Читать книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) (Լևոն Ադյան) онлайн бесплатно на Bookz (23-ая страница книги)
bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)Полная версия
Оценить:
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

4

Полная версия:

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

– Միրալի մուալլիմ, – նստելով մահճակալին, շողոմ ու խռպոտ ձայնով ասաց Ալլահվերդին: – Տեսնում եմ, ֆենոմենալ հիշողություն ունեք և պատմություն էլ լավ գիտեք: Ես էլ վատ չգիտեմ, բայց ես գրականության մասնագետ եմ, ի միջի այլոց, բանաստեղծությունների մի երկու գիրք եմ հրատարակել: Լսած կլինեք՝ Ալլահվերդի Մամեդլի: Մի խոսքով, պատմության մասնագետ չեմ: Ռասուլ Ռզայի երկերի վեցհատորյակը ես եմ խմբագրել, շատ անգամ եմ հանդիպել նրա հետ Պասսաժի՝ երկրորդ հարկի իր շքեղ տանը: Նա ասում էր, որ Ղարաբաղի հայերը եկվոր են, Գրիբոյեդովն է նրանց Իրանից փոխադրել մեզ մոտ՝ Ադրբեջան: Նա մի բան էլ է ասել, որ չի գնում իմ մտքից: Ասում էր՝ հողը, ձին և սեփական կնոջը ուրիշի տալ չի կարելի, դրանք, ասում էր, արյան գնով են նվաճվում:

– Ես եղել եմ Ֆրանսիայի ազգային գրադարանում, այնտեղ 17-րդ դարի մի հազվագյուտ քարտեզ է պահպանվում, իտալացի հայտնի քարտեզագետ Ջակոմա Կանտելլիի գծագրած քարտեզն է, ըստ որի՝ Արաքս գետից աջ ու ձախ ընկած տարածություններում, ընդհուպ մինչև Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը, հայեր են ապրել: Միայն հայեր: Մեր հետքն անգամ էդ տեղերում չի եղել: Այդ քարտեզում Հայաստանի մեջ են ընգրկված ոչ միայն Վանը, Կարինը, մեր լեզվով՝ Էրզրում, Ղարսն ու Անին, այլև Նախիջևանը, Շուշին ու Ջուղան, որ մենք հետագայում կոչեցինք Ջուլֆա: Ի՞նչ են գրում աշխարհի հանրագիտարանները մեր մասին: Ասեմ՝ ոչինչ չեն գրում: Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով: Ռուսական կայսրության Բրոքգաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակվել է 1913-ից: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում, ուր Ադրբեջան անունը վերաբերում է բացառապես Իրանական Ատրպատականին: Որևէ Կովկասյան Ադրբեջանի մասին հանրագիտարանում խոսք չկա: Ըստ հանրագիտարանի՝ Ադրբեջանը հյուսիսից սահմանակից է Կովկասին: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ադրբեջան չկա, այլ միայն Կովկասից հարավ: Հանրագիտարանը որպես մահմեդական աշխարհի հետ շփումներ ունեցող և աշխարհագրորեն մոտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթե Ատրպատական-Ադրբեջանի բաժինը գրքում զբաղեցնում է մեկուկես էջ, Հայաստանինը՝ տասնչորս էջ է, իսկ Ղարաբաղի մասով նշվում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը: Բրիտանական հանրագիտարանում նույնպես Կովկասյան Ադրբեջանի մասին հիշատակում չկա: Բրոքգաուզի և Եֆրոնի՝ Սանկտ-Պետերբուրգում հրատարակած «Մեծ հանրագիտարանում» քո հարցի պատասխանը կա: Բայց, ոչինչ, սպասիր մի ադելֆան խմեմ, պատասխանդ տամ, – երկար ընդմիջումից հետո խոսեց Միրալի մուալլիմը: – Ճնշումս մի քիչ բարձրացավ:

Ես լսեցի շշից բաժակի մեջ թափվող ջրի ձայնը: Երևի նա դեղահաբից հետո ջուր էր խմում: Պառկա՞ծ էր նա, թե նստած՝ չգիտեի, ես չէի տեսնում նրան: Ալլահվերդին՝ ձեռքը ծնոտի տակ, սպասում էր իր հարցի պատասխանին:

– Այդ հանրագիտարանում, – հանդարտ սկսեց Միրալի մուալլիմը, – «Ադրբեջանը» գործածված է որպես զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ որպես երկիր, պետություն: Դու ճիշտ ես, – դառնալով Ալլահվերդուն, ասաց Միրալի մուալլիմը, – եթե բնությունն ինձ մի լավ բան է տվել, ապա դա, իրոք, բացառիկ հիշողությունն է, դրա համար հատորն էլ կարող եմ ասել, էջն էլ՝ երկրորդ հատոր, էջ՝ 212: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը… բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հայ և հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝ Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին՝ ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի այս ամբողջ տարածքում, Ադրբեջան անունով երկիր չի եղել ու չկար, գոյություն չուներ: Տասնյոթերորդ դարի թուրք պատմիչ Չելեբին «Ջիհան-նյումա»-ում բերում է 1222 թվականին վախճանված Մակամատայի Շարնեշի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կազմված է երեք մասից, դրանցից առաջինը Դեբիլն է, Կալիկալան, Խլաթն ու Շեմիսաթը, երկրորդը՝ Պարտավը, Բայլականը, երրորդը՝ Նախիջևանը: Պարտավն ու Բայլականը ընդգրկում էին ողջ Կուր-արաքսյան միջագետքը, այսինքն՝ Առանը, որը, ըստ արաբ, պարսիկ, թուրք, եվրոպացի հեղինակների՝ Հայաստանի հյուսիս-արևելյան մասն էր կազմում: Առանի մայրաքաղաք Պարտավը, այսօրվա Բարդա քաղաքն այսինքն, միջնադարում Էրմյանի Շեհար* էր կոչվում, Բարդայի մոտ, հսկա չինարու տակ, այսօր էլ աղբյուր է բխում՝ Էրմյանի Բուլագ** անունով: – Մի խոսքով, – հանգիստ տոնով շարունակեց Միրալի մուալլիմը, – Ադրբեջան անունով երկիր չկար այս տեղերում, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ Դաղստանի, Հայաստանի, Վրաստանի և Թալիշստանի հաշվին՝ մեր եղբայրակից թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր զեկույցները, բոլոր հարցերը Լենինը նրան էր մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Մեզ հատկացված այդ տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, թաթար, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով նորաստեղծ երկրին տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել և այդ պատմությունը: Ստալինի առաջարկությամբ երեսունութ թվականին ռուս գիտնական Դյակոնովի գլխավորությամբ

*Էրմյանի ՇեհարՀայի քաղաք

**Էրմյանի ԲուլագՀայի աղբյուր


հանձնաժողով ստեղծվեց, որի մեջ մտնում էր նաև հայ պատմաբան Սուրեն Երեմյանը: Նրանց գործն այնուհետև շարունակեց Յանպոլսկին, վաթսունական թվականներից սկսած Զիա Բունիաթովը և ուրիշներ: Սկզբում խոսք կար միդիացիներին համարել մեր նախահայրերը, հետո որոշվեց՝ աղվաններին: Մեզ մոտ՝ Բաքվում, քսաներեք թվականին գիրք է հրատարակվել «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի

Պախոմովն է հեղինակը, ինչ որ ասում եմ, այնտեղ լրիվ կա, կարող եք կարդալ: Եթե գտնեք իհարկե… – Նա քիչ հապաղեց, ավելացրեց, – Ասենք, հազիվ թե գտնեք:

– Ինչո՞ւ, – տարակուսեց Ալլահվերդին:

– Սուլթան Աբդուլլա Համիդի՝ գրաքննության մասին հայտնի հրահանգի յոթերորդ հոդվածով Օսմանյան տերության մեջ արգելված էր «Հայկական լեռնաշխարհ», «Հայաստան» և պատմության ու աշխարհագրության վերաբերյալ նման այլ անունների հիշատակումը: Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ:

Տիրեց լռություն:

– Իսկ Ռասուլ Ռզան քեզ չի՞ ասել, որ Բալաբեկ Լալաևի այդ շքեղ տան մեջ, ուր նա փառավորապես ապրում է, քսանչորս հոգու՝ բոլոր տնեցիներին, մանկահասակ երեխաների հետ միասին, իր եղբայրակիցները մորթոտել են հինգ թվականի փետրվարի իննին, իսկ իրեն՝ Լալաևին ու նրա կնոջը, ուղղակի տան սանդուղքների վրա գնդակահարել են՝ տիրելով նրա շքեղ տանն ու ունեցվածքին:

Նորից լռություն:

– Թե Ռասուլ Ռզան քեզ ինչ է ասել, ես չգիտեմ, քեզ է ասել, ինձ չի ասել, – ի վերջո կրկին խոսեց Միրալին մուալլիմը: – Ինչ վերաբերում է Գրիբոյեդովին, դա ճիշտ է: Նրա աջակցությամբ և անմիջական օգնությամբ, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից 1604-1605 թվականներին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան, ավերելով նրանց գյուղերն ու քաղաքները: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ վերադարձած հայերով բնակեցված ընդամենը մի քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն այս Սաղյանում հայերեն դպրոց է հիմնել: Այն, ինչ կասեմ ձեզ, ինչպես քիչ առաջ ասացի, ես ուրիշ տեղ չեմ պատմի, իհարկե: Հայերն ասում են՝ շիտակ խոսողի ձին դուռնա պետք: Բայց ճշմարտությունն իմանալ պարտավոր ենք… Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում (տարբեր ժամանակներում կոչվել է նաև Օրխիստան, Ծավդեք, Փոքր Սյունիք, Հայոց Արևելից աշխարհ, Խաչեն), սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում են վաղնջական ժամանակներից և ոչ թե Գրիբոյեդովից հետո: Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարի առաջին կեսին իր նամակը չէր հղի՝ «Հայաստան, Խաչենի իշխաններին»: Բնիկ շուշեցի, մեր դասական գրող Յուսիֆ Վեզիր Չեմենզամանլիի «Ալի և Նինո» վեպում մի հատված կա, ուր նկարագրվում է, թե ինչպես Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր ադրբեջանցին մանրամասնորեն պատմում է իրենց նախնիների Ղարաբաղ գալու մասին ու նաև բացատրում է, որ հնում Ղարաբաղը կոչվում էր Աղվանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ: Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ալիշան ու Օրբելի, նմանապես արաբական ու հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն: Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, դրանք ինքնաթիռներով փոխադրել հնարավոր չէ, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները: Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները: Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Ժան Շարդենի, Ջակոմա Քանտելլիի, Շառլ Դիլի, Տրեվերի, իբն Խաուկալի, էլ որ մեկն ասեմ՝ Վոլտեմարի, Ալ-Իստակամի, Լինչի, Ալ Մուգադասինի, Աբուլ-Ալ-Ֆարաջի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների աշխատություններում, այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի մեր բոլոր պատմաբանների գործերում: Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները:

– Ուրեմն նրանց Գրիբոյեդո՞վը չի բերել մեզ մոտ, – տեղից ասաց Հաֆիզը:

– Այսքանը բացատրելուց հետո, եթե դու այդպիսի հարց ես տալիս, արժե՞ որ ես շարունակեմ, – հոգնաձայն, մի տեսակ նեղացած, ասաց Միրալի մուալլիմը, սակայն, այնուամենայնիվ, շարունակեց: – Ղարաբաղի հայ մելիքները, սկսած տասնվեցերորդ դարի վերջերից, դիվանագիտական կապեր ունեին Եվրոպական մի շարք պետությունների ու Ռուսաստանի հետ: Հրատարակված են այդ հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Եվրոպական պետությունները Արցախ-Ղարաբաղի հայ մելիքներին ճանաչել են որպես ինքնուրույն, անկախ իշխանների: Պահպանվում են կաթողիկոս Եսայի ու հայ մելիքների նամակները՝ ուղված ինչպես Հռոմի Պապին, այնպես էլ Պետրոս Մեծին, գրված Գանձասարում 1701 թվականին, որտեղ նրանք օգնություն են խնդրում Պապից ու ռուսաց թագավորից, կա ևս երկու նամակ՝ գրված Շուշի բերդում 1726-ին և 1729-ին, Ղարաբաղ մտած թուրքական քառասուն հազարանոց զորքի մասին, կան Պետրոս Մեծի հրովարտակը, Պավելի կայսերական շնորհագիրը՝ ուղղված Ղարաբաղի մելիքներին, ուր կոնկրետ նշված է հայ բնակչության թիվը Ղարաբաղում՝ տասնմեկ հազար ընտանիք, եղել են նույնիսկ խոստումներ՝ Եկատերինա Երկրորդի կողմից՝ Արցախում վերաստեղծելու հայկական պետություն: Վերջապես, մինչև հիմա էլ կանգնած են չորրորդ դարում կառուցած Ամարասի վանքը, որտեղ նույնպես Մեսրոպ Մաշտոցը հինգերորդ դարի սկզբին հայերեն լեզվով դպրոց է բացել, Գտիչ վանքը՝ կառուցված իններորդ դարում, Գանձասարի վանքն ու Դադիվանքը՝ կառուցված տասներկուերորդ դարում, որոնք Յակոբսոնը հայ ճարտարապետության հանրագիտարան է համարում: Քո էդ ասած ժամանակում Շուշի քաղաքում արդեն հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում:

– Բա մեր Փահան խա՞նը, Իբրահիմ խա՞նը, Մեհթի Գուլի խա՞նը, – նախահարձակ լինելու փորձ արեց Ալլահվերդին:

– Այ, դրանք արդեն եկվոր էին, – պատասխանը չուշացրեց Միրալի մուալլիմը: – Հենց նոր իմ նշած Պախոմովի մոտ հանգամանորեն կա այդ մասին: Օգտվելով հայ մելիքների ներքին երկպառակտությունից՝ Պարսկաստանից փախած միջինասիական քոչվոր սարաջալլու ցեղապետ Փանահ-Ալին բարեկամանում է Վարանդայի մելիք Շահնազար Երկրորդի հետ, որը սպանելով հարազատ եղբորը, տիրացել էր մելիքական ժառանգությանն ու տիտղոսին՝ առաջացնելով մյուս մելիքների թշնամանքն իր հանդեպ: Փանահ-Ալին մինչ այդ Նադիր շահի կողմից Պարսկաստանում գլխատման էր դատապարտված և փախել, պատսպարվում էր Ջրաբերդի հայ մելիք Ալլահղուլի-սուլթանի մոտ, ընդ որում, նա վերջում գլխատել տվեց իր փրկարարին, որը բազմիցս հաղորդել էր Նադիր շահին, թե իբր իր «աշխարում էդպիսի մարդ չկա»: Մելիք Շահնազարը, իրեն մատուցած ծառայությունների համար, Ավան յուզբաշու՝ 1720-ականներին կառուցած Շուշի բերդը, որն, ի միջի այլոց, մինչև բերդ դառնալը, Կարկառ անունով առևտրական քաղաք է եղել, նվիրում է իր նոր բարեկամին: Միջնադարի այդ Կարկառի մասին տեղեկություններ կարելի է գտնել ոչ միայն հայկական, այլ վրացական, պարսկական և արաբական աղբյուրներում: Երևանի Մատենադարանում Կարկառ բերդում ստեղծված ավետարան կա, իմ աչքով եմ տեսել: Ամրանալով տեղում, Փանահ-Ալին իրեն հռչակում է խան, չնայած, այդպես էլ մինչև վերջ Ղարաբաղի բոլոր մելիքները՝ և՛ Վարանդայի, և՛ Խաչենի, և՛ Դիզակի և՛ Ջրաբերդի, և՛ Գյուլիստանի, չեն ենթարկվում ո՛չ նրան և ո՛չ էլ նրա ժառանգներին՝ Իբրահիմ խանին ու Մեհթի խանին, որի փախուստով Պարսկաստան՝ 1822–ին, ավարտվում է մոտ յոթանասուն տարի տևող այդ խանությունը: Ղարաբաղի հայկական հինգ մելիքների տարածքում Փանահ խանը հայտնվել էր պատահականորեն: Նա նույնիսկ մի տեղ չուներ, որ ծառայեր նրանց որպես տոհմական գերեզմանոց: Խաչենի Հասան Ջալալյան իշխանները նրան հողամաս են տրամադրում այժմյան Աղդամի մոտ: Մինչև Փանահ խանը Ղարաբաղի ամբողջ տարածքում ոչ մի մուսուլմանական բնակավայր չի եղել: Դա չեն ժխտում նաև խանի գրագիրները: Նույնն է ասում և Չիչերինը: Նա Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները: Եվ պատահական չէ, որ մենք այդ ամբողջ տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չունենք, որովհետև մեր նախնիները ո՛չ քաղաքներ են հիմնել և ո՛չ էլ ամրոցներ կառուցել, այլ մի արոտավայրից տեղափոխվել են մի այլ արոտավայր… Ինչ վերաբերում է Կովկասյան Ալբանիային՝ այսինքն, այն հնուց ի վեր սահմանակից է եղել Հայաստանին, իսկ Քուռ գետը, որ հնում կոչվում էր նաև Կիրոս, Կիր, եղել է նրանց սահմանը: Այն մասին, որ Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը Հայաստան էր, իսկ ձախափնյա մասը՝ մինչև տասներորդ դարի սկզբները պատկանում էր Ալբանիային, որովհետև տասներորդ դարից հետո «Ալբանիա» այլևս գոյություն չուներ, կա և՛ Ստրաբոնի մոտ, ինչպես ասացի, և՛ Պլուտարքոսի մոտ, և՛ Դիոն Կասիոսի մոտ, ինչպես նաև անտիկ աշխարհի մի շարք պատմիչների մոտ, որոնք բոլորն էլ, որպես Ալբանիայի սահմաններ նշում են Կովկասյան լեռները, Կասպից ծովը, Քուռ և Արաքս գետերը: Հին ժամանակներից եկող առած կա, ասում է. «Քուռ գետն ի՞նչ ունի»: Պատասխանը. «Երկու ափ ունի՝ Հայաստանում է մեկը, մյուսը՝ ալանների մոտ»: Մի խոսքով, Կովկասյան Ալբանիան զբաղեցրել է Քուռ գետի ձախափնյա մասը, ուր բնակվում էին քսանվեց քրիստոնյա ցեղեր, որոնց հետագայում, ութերորդ դարում, արաբները կրոնափոխ արեցին: Մեսրոպ Մաշտոցը չորս հարյուր քսանական թվականներին այդ ցեղերից մեկի՝ գարգարացիների համար գրեր է ստեղծել, սակայն դրանք գործնական կիրառություն չեն ունեցել: Այն էլ ասեմ, որ, համաձայն հին աղբյուրներում պահպանվող նյութերի, Ղուբայում, Խաչմազում, Դյավաչիում, Կուտկաշենում, Վարդաշենում, Շաքիում ու Կովկասյան Ալբանիայի այլ տեղերում, տասնհինգ հազար ութհարյուր ծուխ հայեր ևս՝ բոլորն էլ տարբեր ժամանակներում Արցախ-Ղարաբաղի զանազան գյուղերից փոխադրված, նույնպես բռնի հավատափոխ են արվել:

– Ակադեմիկոս Զիա Բունիաթովը, Ֆարիդա Մամեդովան, Ախունդովը, Գյոյուշևը, մյուսները, այլ կարծիք ունեն: Մասնավորապես Ֆարիդա խանումը պնդում է, որ հայերը եկվոր, օտարամուտ ժողովուրդ են: Բայց սա թողնենք մի կողմ, – հաշտվողաբար ասաց Ալլահվերդին՝ բարձը դնելով պատի կողմն ու մեջքով հենվելով բարձին: – Ինչո՞ւ հայերն օսմանյան պետությունում ամեն անգամ դավաճանում էին թուրքերին, անցնում ռուսների կողմը:

– Ի՞նչ է ասում Ուինստոն Չերչիլը՝ «Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»: Այդպես է, քաղաքականության մեջ չկան դավաճան կամ բարեկամ ազգեր, – նույն խաղաղ, անշտապ հանգստությամբ բացատրեց Միրալի մուալլիմը: – Կան միայն քաղաքական և ազգային շահեր: Հանուն այդ ազգային շահերի էլ տվյալ պետությունը կամ ժողովուրդը կառուցում ու վարում է այս կամ այն քաղաքականությունը: Ռուս-թուրքական բոլոր ընդհարումների ժամանակ, այո, հայերը մշտապես անցել են ռուսների կողմը՝ ընդդեմ թուրքերի: Ռուսները զանազան խոստումներով ու բացարձակ խաբեությամբ օգտագործում էին հայերին և միշտ էլ լքում՝ թողնելով նրանց հակառակորդի դեմ մեն-մենակ:

– Տասնհինգ թվի հայերի մեծ ջարդը հենց նրա համար էր, որ նորից չանցնեն ռուսների կողմը, – ոգևորված հարեց Ալլահվերդին: – Որովհետև Նիկոլայ Երկրորդ ցարը Թիֆլիսում՝ հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, ոսկու սարեր էր խոստացել: Հայերը ոգևորված էին… Ճշմարիտ էր Տակիտոսը, երբ անվստահելի ժողովուրդ էր համարում նրանց, – ավելացրեց նա՝ աշխուժորեն շարժվելով տեղում:

– Եգիպտացի հայտնի պատմաբան Մուհամմեդ Ռեֆատ ալ-Իմամի խոսքերով, Օսմանյան տիրության մեջ հայ ժողովրդին կոչում էին «Միլլաթ Սադըկի», այսինքն՝ ազնիվ համայնք՝ երկրի ու սուլթանի հանդեպ ունեցած հենց այդ ազնվության ու հավատարմության համար: Ասեմ նաև, որ սուլթանի անձնական գանձերի և տիրության գանձատան նախարարությունը, մասնավորապես Աբդուլ Համիդ 2-րդի օրոք, հիմնականում վստահվել է միայն հայերին: Սա ի միջի այլոց… Քիչ առաջ դու վկայակոչում էիր Մամեդովային` հայերին համարելով եկվոր, օտարամուտ ժողովուրդ, – անկեղծ դառնությամբ խոսեց Միրալի մուալլիմը: – Իսկ ահա, հայոց քառասունմեկերորդ արքա Զարմայրը` Հայկ Նահապետի սերնդից, հայկական և եթովպիական զորքերին առաջնորդել է Տրոյայի պատերազմում` ընդդեմ հելլենների: Այդ պատերազմում Զարմայրը մահացու վիրավորվեց Աքիլլեսի արձակած նետից: Մի այլ օրինակ. գերմանացի Կարստեն Նիբուրն արտագրել, Գերմանիա է տարել Բեհիսթունի լեռանը փորագրված սեպագիր արձանագրությունը, այն վերծանելուց հետո քսանվեցերորդ պարագրաֆում կարդացել են` ես իմ հայ ծառա Դադարսիսին ուղարկեցի Հայաստան: Բեհիսթունյան սեպագիրը գրվել է մեզնից ավելի քան 2500 տարի առաջ: Դա հայերի մասին հնագույն արձանագրություններից է… Ինչպես Թիղլատպալասարը՝ մեր թվարկությունից առաջ տասներկուերորդ դարում, այնպես էլ հինգերորդ դարի սկզբին ծնված Հերոդոտոսն ու առաջին դարում ապրած քո այդ Տակիտոսը վկայում են, որ հայերն այստեղ գոյություն ունեին դեռևս մեր թվարկությունից շատ-շատ առաջ: Անդրադառնալով Հռոմի կայսր Տիբերիոսի եղբոր որդու՝ զորավար Գերմանիկի դեմ որոգայթներ լարող քաղաքագետներին, Տակիտոսը նշում է, որ Գերմանիկն իր առաջին հոգսը համարեց արագ հասնել հայերի մոտ, որոնց հողերը դարեր ի վեր, լավ լսիր, սա նրա խոսքերն են՝ դարեր ի վեր սահմանակից լինելով հռոմեական գավառներին, խոր սեպի պես խրված են միդիացիների տիրույթների մեջ… Յոթանասուն թվականնների մոտերքին, դարձյալ մեր թվարկությունից այն կողմ, Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենախոշոր տերություններից մեկն էր, գրավում էր ընդարձակ տարածքներ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Կովկասից մինչև Պաղեստին ու Կիլիկիա: Բաբելոնի՝ մինչև մեր օրերը հասած կավե քարտեզի վրա վեց երկիր է նշված ընդամենը, որից մեկը Հայաստանն է… Մեր շատ պատմաբաններ, այդ թվում և Բունիաթովի աշակերտուհի Մամեդովան, ըստ երևույթին, կարիք չեն զգում կարդալու օտարազգի հեղինակներին՝ իրենց, այսպես ասած, վերացական, անհիմն դատողություններով անհարմար դրության մեջ դնելով և՛ իրենց, և՛ մեզ: Եթե կարդային, ամենայն հավանականությամբ, կտեսնեին, որ ըստ Քսենոփոնի՝ միջին դարերում փակ համարվող Չինաստան միայն հայերը մուտքի իրավունք ունեին, այդ պատճառով էլ եվրոպացի ճանապարհորդները հագնվում էին հայ վաճառականների նման, որպիսզի նմանվելով հայերին՝ իրավունք ստանային մուտք գործել Չինաստանի մայրաքաղաք կամ մեծ քաղաքների շուկաներ: Կրկնում եմ, եթե կարդային, իրոք կտեսնեին, որ օտարազգի այդ հեղինակները անխտիր ոչ թե հայերին, այլ մեզ են օտարամուտ, եկվոր ցեղեր համարում: Իսկ իրողությունը, իրոք, այն է, որ մենք բնիկ ժողովուրդ չենք: Հայտնի կովկասագետ Բեյդենբաումի՝ 1917 թվականի «Կավկազսկի կալենդարում» տպագրված ծավալուն հետազոտությունն անհերքելիորեն ապացուցում է, որ Անդրկովկասի մահմեդականները ներկայացուցիչներն են մոնղոլական ռասայի, մնացուկները Բայկալի այն կողմերից եկած թյուրք-թաթարական ցեղերի, որոնց համար, որպես տափաստանային քոչվոր ցեղերի, այս տարածքները շատ բարենպաստ էին, և նրանք մնացին ու բազմացան այս տեղերում… Դառնալով հայերի մեծ ջարդին, – ավելացրեց նա հոգնաձայն, – վատ չէր լինի իմանայիք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլեր Ադենաուերը Երուսաղեմում, Լացի պատի առջև, ծնկաչոք ներողություն է խնդրել՝ հրեա ժողովրդի հանդեպ հիտլերյան ֆաշիզմի գործած ոճրագործության համար: Ընդ որում, այդ ոճրագործությունը տեղի է ունեցել ուրիշի երկրում՝ Գերմանիայում, այնինչ հայերին բնաջնջել են նրանց սեփական հայրենիքում, Արևմտյան Հայաստանում: Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման քաղաքականությունը որդեգրվել է դեռևս տասնիններորդ դարի վերջերին, այլ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամ 1915-ին: Աշխարհի բազմաթիվ պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, – շարունակեց նա: – Թուրքիան չի ուզում ընդունել: Պարզ է, այդ ո՞ր հանցագործն է կամովին ընդունում իր հանցանքը: Չի ուզում ընդունել, որովհետև շատերը նրանցից, ովքեր Աթաթուրքի կառավարությունում բարձր պաշտոններ էին վարում և այսօր ներկայացված են որպես ազգային հերոսներ, ոչ միայն մեղսակից են հայոց ցեղասպանության մեջ, այլև մեծ հարստություն են դիզել հարյուր հազարավոր սպանվածների հաշվին: Թուրքիան հայերից գողացել էր ոչ միայն նրանց հայրենիքը, այլև նրանց մանկանց, որոնց զրկել էր իրենց ծնողներից, պատկանելությունից, լեզվից, մշակույթից, կրոնից, տուն ու տեղից: Երկու դաշնակից պետություններ` Թուրքիան ու Գերմանիան, քսաներորդ դարում իրար քաջալերելով, իրագործեցին համայն մարդկության դեմ ուղղված ամենահրեշավոր ոճիրները՝ Հայոց Եղեռնն ու Հրեական Հոլոքոստը: Այո, Թուրքիան չի ուզում ընդունել հայոց ցեղասպանությունը, որովհետև ընդունելով՝ ստիպված պիտի լինի ետ տալ Հայաստանի հողերը՝ Արարատ լեռան հարակից տարածքները, Վանա ծովը, Մուշի և Սասունի լեռնային շրջաններն ու հյուսիս-արևելյան մի շարք վիլայեթներ, ինչպես նաև վերադարձնել սպանված հայերի՝ հարյուր միլիարդավոր դոլլարների հասնող դրամը՝ զանազան բանկերում, փոխհատուցել հայերին հասցված նյութական ու բարոյական ամբողջ վնասը: Ահա թե ինչու չի ընդունում: Լավ իմացեք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց: Թուրքական կառավարությունը չի ընդունում, բայց թուրք առաջադեմ մարդիկ ընդունում են. համաշխարհային ճանաչում ունեցող գրող Նազիմ Հիքմաթը, շեյխ Ֆայազ էլ-Հյուսեյնը, ուրիշները… Ե՞րբ պիտի Թուրքիան ծնկաչոք ներողություն խնդրի հայերից՝ սուլթան Համիդից սկսած մինչև Թալեաթ ու Մուստաֆա Քեմալ, հայերի հանդեպ իրագործած ցեղասպանության համար, նաև այն հանցագործությունների համար, որ թուրքերի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան մեզ մոտ հազար ինը հարյուր հինգ ու տասնութ-քսան թվերին: Իսկ ե՞րբ պետք է հայերի առջև մեղա գանք նաև մենք՝ այդ նույն հինգ ու տասնութ-քսան թվականների համար ու նաև այն ոճրագործությունների համար, որ տեղի ունեցան Սումգայիթում ու տեղի են ունենում այսօր՝ մեր աչքի առաջ: Այս գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար: Սումգայիթում, ըստ Զիա Բունիաթովի, յոթ հարյուր հայ է զոհվել: Թե որքանով է դա ճիշտ, ստույգ ասել չեմ կարող, պաշտոնական տվյալներով՝ երեսուներկու զոհ է եղել ընդամենը, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության օպերատիվ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովն իր հարցազրույցներից մեկում նույնն է նշում համարյա՝ որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ Բունիաթովի բերած թիվը՝ յոթ հարյուր զոհ, ամենայն հավանականությամբ, մոտ է ճշմարտությանը: Այն էլ ասեմ, որ աշխարհի ամենամեծ անամոթությունը սեփական մեղքերի ուրացումն է:

Կրկին ջրի կլկլոց լսվեց: Երևի դարձյալ դեղ էր խմում:

– Համաշխարային քաղաքակրթությունն անհնարին է պատկերացնել առանց հայերի, – քիչ անց շարունակեց Միրալի մուալլիմը: – Սա մենակ ես չեմ ասում, աշխարհի երևելի մարդիկ են ասել՝ սկսած Բայրոնից ու Մագդա Նեյմանից մինչև Մարի-Ֆելիստե Բրոսսե, մինչև Անդրեյ Սախարով, մինչև Դմիտրի Լիխաչով ու Դևիդ Լենգ: Հայերը երկու հազար տարվա թատրոն ունեն, իսկ մեր թատրոններում մինչև վերջերս տղամարդիկ էին խաղում կանանց դերերում, Մատենադարան ունեն, հոյակապ մանրանկարչություն, ճարտարապետություն ու միջնադարյան քնարական վեհասքանչ պոեզիա ունեն, որը Վալերի Բրյուսովը համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկն է համարում: Նրանք Թորոս Ռոսլին, Սայաթ-Նովա ու Փարաջանով են տվել աշխարհին, Զվարթնոց ու Գեղարդ են տվել, Նարեկացի ու Այվազովսկի են տվել, որը վեց հազար մեծարժեք կտավների հեղինակ է, ամբողջ աշխարհում առաջինը նրանք ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, քրիստոնեությունն ընդունելուց ուղիղ ութսունվեց տարի հետո Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար մեջ բաժանեցին Հայաստանը, այնուհետև հայերը կորցրին իրենց պետականությունը, ոչնչացվեց նրանց գիրն ու գրականությունը, բայց հարյուր տարի հետո նրանք նոր այբուբեն ստեղծեցին, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր, իսկ մենք, ահա, մինչ այսօր, ցավոք, սեփական այբուբեն էլ չունենք, կարճ ժամանակում ութ անգամ փոփոխել ենք մեր այբուբենը, ավելին ասեմ, թեկուզ դուք էլ դա լավ գիտեք: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ինչքա՞ն էր հայերի թիվը՝ մեկուկես միլիոն: Մեկուկես միլիոն հայությունը վեց հարյուր հազար զինվոր ուղարկեց ռազմաճակատ, որոնցից ուղիղ կեսը՝ երեք հարյուր հազարը, զոհվեց կռվում: Թվով մեզնից երեք անգամ քիչ բնակչություն ունենալով հանդերձ, Հայրենական մեծ պատերազմում հայերը Սովետական Միության հարյուրից ավել հերոս ու այդքան էլ գեներալներ տվեցին: Հաշվի առեք, բազմամիլիոն Միջին Ասիան ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն էլ հետը, մարտական ոչ մի մարշալ չտվեց, իսկ հայերը տվեցին և այն էլ, տեսեք քանիսը՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով-Խանփերյանց, Իսակով, ի դեպ՝ բոլորն էլ ղարաբաղցի, իսկ մեր տված հերոսների թիվը, դժբախտաբար, չորս տասնյակից չի անցնում, ընդ որում, այդ չորս տասնյակի համարյա կեսը թալիշ են, լեզգի, ավարցի, քուրդ, թաթ և այլն: Իսկ մարտական գեներալ երկուսն ենք տվել ընդամենը՝ Հազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը, մեկն ազգությամբ թալիշ, մյուսը՝ լեզգի: Ասացեք տեսնեմ, Սումգայիթի արյունախում բարբարոսներից ու 1966-ին Ղարաբաղի Կուրոպատկինո գյուղի դպրոցի երկրորդ դասարանում սովորող հայ տղա երեխային գազանաբար բռնաբարող ու մորթող նույն դպրոցի դիրեկտոր Արշադ Դաշտամիր-օղլը Մամեդովից բացի է՞լ ում ենք տվել աշխարհին:

bannerbanner