Читать книгу Խնդուն օրերի թույնը բոսոր (Էդուարդ Գրիգորյան) онлайн бесплатно на Bookz (2-ая страница книги)
bannerbanner
Խնդուն օրերի թույնը բոսոր
Խնդուն օրերի թույնը բոսոր
Оценить:
Խնդուն օրերի թույնը բոսոր

4

Полная версия:

Խնդուն օրերի թույնը բոսոր


Իմ պատմվածքները խոտանում, մերժում էին մեկը մյուսի ետևից։ Գրական հանդեսներից մեկի գլխավոր խմբագիրը մի օր որոշեց անկեղծանալ հետս՝ լռության, մեկ էլ սերտած, անգիր արած` «Ձեր պատումի լեզուն, ոճը, շատ ծանր է և դժվարամարս։ Հրատարակչությունը, հաշվի առնելով ընթերցողական ենթադրելի շրջանակը, դրանով թելադրված պահանջարկը, նպատակահարմար չի համարում ձեր գործի հրատարակությունը»։ Նմանատիպ դատարկաբանության փոխարեն, ցանկացավ լիկբեզ անցկացնել հետս՝ բացել իմ աչքերը։

– Շատերի՞ն ես ուղարկել, – պատմվածքս ստանալուց երկու շաբաթ անց, ներս հրավիրելով իր աշխատասենյակ` հարցրեց նա:

– Ո՛չ, – պատասխանեցի ես: – Առայժմ միայն ձեզ:

– Գեղեցի՛կ, – ասաց նա, – կձևացնեմ, որ չեմ կարդացել այն։

– Չհասկացա՛, – զարմացա ես:

– Զարմանալու բան չկա, ուղղակի ցավում եմ քեզ համար, կհալածեն, ուժասպառ կանեն ճամբարներում կամ հոգեբուժարաններում։ Զսպիր ինքդ քեզ և փորձիր գրել ուրիշ պատմություններ, տես, թե ինչքան հերոսացում կա շուրջդ, գրիր նրանց մասին։ Դանակը ոսկորին մի հասցրու, մենք փոքր ազգ ենք, որի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտի, առանց խղճի խայթ զգալու կվերացնեն քեզ, և ոչ ոք այդ մասին ոչինչ չի իմանա, այդ նրանք կարող են իրենց թույլ տալ այլախոհական գրականություն, քանզի նրանց համար վատագույն արդյունքը՝ երկրից վտարումն է, տոմս` մեկ ուղղությամբ, Նոբելյան մրցանակ, և վերջ, մեզ հետ այդպես չեն վարվի, կատոկով կճզմեն և «ախ» չեն քաշի:

– Ես այլ կերպ գրել չեմ կարողանում։

– Ուրեմն դադարիր գրել և յուրացրու մեկ այլ մասնագիտություն, եթե չես կամենում տիրապետել դերձակ-մոտորիստուհու մասնագիտությանը՝ սիբիրյան, ոչ այնքան հեռավոր վայրերում։ Հուսով եմ, որ այս խոսակցությունը կմնա մեր մեջ, անշուշտ հասկանում ես, որ ես ռիսկի եմ գնում ոչ պակաս քան դու, իմ սրտացավությամբ:

Ես դուրս եկա նրա մոտից` շատ լավ գիտակցելով, թե ո՞ւր էր խփում, ի՞նչ էր բաղձանքը նրա։ Նա կամենում էր խոշտանգել, ամայացնել ողջ էությունս և ինձ դարձնել այս գարշ համակարգի հլու-հնազանդ ոչխարը՝ բարի ոստիկան, ով շահագրգռված էր նրանով, որ հանկարծ անգիտակցաբար չկործանեմ երիտասարդ կյանքս, չէ՞ որ ինձ հրաշալի ու լուսավոր ապագա է սպասում՝ այս հզոր երկրի բոլոր քաղաքացիների հետ մեկտեղ։ Բայց մի հարցում նա ճիշտ էր անտարակույս, և այդ միտքը հանգրվանեց ուղեղումս անդարձ. հարկավոր է թարգմանել ու փորձել պատմվածքներս հրատարակել արևմուտքում՝ նման պարագայում, առավելագույնն, ինչ կարող են թույլ տալ իրենց, երկրից ինձ դուրս շպրտելն է, չեն համարձակվի ֆիզիկապես ոչնչացնել, թեև փաստ չէ, նրանք հենց մեր հանդեպ կարող են թույլ տալ իրենց ամենն, ինչ կամենան, օրինակ, 58-րդ հոդվածի փոխարեն, կպցնել մի ինչ-որ քրեական ահարկու հոդված ու` ցտեսությո՛ւն, դու չես ո՛չ առաջինը և ո՛չ էլ վերջինը։

Ես մի քանի օր ապրում էի անիրազեկության մեջ, մտածում էի՝ կկանչե՞ն անվտանգության մարմիններն ինձ, թե՞ ո՛չ։ Միամտություն էր իմ կողմից հուսալ, որ իմ դիմազրկված պատմությունը փոթորկահույզ, մոլեգնող ծովի մասին, նրանք կընկալեն որպես իմպրեսիոնիստական ոճով բնության նկարագրություն և վերջ՝ այդքանը միայն: Նրանք ամեն ինչ լավ ըմբռնել, հասկացել էին։ Հիմա, հավանաբար, պատմվածքս ձեռքից ձեռք է անցնում այդ սարսափելի հաստատության տարբեր գրասենյակներում, վերծանվում են նրա տողատակերն, ու որոշվում է, թե ինչպես է պետք վարվել ինձ հետ, հարկավոր է անմիջապե՞ս պատժել, թե՞ կարելի է դեռևս համբերել։ Ամենայն հավանականությամբ, կանխարգելիչ զրույցն ու գլխավոր խմբագրի խոսքերը, որոնք հնչեցին որպես նախազգուշացում, ըստ էության, իմ պատիժն էր. «խելքի՛ եկ», ահա թե ի՞նչ էին նրանք հստակ ու պարզ առաջարկում ինձ: Ես շատ լավ հասկանում էի, որ ինձ գրչի վրա էին վերցրել. անհասելի են այլևս արտասահմանյան ուղևորությունները, ոչ մի ուղիղ եթեր ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է խոսափողի հասանելիության թույլտվություն, իսկ դա ինձ համար ոչ ոք չի ստորագրի այլևս։

«Թող կորչեն գրողի ծոցը, բոլորն անխտիր»` մտածեցի ես, մեծ հաշվով, ինձ համար գլոբալ ոչինչ չի փոխվել, ես այս երկրի համար առանց այն էլ անվստահելի տարր էի և այդ ամենից զրկված էի ի սկզբանե, քանզի բռնաճնշվածների հետնորդ եմ ես՝ ժողովրդի թշնամիների ժառանգ։ Սակայն, շատ փոքրիկ հույսի նշույլ, որ գլխավոր խմբագիրը մատնիչ չէր, այնուամենայնիվ կար։ Կար ցանկություն` համոզվել, որ իր փոքր ժողովրդի զավակների ճակատագրով նրա մտահոգությունն անկեղծ էր՝ իրակա՛ն։

Օրերն անցնում, թռչում էին անասելի արագությամբ։ Ինձ ոչ մեկը չէր անհանգստացնում, ոչ մի տեղ չէին կանչում, և դա ավելի տագնապահույզ էր։ Ես շարունակում էի գրել իմ պատմվածքները` հստակ գիտակցելով, որ նրանք դատապարտված են անգոյության։ Հետզհետե իմ այդ տագնապներն ու անհանգստություններն անցան` տեղի տալով մտքին, որ կարծես բարեհաջող ավարտ է ունեցել իմ այդ անմիտ արկածախնդրությունը, և ես վերսկսեցի լիաթոք շնչել ու գոյատևել իմ սովորական խաղաղ կյանքով՝ սթրեսներից ու ցնցումներից զուրկ, բայց ներքին լարվածությամբ՝ պատրաստ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր ընթացքին։

Նրանք իմ պապիկին, բարբարոսաբար տարել էին 37-ին, դասախոսության ժամանակ՝ թույլ չտալով ավարտել այն, իր ուսանողների աչքի առաջ, միտումնավո՛ր, որպեսզի նվաստացնեն. մարդակերի հոգեբանություն, որը գիտնականին ընկալում է` որպես սննդամթերք, գաստրոնոմիական պարեն և ոչինչ առավել։ Միակ բանը, որ թույլատրել էին պապիկիս, այն է՝ ճանապարհին թեքվել տուն և վերցնել ձեռագրերը, իր անավարտ վեպը։ Ի՞նչ իմանար խեղճ պապս, որ իր ձեռագրերն ու անավարտ վեպն էլ իր հետ միասին կանէանան, կփոշիանան հավերժ, և ի՞նչ անուն տալ այն երկրին, որը գողացել էր պապիկիս մտքերը՝ զրկելով ինձ նրանց մեջ խորասուզվելու, նրա հետ մեկուսանալու իմ ժառանգական իրավունքից։

– Ես բողոք եմ ստացել, – որոշ ժամանակ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վտանգն անցել է անդարձ, ինձ դիմեց թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը՝ ցածրահասակ, բարակ բեղերով մի անձնավորություն, որն իր ճաղատությունը հմտորեն թաքցնում էր այն մազերի շնորհիվ, որոնք լիուլի աճում էին նրա պստլիկ գլխի հետին և կողային մասերում, որոնցով, կանոնավոր կերպով, առաջ և կող տանել-բերելով, ստեղծում էր արտասովոր մի սանրվածք, առատորեն սոսնձելով թատերական սոսնձով՝ կայունության համար, որպեսզի նրանք չծածանվեն քամիներից` մերկացնելով նրա ճաղատությունը, քամիներ, որոնք հաճախակի էին հյուրընկալվում կիրճերում սեղմված, բարձր լեռների ստորոտում, դանդաղահոս գետի երկայնքով սփռված մեր քաղաքում։

– Ես ահազանգ եմ ստացել, որ դու հակախորհրդային պատմվածք ես գրել, – ասաց մի մարդ, ով, թերթերի վերջին էջից բացի, ոչինչ չէր կարդացել երբևէ։

– Մի՞թե, – հարցրեցի ես։

– Այո՛: Ազդանշանը եկել, տեղ է հասել, ես չվստահելու պատճառ, առավել ևս չարձագանքելու իրավունք չունեմ, թեպետ, ինքս չեմ կարդացել քո պատմվածքը, ճիշտ կլիներ ազդանշանին նաև պատմվածքիդ պատճեն կցել, սակայն վերևներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչպես է արվում, իսկ քեզ, ահա թե ինչ կասեմ, հիմարություն մի արա, զբաղվիր իրական գործով՝ նայիր ինձ, ես սկսել եմ զրոյից, երիտասարդությանս տարիներին նույնիսկ ստիպված եմ եղել թղթե տոպրակներ սոսնձել գոյությունս մի կերպ պահպանելու համար։

– Ոչ բոլորին է տրված սոսնձելու ունակություն, դա Աստծո պարգև է, – ասացի ես։

– Գուցեև այդպես, ուղղակի ուզում եմ ասել, որ նախկինում ես տոպրակներ էի սոսնձում, իսկ այժմ մի ամբողջ թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարն եմ։

– Եվ շարունակում եք սոսնձե՞լ:

– Ի՞նչ նկատի ունես, – չհասկացավ նա։

– Միայն այն, որ ձեզ համար ոչինչ չի փոխվել, նախկինում թղթե տոպրակներ էիք սոսնձում, իսկ այժմ` բեղ ու կեղծամ ցածրորակ դերասանների համար:

– Հիմարությո՛ւն, դու գոնե հասկանում ես, որ ինձնից սպասում են քո բնութագիրը ընդհանուր գործին կցելու համար, որը կարող է վճռորոշ դեր ունենալ:

– Իսկ ի՞նչ կարող եք գրել իմ մասին։ Պատմվածքս դուք չեք կարդացել, և նույնիսկ եթե կարդացած լինեիք, դժվար թե ինչ-որ բան հասկանայիք, կգրեք, որ ես հրաժարվում եմ սոսնձել ձեր անիծյալ կեղծ բեղե՞րը, որ ես` որպես դերասան, գերադասում եմ ներքին վերամարմնավորում և ոչ թե արտաքին ֆինտիֆլյուշնե՞ր, և դա անբարոյական, բուրժուական խորթ երևո՞ւյթ է: – Կարող եք գրել, խնդրե՛մ։

– Ես կձևացնեմ, որ չեմ լսել դա:

– Հազիվ թե։ Ձեզ բոլորիդ մեկ մայր է ծնել, դուք համընդհանուր ինկուբատորի պտուղ եք։ Մի սրտացավ գործիչ ևս, իր ասելով, աչք էր փակում, բայց չհասցրեցի դուրս գալ մոտից, անմիջապես վազեց ու փայտփորիկի նման սկսեց թակել բոլոր հնարավոր և անհնար դռները։ Ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ եք գրելու իմ մասին, շտապե՛ք, քանի դեռ դրոշն ու իշխանությոնը ձեր ձեռքին է:

Իմ անհանդուրժողականությունն առնետների նկատմամբ անսահման է, մի օր դա ինձ կկործանի անտարակույս, եթե, իհարկե, հրաշք տեղի չունենա, ու առնետները չանէանան ինչ-որ գերբնական ուժի շնորհիվ, բայց ցավոք, նման ելք անհնարին է դեռևս, քանզի չի երևում այն մոգ սրնգահարը, ով կհավաքեր առնետներին և հստակ շարքով կտաներ, կլցներ, հրճվանքից մոլեգնած քաղաքային գետի հորձանուտը՝ հավետ ու անդառնալի։

III


Ամառային մի հրակեզ առավոտ, երբ արյունածուծ մոծակներն այնքան էլ աներեսաբար չեն բզզում այն ճանապարհին, որը ձգվում է գետի երկայնքով և անհետանում, թաքնվում է տեսադաշտից հեռու հեռվում՝ աստիճանաբար ցածրացող, թանձր մառախուղի ետնամասում, որտեղից անսպասելի, ասես ոչ մի տեղից, դանդաղորեն թևապարելով ու կտրելով մշուշը՝ հայտնվում է վայրի բադերի խումբը՝ սեպաձև երամով, այնտեղ, որտեղ գետը կտրուկ գալարվելով, հետզհետե վերածվում է բարակ առվակի, նա` զինվորական հնամաշ բլուզը հագին, կոշիկները սալաքարերին քստքստացնելով, քայլում է հյուսիսային անդեմ քաղաքի այդ ամայի փողոցով և մտածում այն մասին, թե ինչո՞ւ մինչև այժմ չի ընտելացել, չի համակերպվել այն մտքին, որ արևն այստեղ մեկ այլ ջերմություն է հաղորդում, ուրիշ կերպ տաքացնում, ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ ջերմաստիճանը սյունակին նույնն էր, ինչ հարավային հարազատ արվարձաններում, որտեղ արևը կարողանում էր միջաթափանց լինել ներսից, տաքություն հաղորդել ոսկորներին, որոնք, դառնալով մարտկոց, հավասարաչափ ջերմություն էին տարածում՝ հավասարակշռելով, չանտեսելով մարդու մարմնի և էության որևէ հատված, իսկ այստեղ բորբ արևն, իր ճառագայթներով ապարդյուն փորձելով խոցել հյուսիսային մաշկի պիրկ համառությունը, թեթևակի արևահարելով և դիմադրություն ստանալով, չէր վառվում առաջ սղոսկելու, ներս թափանցելու անհագ տենչով՝ այնտեղ, ուր կայուն սառնությունն էր իշխում, ասես պատճառ` փողոցների դատարկ, ամայի լինելուն, քանի որ հյուսիսային մարդիկ խորը թաղված իրենց բներում, փականքների ետևում, վայելում էին իրենց մենությունը, փառք Ամենակարողին, որ ոչ ոք իրենցից ոչինչ չէր հայցում, որովհետև ոչ մեկին, ներառյալ` իրենք իրենց, ոչինչ պարտք չէին, և ամենայն հավանականությամբ, նման կեցվածքի գերագույն իրավունքն իրենցն էր՝ հարավցիների ստրկամտությունն ու ստորաքարշությունը, առիթ չէր տալիս կասկածելու վայրկյան իսկ, որ, այո՛, մաքրակենցաղ չլինելով որևէ մեկի հանդեպ, կարելի է և ստորակայության տակ պահել նրան, չէ՞ որ կանխակալ՝ հարավը միշտ ենթակա է հյուսիսին։


Անձրևը սկսվեց Վագներյան նախերգանքի հզոր հնչեղությամբ՝ լարային ու փողային գործիքների համատեղությամբ, թմբուկների մաժորային ռիթմի ներքո, և զարգացավ դասական կանոնների կարգապահությամբ, այնուհետև, հետզհետե թեթևացնելով բուռն ագրեսիայի հզորությունը, թմբուկների մաժորային ռիթմը փոխարինեց ստեղնայինի մինորային ակորդներով՝ փողայիններից բացառեց տրամբոններն ու մյուս բարձրահունչ գործիքները՝ պահպանելով միայն ֆրանսիական եղջյուրի և լարայինների քնարական երանգը, ու սահունորեն անցավ հիմնական թեմային, այն է՝ հորդառատ, երկարատև և անվերջանալի տեղատարափ, որը հաճախ էր հյուրընկալվում մեր հինավուրց քաղաքում։

– Հոդերս անձրևի անխուսափելիությունը զգում են օր առաջ` նախանձելի ճշգրտությամբ, – պատուհանից դուրս՝ անձրևոտ քաղաքին նայելով` ասաց ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։

– Ինչպե՞ս է դա դրսևորվում, – հարցրեցի ես։

– Ոսկորների մեջ խորասուզվող սուր ցավերով՝ սովորական ռևմատիզմի դրսևորում, ոչինչ ավելի կամ պակաս, – տրտնջաց նա։

– Եթե դա ձեզ կմխիթարի, ասեմ, որ շատերն են հոդացավերով տառապում, միայն պարզ չէ, բոլո՞րն են օդերևութաբան, թե՞ դա միայն ձեզ է հասու։

– Մխիթարեցիր, – քմծիծաղ տվեց նա ու ավելացրեց, – ասում են` որ հերթական օյինբազությունն ես արել։

– Օյինբազությո՞ւն, – չհասկացա ես։

– Այո՛, օյինբազություն։ Այդ ի՞նչ պատմվածք ես գրել։

– Ուրեմն պատմվածք գրելը ձեր կարծիքով օյինբազությո՞ւն է։

– Էլ մի սկսիր, շատ լավ հասկացել ես հարցիս իմաստը։

– Պատասխանս միանշանակ չէ՛, հռետորաբանական է, – վրդովված պատասխանեցի ես։ – Ձեր կոորդինատային համակարգում, երևի կարելի է և այդպես անվանել, ավելին՝ կարող եք հավելել, որ ես ոչ միայն օյինբազություն եմ արել, այլև փորձել եմ խարխլել մեր հզոր պետության բարոյական հիմքերը։

– Սարկազմդ քեզ պահիր, խոսքը դրա մասին չէ։ Ես պետք է որոշում կայացնեմ, թե` ինչպե՞ս վարվել քեզ հետ:

– Իսկ դուք ընտրության հնարավորություն ունե՞ք, – չարախինդ ժպիտով հարցրեցի ես:

– Ցավն էլ հենց այդ է, որ ես բացարձակապես ընտրություն անելու հնարավորություն չունեմ:

– Հետևաբար, ո՞րն է հարցի իմաստը, ապրեք խախաղ սրտով, մտքի՛ց` որ ձեզանից ոչինչ կախված չէ։

– Հարցը նրանում է, որ ես չեմ ուզում քեզ կորցնել: Դու հրաշալի ես արձակ կարդում, ուղղակի կատարյալ, քո ձայնն ընկեր է խոսափողին, ներդաշնակ. նման երևույթ հաճախ չի հանդիպում, սա միայն իմ կարծիքը չէ, ունկնդիրները ևս բարձր են գնահատում քո տաղանդը. այդ մասին ես շատ նամակներ եմ ստանում:

– Հետևաբա՞ր, – չհասկացա ես։

– Հետևաբա՛ր, կփորձեմ սահմանափակվել նրանով, որ քեզ կզրկեմ ուղիղ եթերներից, – այս ասելով` նա մեծ բավականությամբ խորը շունչ քաշեց` նմանվելով մի մարդու, որ գտել էր կարևոր սեպագրեր վերծանելու գաղտնագիրը։

– Իսկ ես ունեմ ուղիղ եթե՞ր, – տարակուսանքով հարցրեցի ես։

– Իսկ ո՞վ է տեղյակ այդ մասին, – խորամանկությունից փայլփլող աչքերով ասաց նա։

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

Вы ознакомились с фрагментом книги.

Для бесплатного чтения открыта только часть текста.

Приобретайте полный текст книги у нашего партнера:


Полная версия книги
bannerbanner