Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) (Լևոն Ադյան) онлайн бесплатно на Bookz (9-ая страница книги)
bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)Полная версия
Оценить:
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

4

Полная версия:

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Դեռևս չհասկանալով, թե նա ինչ պիտի ասի, ասացի, որ համաձայն եմ, որովհետև Ռենան ինչ էլ որ ասելու լիներ, թվում էր, միևնույն է, ես պիտի համաձայնվեի:

Նա պայուսակից դանդաղ շարժումներով մի ածելի հանեց՝ գույնզգույն թղթերի մեջ ծրարված, նույն անշտապողականությամբ ետ տանելով թղթերը, որից մեկը թափանցիկ էր, ածելին տվեց ինձ, միաժամանակ առաջ պարզելով դաստակը՝ ափը դեպի վեր:

– Սայրով ուղղահայաց խազիր ահա այստեղ, – Ռենան ցույց տվեց այն տեղը, ուր պիտի խազեի ածելիով:

– Ինչո՞ւ, – զարմացած ասացի ես:

– Ոչ մի ինչու, – լայն ժպտաց Ռենան: – Չէ՞ որ խոստացար:

Բայց, խազելու փոխարեն, ես, սիրատենչ շուրթերով հպվելով այն տեղին, ուր նա ցույց էր տվել, ասացի.

– Չեմ անի, ես չեմ կարող ցավ պատճառել քեզ:

Ռենան ծիծաղեց, գորովանքից մշուշված աչքերով նայելով իմ աչքերին, հետո ինձնից վերցրեց ածելին, ուղղահայաց խազեց ձեռքը, կարմրագույն արյունն իսկույն դուրս ցայտեց ճերմակ դաստակի վրա:

– Դու գիտե՞ս, որ արյունը մայր շնչերակի մեջ է մտնում ոչ թե հոսելով, այլ ընդհատվող ալիքներով, ինչպես ջուրն է ցատկում նեղբերան շշից. ամեն մի ալիք կարճ ժամանակամիջոցում լայնացնում է զարկերակի պատերը և առաջ մղվում՝ հրվելով իրեն հետևող նոր ալիքներից: Տուր ձեռքդ, – կարգադրեց Ռենան, ժպտացող աչքերով նայելով ինձ և նույն ձևով՝ դարձյալ ուղղահայաց, խազեց իմ ձեռքը՝ ձեռափից քիչ վեր:

Հետո ձեռքս ամուր սեղմեց իր ձեռքին:

– Լեո, – շշնջաց Ռենան՝ ամուր սեղմվելով ինձ, – իմ արյունը հիմա հոսում է դեպի քո սիրտը, դու զգո՞ւմ ես դա… Ես զգում եմ քո արյան հոսքը իմ երակներում: Ես այդ մտքից կարող եմ խելագարվել…

Անասելի մի քաղցր, հուզագրգիռ դող անցավ իմ մարմնով, որն ամբողջովին համակեց ինձ: Մենք կանգնած էինք՝ կլանված պահի՝ կարևորությա՞մբ ասեմ, թե հանդիսավորությամբ, ես ազատ ձեռքով Ռենային սեղմել էի իմ կրծքին և կարծես զգում էի իմ դյուրաբորբոք, սիրատենչանքից եռ եկող արյան խելահեղ վազքը դեպի նրա քնքուշ սիրտը, հետո Ռենան՝ շառագունած տենչալի շուրթերով մղվեց դեպի իմ շուրթերը: Մեր շուրթերը միացան: Դա երկար տևեց, ես անզուսպ մոլուցքով համբուրում էի Ռենային, ես իմ գրկում ավելի ու ավելի էի սեղմում նրան, ասես փորձելով նրան դնել սրտիս մեջ, պարփակել հոգուս խորքում: Ինքնամոռաց ու տենդագին շշնջում էի.

– Դու սիրելի ես ինձ, Ռենա, և սիրելի կլինես ընդմիշտ, մինչև իմ վերջին շունչը ես կսիրեմ ու կպաշտեմ քեզ, այո, դու սիրելի ես ինձ, ինձ սիրելի են բոլոր նրանք, ովքեր քո շուրջն են, սիրելի է այն ամենը, ինչ շրջապատում է քեզ, ինչ դիպչում է քեզ և ինչին դիպչում ես դու, ինչ ուրախացնում է քեզ և ստիպում է հրճվել ու հուզվել…

Այսպիսի կցկտուր խոսքեր էի ասում ես նրան Կիրովի անվան զբոսայգու ծառուղու խորքում, և հեռու ինչ-որ տեղ, ոչ այն է՝ զբոսայգուց այն կողմ, փողոցում կանգնած որևէ մեքենայում, ոչ այն է՝ բարձրահարկ շենքերից որևէ տան մեջ, նվագում էր մագնիտոֆոնը, երգը հասնում էր մեզ. «Ախ, այս կապույտ, կապույտ, կապույտ, այս կապույտ աչքերն են ինձ գերել, և ես մոռանալ չեմ կարող», և այդ երգը Ռենայի մասին էր, նրա կապույտ, կապույտ աչքերի մասին: Եվ իմ նախանձելի բախտի, իմ երջանկության համար ես ինձ երախտապարտ էի զգում Արմենին: Ես ռեստորանի հետ կապված պատմությունը զվարճալի արկած էի համարում, Ղարաբաղին վերաբերող բանաստեղծության արտասանությունը՝ անմեղ խաղ, «Դոն Ժուանի» մոտիվներով արված նրա ձոնը աղջիկներին՝ տղայական կատակ:


* * * * *


Հեռախոսով Ռենան ասաց.

– Վաղը քեզ կծանոթացնեմ իմ հարազատների հետ, – և ծիծաղեց:

– Ռեն, ես վերջերս քո կատակն ու լուրջը չեմ տարբերում, լո՞ւրջ ես ասում:

– Եթե չես ուզում՝ չեմ ծանոթացնի, – կրկին ծիծաղեց նա, ցածրաձայն ավելացրեց, – ցավեդ տանեմ, – և դրեց հեռախոսը:

«Նա հաստատ որոշել է խելքից հանել ինձ, – ծիծաղելով մտածեցի ես, – և, բարեբախտաբար, դա նրան հաջողվում է»:

Նա հաջորդ օրը եկավ շողակնե լուսաջինջ ժպիտն անզուգական շուրթերին: Մազերը գեղեցկորեն հավաքած գլխին, կարապի մարմարյա ճերմակ պարանոցը բաց՝ հանդիսավոր նստեց իմ դիմաց, պայուսակից հանեց լուսանկարների մի ամբողջ հավաքածու:

– Իմ բոլոր հարազատներն այստեղ են, – լուսանկարները սեղանին սփռելով՝ ժպտալով ասաց, – կարող ես ծանոթանալ: Առայժմ՝ հեռակա կարգով, – ծիծաղելով ավելացրեց նա:

Ես սկսեցի նայել նկարները:

– Սա իմ եղբայրն է՝ Ռասիմը, հանրագիտարանում է աշխատում, ինձնից հինգ տարով է մեծ: Նմա՞ն է ինձ:

– Մի քիչ:

Նկարից, սև հոնքերի տակից, խոժոռ հայացքով ինձ էր նայում Ռենայի եղբայրը՝ բարձրահասակ, թիկնեղ, սևաթույր խնամված բեղերով: Նրա աչքերը ևս սև էին, արտահայտիչ: Այո, ինչ-որ հեռավոր նմանություն կար Ռենայի հետ: Բայց, ահա, քույրը՝ Էսմիրան, իր նուրբ գեղեցկությամբ, ավելի էր նման Ռենային. տարբերությունն այն էր, որ նա թխավուն էր: Ձվաձև երկարուկ թուխ դեմքի վրա փոքր-ինչ մեծ էր երևում բերանը՝ Ռենայի շուրթերի պես ուռուցիկ շուրթերով, ընդ որում, դարձյալ, ինչպես Ռենայինը՝ ստորին շուրթն ավելի փքուն:

– Ինձնից չորս տարով փոքր է, իններորդ դասարանում է սովորում, – տաքուկ ափն իմ ձեռքին, իմ ուսի վրայով խոնարհված սեղանին՝ պարուրելով ինձ իր անուշ բույրերով ու կրծքի փափուկ ջերմությամբ, բացատրում էր Ռենան: – Գիտե՞ս ինչպիսին է՝ երես տված, որովհետև տան փոքրն է, շատ ենք սիրում, իսկ լեզուն, լեզուն մարդ է ուտում… Որ մի օր չտեսնեմ՝ կարոտից կմեռնեմ:

Մի ուրիշ նկարում Էսմիրան նստած էր բազմոցին՝ ոտքը գցած ոտքին, սև և ուղիղ մազերը թափված էին օձիքին, իսկ նրբաճաշակ կարված զգեստը քիփ նստել էր վայելչագեղ իրանին՝ ընդգծելով սրածայր փոքրիկ ստինքները: Մեծ ու շքեղ կտրվածք ունեցող իր աչքերով, գիրգ շուրթերին հեգնախառն ժպիտ՝ նա ուղիղ նայում էր ինձ:

– Սա եղբորս կինն է՝ Իրադան: Թե իմանաս ինչ քնքուշ բնավորություն ունի: Եղբայրս չի թողնում, որ աշխատի, չնայած բարձրագույնավարտ է: Իսկ սա մայրս է, նավթային տեխնիկումում է դասավանդում… Ահա և հայրս: Մանկավարժականն է ավարտել, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, միշտ՝ տարբեր բնագավառներում: Ռասիմը նման է, չէ՞, հորս: Ես ու Էսմիրան նման չենք նրան, իսկ, այ, Ռասիմը նման է:

Ես նայում էի նկարները, մտովի փափագելով այն օրը, երբ առերես կհանդիպեմ նրանց՝ Ռենայի հարազատներին, որոնք ինձ նույնպես հարազատ էին թվում:

Եվ, իրոք, շուտով ինձ բախտ վիճակվեց տեսնել նրանց: Ոչ բոլորին, իհարկե: Ես հեռախոսով զրուցում էի Ռենայի հետ, ինձ թվաց՝ նա մի տեսակ մտահոգ, անտրամադիր էր:

– Ի՞նչ է պատահել, Ռեն, – հարցրի ես անհանգստացած:

Ռենան պատմեց, որ համաշխարհային հռչակ ունեցող «Բոնի Էմ» երգչախումբը հրաժեշտի մեկօրյա համերգներով շրջագայում է աշխարհի խոշորագույն քաղաքներում, Մոսկվայից, Լենինգրադից ու Կիևից հետո կլինի Բաքվում, որտեղից կանցնի Չինաստան: Համերգը Բաքվում ամսվա վերջին է, սակայն տոմսերն արդեն լրիվ սպառված են: Ինստիտուտում խոստացել էին, բայց ոչինչ չստացվեց:

– Ճիշտն ասած, ես ու Իրադան էլ կուզենայինք, բայց, դե, հնարավոր չէ: Մենք՝ ոչինչ, – ասաց Ռենան հուսահատ, – գոնե մի հատ ճարվեր՝ Էսմիրայի համար: Շատ է ուզում գնալ այդ համերգին, իրենց դասարանից, թե դպրոցից մեկ-երկու հոգի ձեռք են բերել: Դե, եթե նրանք գնալու են, գլուխն է մտցրել, որ ինքն էլ պիտի գնա: Երկու օր է, արցունքն աչքերին, տզտզում է փոքր երեխայի նման: Ռասիմն էլ է չարչարվել, բայց չի հաջողվել տոմս գտնել:

Ես Ռենային ոչինչ չասացի, բայց խոսափողը դնելուն պես շտապ սկսեցի դեսուդեն ընկնել: Զանգեցի այս ու այն տեղ՝ չկա ու չկա: Գնացի գլխավոր խմբագրի մոտ, գուցե նա՞ որևէ բանով օգներ: Թելման Կարաբաղլի-Չալյանը նոր էր վերադարձել գործուղումից և, ծղոտե գլխարկով հովհարելով իրեն, հաճկատար քծնանքով պատմում էր այն մասին, որ Մարտակերտի շրջանի Դրմբոց (Դրմբոն) և Աթենք (Հաթերք) գյուղերի «թյությունակործների մասին չդեսված ռեբորդաժ» է բերել ռադիոյի համար և որ Դրմբոց գյուղի մոտ մոշը շատ լավ էր «ցանաձ, բայց ինքը այդ մասին չի կիրել, միայն՝ թյությունակործների մասին»: Գլխավորը նայում էր նրան՝ ներամփոփ ու խոհուն, և ոչինչ չէր ասում: Ես խղճացի գլխավորին, վերադարձա առանձնասենյակ, զանգահարեցի գրողների միություն՝ Սիավուշին:

– Սիավուշ, երեք տոմս է պետք «Բոնի Էմ» խմբի համերգին, – ասացի, – եթե ինձ համար դու այդ լավությունն անես, ամբողջ կյանքում պիտի մտածեմ, թե ինչ անեմ՝ Սիավուշի պարտքի տակից դուրս գալու համար:

Սիավուշը սրտանց ու բարձր ծիծաղեց, ասաց.

– Ծերուկ, ինչ չես առնի ոսկով՝ կառնես քաղցր խոսքով, բայց Սիավուշին դժվար է գայթակղել քաղցր խոսքով, նա գերադասում է թարմ քյաբաբ-խորովածն ու ընտիր օղին:

– Սիավուշ, թեկուզ տասը շիշ ընտիր օղի և քսան շամփուր քյաբաբ ու խորոված՝ երեք տոմս գտիր ինձ համար:

– Ես քեզ կզանգեմ մի կես ժամից, – ասաց նա: – Տա՞նն ես, թե խմբագրությունում:

– Խմբագրությունում:

Մտածում էի՝ ծայրահեղ դեպքում Լենինի պալատի մոտ, ձեռքի վրա կվերցնեմ, թեկուզ արժեքից տասնապատիկ թանկ գնով:

Կես ժամ հետո Սիավուշը չզանգեց… Նա զանգեց ուղիղ ժամուկես հետո:

– Ծերուկ, ես զանգեցի Մոսկվա, – դանդաղ սկսեց Սիավուշը, և ես մտքում ծիծաղեցի. դա նրա առանձնահատուկ սովորությունն էր՝ ամեն ինչ սկսել հեռվից, Չինական մեծ պարսպի մոտերքից:

– Մոսկվա ինչո՞ւ էիր զանգում, խմբի հե՞տ էիր ուզում խոսել: Նրանք Մոսկվա չեն հասել դեռ:

Նա ծիծաղեց, ասաց.

– Ապրես, սրամիտ էր: Համբերություն ունեցիր, ծերուկ, համբերությունը կյանք է: Քյուբրա-խանումը, գրողների միության գործերի կառավարիչը, երեք տոմս է պահել նախագահի համար, իսկ նախագահը Մոսկվայում է, զանգեցի նրան ու խնդրեցի այդ տոմսերը, պայմանով, որ նրա վիպակներից մեկը թարգմանես հայերեն: Նա ասաց, որ իրենից ինչ-որ վիպակ ես թարգմանել, էդ ո՞րն է:

– «Ես, դու, նա և հեռախոսը»:

– Ոչինչ, վատ գործ չէ: Թարգմանիր «Դանթեի հոբելյանը»:

– «Դանթեի հոբելյանը» հայերեն կա արդեն:

– Ուրեմն «Ճերմակ նավահանգիստը» թարգմանիր: Շատ լավ վիպակ է, մրցանակ է շահել:

– Սիավուշ, գլուխ մի տար, կարճ՝ ի՞նչ ես պայմանավորվել:

Սիավուշը լիաթոք ծիծաղեց, ասաց.

– Ի՞նչ պիտի պայմանավորվեմ: Տոմսերը Սիավուշի մոտ են: Դու քո խոսքի տերն ես, չէ՞:

– Իհարկե:

– Աբբաս Աբդուլլային ճանաչո՞ւմ ես, – լրջորեն հարցրեց Սիավուշը :

Ես ծիծաղեցի:

– Դու նրան գիտես որպես բանաստեղծի և «Ուլդուզ» ամսագրի գլխավոր խմբագրի: Բայց մեզ համար նա ոչ թե բանաստեղծ ու խմբագիր է, այլ վարորդ: Հետս բերում եմ, որպեսզի տաքսու վրա անտեղի ծախսեր չանենք: Կես ժամից քեզ մոտ ենք, տեղում կորոշենք, թե ուր գնանք:

Ես չէի ուզում զանգել Ռենային, մինչև տոմսերն իմ աչքով չտեսնեի:

Կես ժամ չտևեց, քառորդ ժամ անց նրանք արդեն ինձ մոտ, խմբագրությունում էին:

– Չենք ուշացել, չէ՞, – ժամացույցին նայելով ասաց Սիավուշը, – էդ էր պակաս, որ ձրի ուտել-խմելու հաշիվ լինի, և Աբբասը ուշանա, – ծիծաղեց նա, – կարմիր լույսի-բանի չէր նայում. հարյուր քսանի վրա եկանք:

Մենք ողջագուրվեցինք, Սիավուշը տոմսերը հանձնեց ինձ, ասաց.

– Ծերուկ, երկու տոմսը՝ հասկացանք, երրորդն ո՞ւմ համար է:

– Ապագա զոքանչի, – ասաց Աբբասը՝ քթի վրա ուղղելով ակնոցն ու Շևչենկոյի իր թավ բեղերի տակ ժպտալով:

Ուկրաիներեն բնագրից կատարած թարգմանությունների համար նա Շևչենկոյի անվան մրցանակի էր արժանացել վերջերս, Շևչենկոյի կոճակաչափ փոքրիկ դիմանկարով կրծքանշանը կպցրած էր պիջակի դարձածալին, և նրանք շատ էին միանման՝ նույն թավ բեղերը, նույն ճաղատն ու աչքերի սևեռուն նայվածքը՝ գզգզնակ հոնքերի տակից:

– Ծերուկ, թե փափուկ, պարարտ կնիկ է, ինձ էլ տար հետդ, դու գիտես, որ Սիավուշի խելքը գնում է հաստամարմին կանանց համար:

– Լեո, Զիկինայի հյուրախաղերի ժամանակ էս հարիֆը ոչ մի համերգ բաց չէր թողնում, – ասաց Աբբասը:

– Ճի՞շտ է ասում, – ծիծաղեցի ես:

– Ճիշտ է, – գլխով արեց Սիավուշը գոհունակ ժպիտով: – Կրծքերը մեծ-մեծ, ամեն մեկն Աբբասի գլխի չափ, ոնց որ Պամելա Անդերսոնի կրծքերը, շորորալով գնում-գալիս էր բեմի վրա:

– Զիկինան բեմից ասել է՝ ես չգիտեի, որ Ադրբեջանում այսպես սիրում են իմ երգերը, ի՞նչ երգեմ: Դահլիճից ասել են. «Երգել պետք չի, բեմի վրա հենց էնպես գնա ու եկ», – ծիծաղեց Աբբասը:

Բարձր, գեղեցիկ, համակրելի, բայց անլուրջ, հավիտյան անլուրջ Սիավուշը քռքռաց, ասաց.

– Տեղական ոչխար կա, ոչ թե մերինոս-բան՝ չէ, տեղական, երկու փթանոց խախալ-խախալ դմակով, մարդու կնիկն այ էդպիսի փափուկ քամակ պիտի ունենա, որ առավոտը գործի գնալիս մի թեթև խփես հետևին, գնաս գործի գաս՝ դեռ շարժվելիս լինի:– Նա դարձյալ քռքռաց, ավելացրեց,– մենք էլ, հայերն էլ, կյանքներս կարող ենք տալ փափկասուն կանանց համար: Ճիշտ չե՞մ ասում, Լեո:

– Չէ, – ասացի ես:

– Դե դու բացառություն ես, – տեղի տվեց Սիավուշը: – Դու նիհարիկներին ես սիրում: Լսիր, Աբբաս, – կտրուկ շրջվելով՝ խնդագին ասաց Սիավուշը: – Նայիր ու տես, թե ինչ ասել է քաղաքակիրթ ազգ, մի Լեոի առանձնասենյակին նայիր՝ շողշողուն պարկետով, խավոտ վարագույրներով, օդորակիչով, ճապոնական հեռուստացույցով, «Իններորդ ալիքի» գերազանց ընդօրինակությունն ու Սոֆի Լորենի սեքսուալ մեծ բերանով տարեցույցը պատից կախ, լավ բաների համար՝ փափուկ բազմոցը դրած… Չէ, քո նման՝ սենյակդ կեղտի, ծխախոտի ծխի ու փոշու մեջ կորած, թղթապանակները սեղանին անկանոն թափած, նայիր ու սովորիր, գյոռս չեմ տանելու:

– Սիավուշ, – ժպիտը բարեհոգի գեր դեմքին, մեղմորեն ասաց Աբբասը, – մի խոսք էլ լսեցի՝ ոտքով ես գալու ռեստորան… Չեմ հասկանում, – շարունակեց նա նույն ժպիտով, – Լեոն առանց էն էլ սրտանց հրավիրում է, հին փողով կես կոպեկանոց շողոքորթությունդ ում համար է, կարո՞ղ ես բացատրել:

Սիավուշը ծիծաղեց, ասաց:

– Լեո, Աբբասի մեքենան նստած կա՞ս: Նադիր շահի ժամանակներից մնացած «Ժիգուլի» է, բոլորը տնազով «Կադիլակ» են կոչում: Ժանգը կերած, մի տասն անգամ շուռ եկած ու մի էդքան էլ վթարի ենթարկված, ղեկը աջ է թեքում՝ ձախ է գնում, ձախ է թեքում՝ աջ է շարժվում:

Աբբասը բեղի տակ մեղմ ժպտում էր:

Հեռախոսի կերկեր ձայնը ստիպողաբար ինձ իր մոտ էր կանչում: Ես վերցրի լսափողը:

– Բարև, ախպեր: – Սեյրան Սախավաթն էր՝ երկրորդ հարկից, դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունից: – Լեո, Աբբասին եմ փնտրում, զանգեցի «Ուլդուզ», ասացին, որ Սիավուշի հետ քեզ մոտ են եկել: Մի երկու պատմվածք ունեմ, խոստացել էր էս համարում տալ, բայց տղերքն ասացին, որ սրբագրական տպվածքը ստացել են, պատմվածքներս չկան մեջը, ուզում էի տեսնել՝ դա ի՞նչ բան է:

Սեյրանը բարձր էր խոսում, նրա ձայնը Աբբասին ու Սիավուշին ևս լսելի էր: Քմծիծաղը բեղի տակ, Աբբասը ձեռքի լուռ շարժումով հասկացրեց՝ չասեմ, որ այստեղ են:

– Չկան, Սեյրան, – անձայն ծիծաղեցի ես: – Երևի ճանապարհին են դեռ:

– Սուտ մի խոսա, – ավելի բարձրաձայնեց Սեյրանը, – լուսամուտից երևում է, չախկու «Կադիլակը» փողոցում կանգնած է, ուրեմն, սաղ-սալամաթ տեղ են հասել: Մարդ ես, հեռախոսը տուր իրեն: Ուտել-խմելու հաշիվ կա տեսնում եմ:

– Բաղդադ էլ շատ խուրմա կա, քե՞զ ինչ:

– Լեո, նայիր, կթողնեմ-կգնամ և հարյուր տարի չեմ ների քեզ ու հարյուր տարի հետդ չեմ խոսի, – սուտ սպառնալիքով հոխորտաց նա: – Ճիշտն ասա, խմելո՞ւ եք գնում:

– Հնարավոր է:

– Եվ չեք էլ ամաչում: Բա ե՞ս, – աղերսագին ձգեց Սեյրանը: – Ինձ չե՞ք տանում:

– Տանում ենք, եթե գոնե ծախսի մի չնչին մասի մի մասի մի մասը վերցնես քեզ վրա:

–Ինձ վրա՞, – խնդմնդաց Սեյրանը: – Հույս չդնեք, կոպեկ չունեմ:

– Բա էլ ինչո՞ւ Խանլարով բարեհունչ ազգանունդ թողած՝ Սախավաթ կեղծանունն ես վերցրել: Քեզնից ի՞նչ սախավաթ*, այ Սեյրան, Խասիս** դնեիր՝ Սեյրան Խասիս, դա քեզ ավելի կսազեր:

– Վուայ, վուայ, վուայ, – հայավարի իբր թե զարմացավ Սեյրանը: – Էս հի՞նչ ա գադարվում, էս որդե՞ղ եմ ինգել, – հայերեն ավելացրեց,

*սախավաթ (ադրբ.) – շռայլ, առատաձեռն

**խասիս (ադրբ.) – ժլատ


ծիծաղեց: – Ե՞ս եմ խասիսը, – շարունակեց նա արդեն ադրբեջաներեն, – բա ամոթ չե՞ս անում, Լեո: Ես որ սրան-նրան

խմացրած օղու դատարկ շշերս հավաքեի ու հանձնեի խանութ՝ էդ փողով հորթը տակին մի կով կառնեի: Հորթը տակին էդ կովը կծախեի ու էդ փողով Աղդամի բազարում մի թամ-թազա

«Զապորոժեց» կառնեի, էդ թազա «Զապորոժեցը», իմ արև, քու արև, կնվիրեի Աբբասին, որպեսզի նա իր քաչալ գլխով ու չախկու «Կադիլակով» խայտառակ չաներ մեզ հայ ժողովրդի մոտ: Երեք տեղ ալիմենտ եմ տալիս, ինձնից ի՞նչ եք ուզում:

Աբբասը, որ մի քանի մազով մերկ գլուխը թեքած, բերանը բաց ժպտալով լսում էր, Սեյրանի վերջին խոսքի վրա բարձրաձայն ծիծաղեց ու հանկարծակի բռնած հազի նոպայից քար ու քանդ լինելով՝ կեռված գնաց դեպի լուսամուտը:

– Դե լավ, – անձնատուր եղա ես, – իջիր մեքենայի մոտ, գալիս ենք:

Սիավուշը մի պահ ուշադիր զննում էր Աբբասին, որ դեռևս խեղդվում էր հազից, հետո սիրո ու հեգնանքի ժպիտով ասաց.

– Ծերուկ, սա ոնց որ թե մեռնելու վրա է, իզուր բերեցի: Ստիպված տաքսիով պիտի գնանք:

– Զահլա մի տար, – տատամսած նայելով՝ անչար նետեց Աբբասը և կարմրատակած ու ծանր շնչելով՝ խռպոտ ավելացրեց, – դուրս գանք, Լեո, թե չէ հիմա սրա ու Սեյրանի պես մի երկու զավզակ էլ կհայտնվեն:

– Այն մոմենտ, – ասաց Սիավուշը և, ակնոցը մատով վեր հրելով, աշխուժորեն նայեց ինձ: – Ծերուկ, Աբբասը գիտի, քեզ եմ պատմում: Էս ձմռանը, ուրեմն, Մոսկվայում երկու ընկեր ունեմ, հրատարակչությունում են աշխատում, կպան ինձ, թե վաղուց ՑԴԼ-ի ռեստորանում չենք եղել: Մոսկվացիների խասյաթն է, գալիս են էստեղ՝ մենք ենք հյուրասիրում, գնում ենք էնտեղ՝ մենք ենք հյուրասիրում: Մի խոսքով, ՑԴԼ-ի մոտ մթերային մեծ խանութ կա, էդտեղ էինք ժամադրվել, ոնց էր ստացվել՝ ժամանակից ահագին շուտ էի եկել, խանութի մոտ կանգնած սպասում էի նրանց: Խանութում օղու հերթ էր՝ ծայրը տների արանքով համարյա մինչև Կալինինի պողոտա էր հասնում: Մեկ էլ տեսնեմ՝ մեկն ուղիղ դեպի ինձ է գալիս: Պարզ է, հարբեցողների եռյակին մեկը պակասում էր, այդ մեկը ես էի, և նա՝ սև վերարկուն հագին, ականջավոր գլխարկով, միրուքով, գտել էր ինձ:

– Իսկույն հասկացել է, որ հարիֆ է կանգնած, – մեկնաբանեց Աբբասը, բայց Սիավուշն ուշք չդարձրեց դրան, ոգևորված շարունակեց.

– Մի խոսքով, ծերուկ, անօթևան հարբեցողի նման չէր ամենևին, տեղը տեղին, սթափ ու կարգին կերպարանք ուներ, օրինակ, Աբբասն՝ իր տեսքով, նրա մոտ ոնց որ հարյուր տարվա բոմժ, – դավադիր ու հրճվախառն քռքռոցով ասաց Սիավուշը: – Լսիր, «Այս ցրտին մի թեթև տաքանալու միտք չունի՞ երիտասարդը», հարցրեց: «Չէր խանգարի», ասացի: Թե ինչի էդպես ասացի, ինքս էլ չեմ հասկանում: Երբեմն ինձ հետ պատահում է՝ հոսանքի հետ ընկած գնում եմ, առանց հաշիվ տալու՝ ո՞ւր, ինչո՞ւ: Շրջվեց, կանչեց ինչ-որ մեկին: Սա արագ մոտեցավ: Եռյակով կես շիշ օղի առնելը Մոսկվայում ընդունված կարգ է: Վերցրին փողը, գնացին խանութ: Դրսում կանգնած սպասում եմ, ինքս ինձ վրա ծիծաղելով, որ միանգամայն անծանոթ մարդկանց հետ ակամա էդպիսի անհեթեթ խաղի մեջ մտա: Բայց արդեն ուշ էր, հարկավոր էր սպասել: Սպասում եմ, իսկ նրանք չկան ու չկան: Ցրտից դոփդոփում եմ տեղում, նույնիսկ մտածեցի, որ խանութը, կարող է, ուրիշ ելք ունի, և որ նրանք, հավանորեն, օղին առել, գնացել են: Էդ մտքից կատաղությունս բռնեց մի փոքր, ու էդ պահին տեսա՝ միրուքավորը դուրս եկավ խանութից: Ականջավոր գլխարկն աչքերին քաշած, եկավ ու, առանց կանգ առնելու, անցողակի նայելով՝ արագ անցավ իմ կողքով: Դա ինձ խիստ զարմացրեց, բայց մտածեցի, որ օղին տակից են տալիս, երևի, էդպես է պետք, որպեսզի միլիցիա-բան չտեսնի: Երկրորդ ընկերը չկար, և ես դարձյալ մտածեցի, որ դա նույնպես, երևի, կոնսպիրացիայի ձև է: Միրուքավորը գնաց դեպի կողքի շենքը, մտավ շքամուտք՝ ես էլ նրա ետևից: Բարձրանում է սանդուղքներով ու ետ-ետ է նայում, երևի, երկրորդին է սպասում, մտածում եմ: Հասանք երրորդ հարկ, ես նույնպես ներքև նայեցի՝ երկրորդը չի՞ երևում արդյոք: Այդ կարճ ակնթարթին մի դուռ բացվեց, միրուքավորը իրեն գցեց ներս և դուռը շրխկոցով փակեց: Ծերուկ, ոնց որ թե կռանով հարվածեն Սիավուշի գլխին, մնացի շշմած: Ուշքի եկա ու կամաց թակում եմ դուռը՝ ոչ մի ձայն: Կատաղությունը կրկին գլուխ բարձրացրեց իմ մեջ: Պարզ է, ձեռ են առել: Ավելի ուժգին եմ ծեծում դուռը: «Ի՞նչ ես ուզում», հարցրին ներսից: «Իմ բաժին օղին», ասում եմ: «Հիմի միլիցիա կկանչեմ, քեզ օղի ցույց կտան»: Միրուքավորն էր երևի: Էստեղ ես լրիվ կորցրի ինձ: Օրը ցերեկով, ուրեմն, խաբեն քեզ ու դեռ միլիցիայով էլ ահաբեկե՞ն: «Մի թեյի բաժակ օղի, թե չէ դուռը ջարդում եմ», – մեյխանայի պես կրկնում էի և բռունցքներով ու ոտքերով խփում դռանը:

– Գլխով պիտի խփեիր, – խորհուրդ տվեց Աբբասը, զուսպ ծիծաղեց:

Հազի նոպայից հետո նա արդեն վախենում էր բարձր ծիծաղել: Սիավուշը քռքռաց, շարունակեց.

– Ինչ էր եկել վրես, Լեո, չեմ հասկանում: Վերջապես դուռը քիչ ետ գնաց, շղթա կար դռանը գցած, դռան արանքից թեյի զեհավոր բաժակը լի օղին մեկնեցին ու հետն էլ՝ «Ա՛ռ, խեղդվիր»: Վերցրի լիքը բաժակն ու անհուսալի հարբեցողի պես միանգամից գլխիս քաշեցի… Ամեն ինչ պարզվեց, հստակվեց, լուսավորվեց ու պայծառացավ, ի¯նչ կատաղություն, ի¯նչ բան՝ լրիվ անցավ, խաղա¯ղ ու գեղեցիկ աշխարհ, մարդիկ բա¯րի, սիրալիր ու սիրելի, հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, որ նրանց, այնուամենայնիվ, չհաջողվեց ինձ խաբել, ինքս ինձ վրա ծիծաղելով դուրս եկա փողոց ու հանկարծ, ծերուկ, քրտինքը տվեց ճակատիս. աչքերիս չէի հավատում՝ միրուքավորս ընկերոջ հետ շիշը ձեռներին ինձ են որոնում… Շփոթել էի, – գլուխն օրորելով ծիծաղեց Սիավուշը: – Ախր՝ նույն սև վերարկուն հագին, մորթի գլխարկով, – արդարացավ նա, ասաց, – լսիր, չորոշեցինք՝ ո՞ւր ենք գնում:

– Ուր ուզում եք, – դեռևս ծիծաղելով ասացի ես: – Գնանք կայարանի մոտ, հենց տեղում թոնրի հաց են թխում, կամ «Սեմաշկոյի» ետևի խորովածանոցը գնանք, ուզում եք՝ «Քարվանսարայ», ինձ համար մեկ է:

– Գնացինք, – ասաց Աբբասը և առաջինն ինքը դուրս եկավ միջանցք:

Ես զանգեցի Ռենային, ասացի.

– Էսմիրային ասա թող անհոգ մնա: Երեք տոմս եմ վերցրել ձեզ համար:

– Լեո, բա դո՞ւ, – սրտաշարժ քնքշությամբ արագ ասաց Ռենան:

– Ինձ համար, Ռեն, չկա ավելի մեծ հաճույք, քան այն, որ դուք երեքով պիտի գնաք այդ համերգին:

– Ցավեդ տանեմ, – ասաց նա:

Եվ դա աշխարհիս երեսին ամենամեծ պարգևն էր ինձ համար:


* * * * *


Համերգի օրը, լուսաբացին, անսպասելի մրրիկ բարձրացավ: Ես դուրս եկա պատշգամբ, որտեղից բարձր շենքերի արանքով, ինչպես խմբագրության իմ առանձնասենյակից, դեպի ծով իջնող նեղլիկ մի տեսարան էր բացվում: Ուշ երեկոներին ես այդտեղից հաճախակի եմ դիտում լուսնի վեհատեսիլ ընթացքը ծովի վրայով, նրա արտացոլումը խաղաղ ջրերի վրա: Պատահում է, լուսինը գլխիվայր ընկնում է ջուրը և երկար ժամանակ դանդաղորեն լող է տալիս մթության մեջ: Գիշերներն այնտեղ, ծովի խորքում, երևում է փարոսի համաչափ թարթոցը:

Ծովն այսօր մթագնած է՝ ինչպես երկինքը, ալիքները մոլեգնում, ծառս են լինում: Մրրիկին ընդդեմ ձիգ բարդիները գալարվում են, ասես ուր որ է պիտի ճղատվեն:

Հետո հորդ անձրև սկսեց: Ես կանգնել, ականջ էի դնում ջրի անդադար շառաչին՝ ջրհորդանների մեջ:

Իսկ հետո ամեն ինչ միանգամից խաղաղվեց, երկինքը պարզվեց և կարծես ո՛չ մրրիկ էր եղել, ո՛չ տեղատարափ անձրև:

Արևոտ, լուսաշող օր էր բացվում քաղաքի վրա:

Ես սպասում էի Ռենայի զանգին. նա համերգի տոմսերը դեռևս չէր վերցրել ինձնից: Վերջապես զանգեց, և դա համարյա օրվա վերջին էր: Ավտոմատից էր զանգում:

– Դու կարո՞ղ ես իջնել ներքև, – հարցրեց նա իր թավշե անուշ ձայնով:

– Չե՞ս ուզում բարձրանալ խմբագրություն:

– Ուզում եմ, – պատասխանեց նա ցածր ձայնով: – Բայց մենակ չեմ: Ավելի լավ է՝ ինքդ իջիր ներքև:

Եվ, չգիտես ինչու, հուզումը պատեց ինձ: Հասկացա՝ Էսմիրան ու Իրադան էլ այնտեղ են: Մի պահ քայլում էի սենյակում, սպասելով, որ անցնի հուզումը: Ապարդյուն:

Ես նրանց իսկույն տեսա. կանգնած էին փողոցի մյուս կողմում, ֆիլհարմոնիայի այգու մոտ՝ բարձրակրունկ կոշիկներով, տոնականորեն գեղեցիկ հագնված: Իրադան համարյա Ռենայի տարիքին էր, երևի մի երկու-երեք տարով էր մեծ, իսկ Էսմիրան, ես ճիշտ էի նկատել, Ռենայի նման էր՝ սլացիկ ու գեղիրան:

Երեք զույգ աչքեր հառված էին ինձ, իսկ ես չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, ինչպես անցնեի փողոցը, համենայն դեպս, Էսմիրայի և Իրադայի զննող, հետաքրքրասեր հայացքների ներքո:

– Բարև ձեզ, – ի վերջո անցնելով լայն փողոցն ու մոտենալով նրանց՝ շփոթված ասացի ես: – Ահա և տոմսերը:

Էսմիրան ձախ ձեռքով վերցրեց տոմսերը, աջ ձեռքը մեկնեց ինձ, ես ակամա իմ ափի մեջ առա նրա բարալիկ, սառը մատները:

– Էսմիրա, – ասաց նա՝ նայելով ինձ այնպիսի մի հայացքով, որով արբունքի հասած գեղեցիկ աղջիկները շփոթեցնում են և՛ ջահել, և՛ տարեց տղամարդկանց՝ թրթռացնելով նրանց սրտերը՝ ջահելներին հավանական հեռանկարով, մեծերին, ավաղ, ափսոսանքով միայն, որ այսպես աննկատելի անցավ իրենց ջահելությունը: – Շնորհակալություն տոմսերի համար:

Իրադան գլխի շարժումով պատասխանեց իմ ողջույնին, իսկ Ռենան միայն ժպտաց:

– Համերգին դեռ ժամանակ կա, – ասացի ես: – Գնա՛նք սրճարան. այստեղ ընտիր պաղպաղակ են տալիս:

– Կարելի է, – նրանց փոխարեն արագորեն պատասխանեց Էսմիրան լուսապայծառ ժպիտով:

Ժպիտը շատ էր սազում նրա սիրունիկ դեմքին:

– Էսմիրա, – սաստեց նրան Իրադան:

Բայց ո՞ւմ ես ասել:

– Գնացինք, ինչո՞ւ եք կանգնել, – ասաց նա, և մենք երկնահաս լորենիների լայն ծառուղով, ինչպես անտառի միջով, թռչունների դայլայլի ուղեկցությամբ, քայլեցինք դեպի Իչարի Շահարի պարսպի տակ գտնվող բացօթյա սրճարանը, ուր կարոտակեզ մի երգ էր ծորում մագնիտոֆոնը:

«Փթթուն գարնանը շատ թափառեցի ու երազ տեսա, որ իմ հետ ես դու», – երգում էր Յալչին Ռզազադեն:

Էսմիրան կանգ առավ, ցնծուն բերկրանքով շունչը պահած, լայն բացած ջինջ աչքերով նայեց արահետի վրա թեքված լորենու ճյուղերին, որոնց վրա խաղալով վազվզում էր դարչնադեղնավուն մի սկյուռ: Ճյուղից ճյուղ թռչելով՝ սկյուռը սլացավ ծառն ի վեր, լորենու ամենաբարձր կատարին, երկնքին քսվող ճյուղերի վրա մի պահ երևաց նրա հրաշեկ պոչը, դողդողաց ու անհետացավ սաղարթների մեջ:

– Մի երկու հոգի դահլիճում ուշաթափվելու են, – շրջվելով ասաց Էսմիրան անթաքույց հրճվանքով: – Նրանք համոզված էին, որ ինձ չի հաջողվի տոմս գտնել:

Նա հտպիտ հայացքով նայեց ինձ. ժպիտը շարունակ ծաղկում էր նրա սևորակ կայծկլտուն աչքերում, շուրթերի վրա, տարածվում ամբողջ դեմքին: Ժպիտ էր ծաղկում անգամ ձյունից ճերմակ, շաքարասպիտակ պսպղուն ատամների վրա:

– Եվ այն էլ բեմից ոչ հեռու, երրորդ շարքում, – գոհ, որ դա ուրախություն պիտի պատճառի նրան, ասացի ես:

– Ինչպե՞ս, – իսկապես ուրախացավ Էսմիրան: – Երրորդ շարք, իսկ նրանցը գիտե՞ք որտեղ է՝ ամենավերջին կարգում: Աման ալլահ, նախանձից պայթելու են:

– Իսկ գիտե՞ս ում էին պատկանում այդ տոմսերը, – նրա հետաքրքրությունն ավելի բորբոքեցի ես:

– Ո՞ւմ, – վառվող աչքերով շեղակի նայելով ինձ, հարցրեց Էսմիրան:

– Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ Անարին:

– Անարի՞ն: – Էսմիրան կանգ առավ, նրա խոշոր, շքեղ աչքերում մի արտակարգ լույս էր փայլում: – Ես կարդացել եմ նրա վեպը՝ «Վեցերորդ հարկ՝ հինգ հարկանի շենքում»: Սքանչելի գործ է: Թահմինայի մահն ինձ ցնցել է… Ոչ ոք չի հավատալու: Ոչ ոք: Մեր գրողներից ովքե՞ր են ամենալավը, գիտե՞ք: Ասեմ՝ Անար, Էլչին, Աքրամ Այլիսլի, Իբրահիմբեկով եղբայրները, Չինգիզ Հյուսեյնով: Կարդացե՞լ եք Հյուսեյնովի վիպակը՝ «Մագոմեդ, Մամեդ, Մամիշ»: Սքանչելի վիպակ է: Գլխավոր հերոսուհու անունը նույնպես Ռենա է, բայց, դե, անբարոյական վարքի տեր ու խորամանկի մեկն է նա, իմ քույրիկը նրա լրիվ հակապատկերն է: Անարի տոմսերը… Բայց հո տեսնելու են, թե որտեղ եմ նստած:

bannerbanner