաղում է.
–Ի՞նչ ես կպել այդ բառերին՝ բախտ, բախտ… Հա գրել եմ, հետո՞ ինչ, թող հիմարություն լինի, հա, հիմարություն է, հետո՞, ուզու՞մ ես հենց այս րոպեին պատռեմ։ Եթե դա քեզ բավականություն է պատճառում, կարող եմ պատռել։– Նա պատռում է բանաստեղծությունը, թղթերը լցնելով մոխրամանի մեջ։– Բավարարվա՞ծ ես։
–Ըհը։– Հարութը գոհունակությամբ շփում է ձեռքերը։– Այ, դա ուրիշ բան։ Դե, ուրեմն առաջ անցնենք։ – Եվ նա խոնարհվում է կոնսպեկտների վրա։
Անուշը շրջվում, երկարելով ձեռքը, հրում, փակում է դուռը։ Եվ դարձյալ այնտեղից թափանցում է Հարութի խուլ ու միալար ձայնը… Որոշ ժամանակ Անուշը ականջ է դնում այդ ձայնին, այնուհետև, մտքերի մեջ, մոտենում է մեծադիր հայելուն։ Առաջներում նա երբեմն սիրում էր կանգնել հայելու առջև և ինքնահիաց դիտել ինքն իրեն։ Վատ տրամադրության դեպքում օգնում էր։Նայելով իր գեղանի կազմվածքին, շամամի պես կլորիկ դեռահաս կրծքերին, լուսաշող սպիտակուցներով սևորակ աչքերին, նորաբաց կակաչի պես հրակարմիր թրթռուն շուրթերին, հիշելով, թե կոլեջում ու ատամնաբուժարանի տղաներն ինչպիսի կրակոտ հայացքներով էին նայում իրեն, տրամադրությունն ինքնաբերաբար բարձրանում էր։ Սակայն այսօր սովոր զվարթությունը չկար, աստված գիտի, թե որտեղից հայտնված, անհասկանալի ու անորոշ ինչ-որ տրամադրություն պատել ու չէր լքում նրան։
Անուշը շրջվում, նստում է լուսամուտագոգի առջև, ուր միշտ սիրում էր նստել և, նորից վերցնելով Դովլաթովի գիրքը, սկսում է կարդալ. երեկ գիշեր նա ''Կոմպրոմիսը'' կիսատ էր թողել։
–Հարութ, արի մի քիչ ընդմիջում անենք,-ասում է Թևիկը կես ժամ անց։
–Այս էջն էլ վերջացնենք…– Հարութը կարդում է. ''Մարտի տասնվեցին ֆրանսիական բուրժուազիան, որը ներկայացված էր ազգային գվարդիայում, ցույց կազմեկերպեց՝ ուղղված Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության դեմ։ Այն հանդես էր գալիս ''Կորչի Լենդրու-Ռոլլենը…՛՛, ''Կորչի ժամանակավոր կառավարությունը'' լոզունգներով։
Կիսափակ կոպերի տակից Թևիկը տեսնում է Հարութի շտապկոտ շարժվող շուրթերը, թեթևակի ծռված ակնոցը… Թևիկը ցնցում է գլուխը՝ խոնջությունը վանելու իրենից։
–''… և անցնել բուրժուական հանրապետության կողմը, դրանով իսկ հարված հասցնել բուրժուազիային…''։
''Մի շաբաթ, ոնց որ լարովի, կարդալու է'',-մտածում է Թևիկը։
''…Այսպիսով ,նա ամրացրեց նրա դիրքերը, փոխանակ…''։
''Ով՞ ամրացրեց։ Ո՞ւմ դիրքերը,''-սարսափով մտածում է Թևիկը։– Այ քեզի բան, բաց եմ թողել։ Գրողը տանի… Լավ, հետո կտեսնենք…Գուցե պարզվի…''։ Նրա աչքին է ընկնում ''Շիպկայի'' ծխախոտատուփը։ Նա մի գլանակ է վերցնում այնտեղից։ Կանգ առնելով կես խոսքի վրա՝ Հարութը դառնում է նրան.
–Պատմիր՝ ինչ որ կարդացի։
Թևիկը հանգիստ ծխում է, վառված լուցկու հատիկը դնելով ծխախոտատուփին։ Հարութը այն վերցնում, գցում է մոխրամանի մեջ։
–Դե՞հ։
–Իյա՜… ի՞նչ դեհ։ Կարծում ես չե՞մ պատմի։
Հարութը բարձրացնում է գլուխը։
–Իմ ուզածն էլ հենց այն է, որ պատմես։
–Հի-հի-հի… խորամանկն է, հա… Ուզում ես բռնացնել ինձ։ -Թևիկը քրթմնջում է։– Վերջ տուր, Հարութ։ Ես, ինչ է, ախմախի մե՞կն եմ քո կարծիքով։ Երկու բառ ես կարդացել՝ դե պատմիր։ Ոչ մի բան էլ չեմ պատմելու։
Հարութը խուզարկու նայում է նրան։
–Ո՞նց թե՝ չեմ պատմելու։ Ցնդե՞լ ես, ինչ է։
–Չեմ ցնդել, ասում եմ, որ չեմ պատմելու, ուրեմն չեմ պատմելու։ Հասկացա՞ր, չեմ պատմելու։
–Պատմելու ես, Թևիկ։
–Ե՞ս։
–Վերջ տուր այդ հիմար սովորությանդ՝ ե՞ս, ե՞ս։ Այո, դու։
–Չես տեսնի։ Եվ քննության էլ չեմ գնա։ Ոտքս պայթում է, իսկ նա՝ պատմիր հա պատմիր,– բղավում է Թևիկը։ – Հերիք է հրամայես։ Լսու՞մ ես։ Հերիք է… Ես երեխա չեմ, ես նույնքան տարեկան եմ, որքան և դու։ Հասկանու՞մ ես։ Քեզ համար փոքր երեխա չեմ։
Հարութը մթնում է, այտոսկրի մկանը խաղում, ցնցվում է կաշվի տակ։
–Դու ինչ է, վիճե՞լ ես ուզում ինձ հետ,-շինծու քմծիծաղով հարցնում է նա, ճիգով զսպելով ջղայնությունը։
–Այո, ուզում եմ… Հոգիս հանեց արդեն…Չեմ ցանկանում պարապել, հասկանու՞մ ես, ինձ ոչ մի քննություն պետք չէ, կարող ես գնալ…-Դաժանորեն վրա է տալիս Թևիկը և իսկույն էլ զղջում այդ վերջին բառերի համար։ Նա մի տեսակ ամբողջովին կակղում, տարտամում է։ Բերանում ինչ-որ դառնություն է։ Նա իր մեծ, թխավուն ձեռքը դնելով այտին, գլուխը ետ է գցում բարձին, ծոծրակով զգալով բարձի պաղ թարմությունը։ Անցնում է մեկ, երկու րոպե։ ''Կծխի ու կգնա'', – որոշում է Թևիկը, լսելով լուցկու շրշյունը, և մի ակնթարթում ասես պարզորոշ տեսնում է համակուրսեցիների հայացքները. ոմանք նայում են նրան կշտամբանքով, ոմանք՝ ներողամտորեն, մյուսները՝ դաժան նախատինքով։ Չէ՞ որ նրանք, իր ընկերներն են ուղարկել Հարութին։ Քրտինքը պատում է Թևիկի ճակատը։ Եվ այդ հասարակ , սովորական դեպքը, որին նա առաջներում կարող էր ոչ մի ուշադրություն չդարձնել, նրա աչքում այժմ կարևոր ու առանձնահատուկ իմաստ էր ստանում։
–Դե, սկսում ենք, թե՞ չէ,– իվերջո արտաբերում է Հարութը։– Ժամանակն անցնում է։
Եվ անմիջապես, կարծես հենց այդ խոսքերին էր սպասում, ննջարանից դուրս է գալիս Անուշը և նայում է Հարութին։ Նրա գունատ դեմքն ու շողարձակող աչքերը, առանց ավելորդ խոսքերի, պերճախոս կերպով վկայում են այն մասին, թե ինչ ապրումներ է ունեցել նա այդ երկու-երեք րոպեների ընթացքում, լսելով եղբոր վայրենի բղավոցները, և թե ինչքան երախտապարտ է նա հիմա Հարութին այն բանի համար, որ նա չի թողել ու հեռացել։
Սակայն Հարութն այդ ամենը չէր կարող կարդալ նրա դեմքին, որովհետև, թռուցիկ մի հայացք ձգելով Անուշին, նա անբավականությամբ արագ ցած գցեց գլուխը։ Նրան թվաց, որ Անուշը բոլորովին անպատեհ ժամանակ հայտնվեց սենյակում։ Իսկ մինչ այդ Թևիկի դեմքը ծածկվեց ամոթի կարմրությամբ։ Այդ պահին նա պատրաստ էր գետինը մտնել։ ''Հազար անգամ լավ կլիներ՝ գոռգոռար, պարսավեր'',– մտածում էր նա։ Միանգամայն անսպասելի, Թևիկը ժպտաց ամենամիամիտ ձևով և ասաց.
–Դու… այդ բանը… Հարութ, ներիր, հասկանու՞մ ես…
–Ես չեմ վարձվել հիմարություններ ներելու,-խստորեն, ասես դանակի պես, կտրեց Հարութը։-Պատմիր, ինչ կարդացել էի։
Թևիկը հառաչեց.
–Ե՞ս։– Եվ արագ սթափվելով, ավելացրեց։– Ես այդ բանը… Սկիզբը մոռացել եմ։
–Ոչինչ, վերջից սկսիր,-զայրացկոտ առաջարկեց Հարութը։-Պատմիր ցույցերի մասին… Դեհ, մի ձգձգիր։
–Չեմ ձգձգում։ Ինչու՞ է թվում, թե ձգձգում եմ։
–Դե՞հ։
–Ցույցեր էին տեղի ունենում։
–Ի՞նչ ցույցեր:
–Ի՞նչ ցույցեր պիտի լինեն։ Սովորական…Մարտի տասնվեցին, իհարկե։ Բուրժուազիայի մի մասը ազգային գվարդիայում…
–Հետո՞։
–Հետո… այն ուղղված էր ժամանակավոր կառավարության դեմ։ Այսպիսով, նա ամրացնում էր նրա դիրքերը…-անվճռական ավելացրեց Թևիկը։
–Ո՞վ։ Ե՞րբ։ Որտե՞ղ։
–''Ով, երբ, որտեղ'':Հեռուստահաղորդման մասի՞ն ես հարցնում,– անվստահ մրմնջաց Թևիկը։
–Ի՞նչ հեռուստահաղորդում, ինչի՞ մասին ես խոսում,– զարմանքով հարցրեց Հարութն ու հանկարծակի հիշելով կենտրոնական հեռուստատեսությամբ տրվող հայտնի հաղորդումը՝ ''ով, ինչ, որտեղ'', ձեռքերով ծածկեց դեմքը՝ ծիծաղը թաքցնելու համար։
–Ո՞վ էր ամրացնում, և ու՞մ դիրքերն էր ամրացնում,– դեմքը Թևիկից շրջած՝ կրկին խստորեն հարցրեց Հարութը։
–Դե, ինչպե՞ս թե՝ ով։ Նա էլի… Ինչպե՞ս էր անունը…-Թևիկը նայեց քրոջ կողմը. ''Սա՞ ինչ է նստել այստեղ''։ Նա փորձում էր խույս տալ ուղղակի տրված հարցից։– Սպասիր, ես այստեղ մի քիչ բաց եմ թողել։
–Դե՞հ։
Թևիկի շուրթերը շարժվում են, բայց պատասխան չկա, և նա հանկարծ արագախոսում է.
–Ցուցարարները լոզունգներով, դրոշներով, կարմիր տրանսպորանտներով գնում էին դեպի քաղաքապետարան։
Հարութը թոթվում է ուսերը։
–Կարմիր տրանսպորանտներ ո՞վ էր տանում։ Դու՞։
–Ե՞ս,– ձեռքը տանելով կրծքին, ստորին շուրթը կախ, նա տարակա հայացքով նայում է Հարութին։
–Տրանսպորանտների մասին այնտեղ խոսք չկար։ Ասել եմ քեզ՝ ուշադրությունդ մի շեղիր՝ ոչ ձախ, և ոչ էլ աջ, այլ առաջ, դեպի նպատակը։– նա հառաչում, ավելացնում է.– Լավ, այդ տեղը նորից եմ կարդում։
Թևիկը փորձում է արդարանալ.
–Դու շատ տարօրինակ ես, Հարութ, աստված վկա։ Դու ինձ քե՞զ հետ ես համեմատում։ Չէ՞ որ ես հիվանդ եմ։
–Գլխից,– արագ վրա է բերում Հարութը, անթաքույց ժպիտով։
–Ինչու՞ գլխից…Ոտքից։
–Որովհետև չես ուզում պարապել։
–Ո՞վ չի ուզում։ Ուզում եմ։
–Հաստա՞տ։
–Հաստատ։
Հարութը մի կողմ է դնում տետրը։ Նրա աչքերը մանրանում են և ապակիների տակից առկայծում են չոր ու անբարյացակամ։
–Ահա և մենք պայմանավորվեցինք վերջնականապես։ Անուշիկ, կարո՞ղ ես մի րոպեով մենակ թողնել մեզ,-դիմելով Անուշին, ասում է Հարութը։-Մեզ լուրջ կերպով բացատրվել է պետք։
Անուշը հնազանդորեն ելնում , մտնում է ննջասենյակ։ Սակայն նա չի հեռանում, մնում է դռան ետևում կանգնած։
–Ահա թե ինչ կասեմ քեզ, Ասրիյան…
Անուշը Հարութի ձայնը լսում է հստակ ու շատ պարզորոշ կերպով։
–Ինձ տղաներն ուղարկել են քեզ մոտ ոչ նրա համար, որպեսզի ծալապատիկ նստենք ու ճակատներս գետնին խփելով օրական հինգ անգամ նամազի արարողություն կատարենք վիրավոր ոտքիդ, այլ, որպեսզի քեզ հետ միասին պատրաստվենք քննության, որը քեզ համար հույժ կարևոր է և անհրաժեշտ։ Կարևոր և անհրնժեշտ՝ հասկանալի՞ է։ Եվ դրա համար ես պատասխանատու եմ տղաների առջև և բոլորովին էլ մտադիր չեմ քո պատճառով կարմրել նրանց մոտ։ Հասկանու՞մ ես, ես խոսք եմ տվել և պարտավոր եմ կատարել իմ խոստումը… Դու ասում ես, որ հիվանդ ես,-շարունակեց նա,-որ բարձր ջերմություն ունես։Երկու ժամ առաջ ես ապուշային կատակերգություն խաղացի այստեղ, որ դու ոչ մի ջերմություն էլ չունես, և ես մինչև հիմա սուր ամոթ եմ զգում դրա համար։ Ահա, ուրեմն, թե ինչ կասեմ քեզ. քո ջերմությունը ոչ թե 37 ու 3 էր, այլ ուղիղ 38։ Բայց դու կարող ես պարապել, քո մեջ բավականին դիմացկունություն կա դրա համար, եթե իհարկե, ուզենաս։ Իսկ դու քո հիվանդությամբ կոտրատվում , սուրբ նահատակ ես ձևանում։
Հարութը ջղային ճմլտեց հանգած գլանակը և, ուղիղ նայելով Թևիկի աչքերի մեջ, շարունակեց.
–Ես առանց այն էլ հավատում եմ, որ դժվար է քեզ համար։ Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ իսկապես հեշտ չէ պարապել ջերմության մեջ։ Բայց բոլոր դեպքերում, Թևիկ, ես այստեղից չեմ գնա և պարապմունքը կիսատ չեմ թողնի։ Դա իմ բնույթին չի բռնում… Տերյան սիրու՞մ ես,– անսպասելի հարցրեց Հարութը։
–Սիրում եմ. ''Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց…'':
–Դե, եթե սիրում ես, -նրան ընդհատեց Հարութը, -ուրեմն իմացիր, որ նա այսպիսի տողեր ունի՝ ''Որքան մութը խոր, ես՝ այնքան համառ''։ Իմ մասին է ասված։– Նա քիչ լռեց, ավելացրեց.-Եվ մի մոռացիր, կան բաներ, որ ավելի բարձր են, քան իմ ինքնասիրությունն է։ Այնպես որ, քեզ հավաքիր, չպետք է մոռանանք, որ մեր առջևում վերջին քննությունն է մնացել և այն պետք է հաջողությամբ հանձնել՝ ինչ էլ որ ուզում է լինի։– Նա դարձյալ քիչ լռեց, ասաց.– Համաձա՞յն ես ինձ հետ։
Թևիկը քիչ դանդաղեց, այնուհետև ասաց.
–Համաձայն եմ։
–Ուրեմն առաջ անցնենք… Ցույցերի մասին նորից եմ կարդում։
Անուշը հեռացավ դռնից, դանդաղ մոտեցավ լուսամուտին և սկսեց նայել դուրս։ Նա երանությամբ հիշեց, որ վաղը, կյանքում առաջին անգամ, պետք է գնա աշխատանքի։ Հեռվում, ալիքավոր մշուշների մեջ ուրվագծվում էին սարերի վերձիգ կատարները։ Այդ սարերից ու մշուշներից վեր, իրիկնային բարձր երկնքում սպիտակ ամպակտորներ էին լողում։ Երբեմն իրիկնային ժամերին Անուշը սիրում էր այդպես կանգնել բաց լուսամուտի առջև և նայել հեռուն, ուր կանաչ, ծաղկուն սարեր են, արևի հանգչող շողերից փայլատակող տանիքներով մենավոր գյուղակներ՝ այս ու այնտեղ, ոլորուն ճանապարհներ, որ բարձրանում, գնում, կորչում են այդ գյուղերի մոտերքում։
Ներքևում, բակում, երեխաներ են խաղում, և նրանց ուրախ, զնգուն ձայները ժամանակ առ ժամանակ մարում են փողոցով անցնող մեքենաների հռնդյունում։ Անուշը կրկին նայեց հեռավոր սարերի կողմը, որոնց ուղղությամբ բարձր , շատ բարձր լողում էին այդ ամպակտորները։ Այդ ամպակտորներից մեկը՝ անսահմանորեն սպիտակ, ձյունաճերմակ, փետրաթեթև սահում էր միայնակ՝ ինչպես սառցակտորը անեզր օվկիանոսում, երբեմն առ երբեմն աննկատելիորեն ձևափոխվելով, սակայն մնալով ջինջ ու թափանցիկ ու մի քիչ էլ տրտում, երևի, այն բանից ,որ շատ էր պուճուրիկ ու միայնակ՝ այդ հսկայական երկնքում։
Գլուխը բաց լուսամուտափեղկին հակած, Անուշը փակեց աչքերը, ձգտելով հիշողության մեջ վերականգնել ոչ այնքան հեռավոր այն օրը… ,,Երբ ահա այսպես սիրում ես… Շատ խորունկ կերպով սիրում ես…''։ Իսկ ինքն այնպես կոպտորեն… Ոչ, դա չէ… Հետո նա նստել էր և մատներով ուժեղ շփում էր քունքը… ''Առավոտվանից ցավում է գլուխս'', ասաց։ Անուշը բացեց աչքերը, նրա հայացքը ընկավ նամակին, որ այդպես էլ չէր ուղարկել ընկերուհուն, և այն հիմա ընկած էր սեղանին։ Մեքենայորեն, համարյա առանց ըմբռնելու բառերի իմաստը, նա այդպես հեռավորության վրա աչքերը սահեցրեց տողերի վրայով…''Բոլոր առարկաներից ստացա ''հինգ''…Ինձ ընդգրկել են դրամատիկական ինքնագործ խմբում… Գլխավորն ասաց, որ ավարտելուց հետո կվերցնի իր մոտ… Թևիկի ոտքը սաստիկ ցավում է, որովհետև նորից վերքը բացվել է… Հյուրախաղերով մեզ մոտ է Սունդուկյանի անվան թատրոնը…''։ Եվ հետո՞… Անուշը նամակի առաջին էջն անգամ մինչև վերջ չկարդաց. այն, ինչ դեռևս առավոտյան նրան թվում էր շատ կարևոր, նշանակալից, այժմ անհետաքրքրական էր նրա համար՝ համեմատությամբ այն բանի, ինչ նա զգում էր հիմա, այս րոպեին։ Եվ նրա փխրուն ու փոքրիկ սիրտը հանկարծակի նվաղեց, թրթռաց մինչ այդ անհայտ ու շատ ըղձալի ինչ-որ բանից, իսկ թե ինչ էր դա՝ նա ոչ մի կերպ ըմբռնել, հասկանալ չէր կարողանում։ ''Հարկավոր է նայել Ջեսսիկա Ալբայի այդ հոլովակը'',– մտածեց Անուշը, ''…անչափ գեղեցիկ է… դու շատ ես նման նրան…''։ Զարմանալի է, իսկ որտե՞ղ է նա ինձ տեսել վազելիս։ ''…Վազելիս նրա մազերը ծածանվում են ուսերին…ճիշտ քո մազերի նման, երբ վազում ես…''։ Հիշեց, այն օրը կինոյից ուշանում էին, Արփենիկի հետ վազելով անցան փողոցը։ Իսկ նա որտե՞ղ էր այդ ժեմանակ՝ հետաքրքիր է։
Անուշը մեկնեց ձեռքը և վերցնելով նամակը, երկու անգամ ծալեց ու պատռեց միանգամից։ Իսկ ինչպիսի հաճելի առոգանությամբ արտասանեց. ''Անուշիկ, սիրելիս…''։ Հիմա նա իրեն այդպես չի դիմի երևի: Այն, ինչ ասել է, մոռացել է արդեն: Անշուշտ մոռացել է: Նա բարձրացրեց աչքերը և վախեցած նայեց ետ՝ փակ դռան կողմը։ Մյուս սենյակից նրան էին հասնում նույն սահմռկուն, անտարբեր թվացող հնչյունները…
Անուշն արագ ցած թռավ լուսամուտագոգից, համարյա վազելով անցավ ննջասենյակով, բացեց դուռը և , հենվելով դռան կողափայտին, մնաց այդպես կանգնած։
–Ի՞նչ է եղել,-հարցրեց Թևիկը։
–Ոչ մի բան, ես ձեզ չեմ խանգարի…ինձ համար տխուր է մենակ։
–Զբաղվիր որևէ գործով, և քեզ տխուր չի լինի,-խորհուրդ տվեց Հարութը։
Նրա տոնը դարձյալ անտարբեր ու չոր թվաց Անուշին և ցավագնորեն կծկվեց նրա սիրտը։ ''Ախր, ինչու՞ այդպես, Հարութ,''-հազիվ չասաց Անուշը։
Որտեղի՞ց կռահեր Հարութը, որ Անուշն ինքն անգամ չգիտակցելով դա, եկել էր, որպեսզի, նրա աչքերին նայելով, հասկանար՝ առաջվա պես սիրու՞մ է նա իրեն, թե ոչ։
Անուշը վհատ տրամադրությամբ շրջվեց ու գնաց իր սենյակը։ Նրա շուրթերը դողում էին։ Չհասնելով լուսամուտագոգին, նա ակամա նստեց մահճակալին և նրա սևորակ աչքերը միանգամից լցվեցին ջինջ արցունքներով։
Նա դեռ չգիտեր, չէր հասկանում, որ առաջին սերն այդպես շուտ չի մոռացվում…
==========
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
ՎԵՊ
ՄԱՐԴԻԿ,
ՔԱՆԻ ԴԵՌ,
ՁԵՐ ՍԻՐՏՆ Է ԶԱՐԿՈՒՄ,
ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ…
ԱՅԴ ՆՐԱՆՔ ԷԻՆ
ՁԵՐ ԲԱԽՏԸ ՓՐԿՈՒՄ,
ԱՅՆ ԷԼ ԻՆՉ ԳՆՈՎ,
ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ…
Ռ. ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԻ
Իմ սենյակում լռություն է: Տխրություն: Իմ առջև քո լուսանկարն է: Տարիների հեռավոր խորքից դու լռին նայում ես ինձ: Կամակոր շուրթերը քո գեղեցիկ են, զմայլիչ: Քո թախծանուշ աչքերից տամուկ լույս է հորդում: Դու նայում ես ինձ: Մի նրբագեղ շարժում, թվում է, և քո շուրթերը կշշնջան անուշաձայն: Աչքերդ կժպտան լուսաշղարշ ժպիտով: Բայց դու լուռ ես: Անթարթափ նայում ես ինձ: Եվ ես շփոթվում եմ, որովհետև այդ ո՞վ է, որ չի շփոթվում գեղեցկության առջև: