
Полная версия:
Թ Ու Խ Ճ Ա Յ Ը
** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։
*** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։
** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։
** Արդար մարդուն թշնամի շատ կլին։
** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։
** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։
** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։
** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։
** Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են չարչարալից, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա լավ օրվան։
** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։
** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։
** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։
** Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ դժվար օրիս մեկը չեղավ ունայնացած քար սրտերից, որ ձեն հաներ շվայտության բարձունքներից։
** Մեռնում են ոչ միայն մարդիկ՝ մեռնում են և հեռախոսի համարները:
** Տուր այնքան, ինչքան կուզենայիք վերցնել:
** Եղիր ճշմարիտ՝ նույնը ստանալու համար:
** Թքած ունեցիր քո հասցեին ասված անարդար խոսքին:
** Շատ լսիր, քիչ խոսիր:
** Փողի վրա փող պիտի գա, չեկավ՝ կպակասի:
** Ազնիվ մարդ չկա. մի մասը գողանալու հնար ունի, մի մասը՝ ոչ:
** Բանտը համալսարան է գողերի համար:
** Նվիրվիր լոկ նրան, ով նվիրված է քեզ:
** Խելքը տարիքի հետ չի գալիս, այլ իմաստության:
** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս ։
**Մաքուր խիղճը համարժեք է վատ հիշողության:
** Ապրիր առանց նախանձի՝ այն քո հաջողությունն է գողանում: Առանց ատելության ապրիր՝ քո առողջությունն է խլում այն, ապրիր անչար՝ այն ծերության դուռն է տանում քեզ:
** Սե՜րն էր ի սկզբանե։ Սիրի՜ր, քանի կաս, քանի ապրում ես այս արևի տակ: Սե՜րն է ի սկզբանե։ էլ ի՜նչ կյանք՝ առանց ըղձալի սիրո հրավառության:
** Ամենասարսափելի մենությունը՝ երբ ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ ու քեզ հասկացող չկա:
**Սողալու համար ծնվածը՝ ասեղի ծակով էլ կանցնի:
** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ համազոր նայեր մարդկանց, իր սրբասուրբ արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։
** Օրո՜ր, օրո՜ր, օրերին մեր բոլոր, որ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ…
** Չկա մի բան այս կյանքոմ, որը ավարտ չունենա:
**ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն ինչ՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։
** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։
** Ի՜նչ անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն։
** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:
** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։
** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ , որդին՝ կնոջ:
** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։
** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս:
** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։
** Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր…
** Ժամանակները փոխվել են հիմա, մարդասպան ու դատավոր միասին նստած՝ մեղադրական են հյուսում ընդդեմ սպանվածի։
** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։
** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:
** Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այսպես. քանի դու կաս՝ տերը դու ես, քո գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուն քեզնից հետո մեկ ուրիշն է տիրանալու։
** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։
** Մեզնից առաջ եկան անցան ։ Մեզնից հետո նույնպես կանցնեն. ունայնություն ունայնությանց… ունայնություն ունայնությանց։
** Ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, կյանքը եկավ ու անց կացավ ու մենք ոչի՜նչ չհասկացանք, ասես կողքից եկավ անցավ։
** Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։
** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։
** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։
** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։
** Երջանկությունը… ակնթարթ է կարճ, որին սպասել ես շատ երկար ու մոռանալ երբեք չես կարողանում:
** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։
** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։
** Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ անց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կլինի։
** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից:
** Հնուց անտի՝ անհասկացող մարդու ձերքին հասկացողը տանջվել է միշտ։
** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։
**– Ինչ էլ որ լինի, դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ որտեղ լույսը՝ այնտեղ էլ հույսը, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ։
** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։
** Իր տունն ու տեղը թողած թուրքերին, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ։ Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։
** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։
** Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի ընկճվիր, սևից հետո ճերմակ կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի, փոփոխական մեր այս կյանքում անցողիկ է ամեն բան։
** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։
** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։
** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։
** Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լա։
** Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջն ամբրոսելով հոտն իր բուրավետ։
** Սրտիդ տենչը նա չէ, ով կողքիդ է, այլ նա, ում տենչում է քո հոգին։ Ու մի ասա երբեք, թե չես կարող ապրել առանց նրան, ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն գույները բոլոր, շնչելը կդառնա դժվար։
** Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։
**Բախտդ բերել՝ վայելում ես, մի հոխորտա, դա էլ կանցնի. այս աշխարհում անցողիկ է ամեն բան:
** Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ, պետք չէ քեզ բնավ. քեզ Նրա թովիչ ժպիտն է պետք սոսկ:
** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։
** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։
** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։
** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։
** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։
** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։
** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած ։
** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ:
** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։
** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։
** Ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։
** Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը:
** Ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։
** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։
** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։
** Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։
**Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։
**Ո՜վ, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, խիղճն անխղճ մարդու քար սրտում դնեիր։
** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:
** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն ։
** Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից:
** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ – Ժամանակը միայն։
** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։
** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես… Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ , տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։
** Մարդուն փող ու պաշտոն տուր՝ կճանաչես:
** Ամենացուրտ ձմռանն անգամ գարունն է միշտ հաջորդում, իսկ գիշերվա սև խավարին՝ առավոտը լուսագեղ։
** Մի ակնթարթն էլ բավ է՝ մարդուց ընդմիշտ հիասթափվելու համար:
**Մի վհատվիր քո նեղ օրվան՝ լեն օր կգա։ Այս աշխարհում անցողիկ է ամեն բան. այդ էլ կանցնի, սիրելիս։
** Լավ է միայնակ անցկացնես կյանքդ, քան նրա հետ, ով չի գնահատում քեզ:
**Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։
** Մի ստիր նրան, ով հավատում է քեզ:
** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։
** Զայրույթի պահին՝ լեզուդ քեզ պահիր:
** Մեր կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից՝ գնում ենք դեպի մեր լեռան ետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու:
** Ուր մեծ սեր կա, այնտեղ պաշտամունք ու ակնածանք կա:
** Գնահատիր նրան, ով արյունակից չլինելով՝ դարձել է քեզ հարազատ:
** Մարդ կյանքում ի զորու է փոխելու ամեն ինչ, սակայն անկարող է անել երկու բան՝ հետ շրջել բախտիդ անիվն ու ետ բերել նրանց, որոնց կորցրել է անվերադարձ:
** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։
** Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։
** Ինչ կորցրել ես՝ մի ափսոսա, միևնույն է, հետ չես բերի։
** Ինչ որ պիտի վաղը լինի՝ մի սպասիր, ո՞վ կասի, թե վաղվա օրը ինչ կբերի։
**Ունեցածով մխիթարվիր ու մի տխրիր. երբ չունևորը լաց է լինում՝ ունևորը հրճվում է գոհ։
** Հոծ բազմության մեջ անգամ՝ միայնակ եմ հոգուս մեջ:
** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։
** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։
** Համոզված մի եղիր՝ տեղ կհասնես, կասկածիր, որ չուշանաս:
** Սիրո բացակայությունից շուտ են ծերանում:
** Խեղճ նա, ով հոգում իր դժողքն ունի՝ անունը ,,Հիշողություն,,:
** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։
** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։
** Ի սկզբանէ էր բանը։ Սերը այսինքն՝ նախ մոր նկատմամբ, հետո զավակների, այնուհետև գործի, որին նվիրվել ես քո ամբողջ կյանքում, հետո օր ծերության՝ սերը հանդեպ կյանքի, որից բաժանվել դժվար է այնքան։
** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։
** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք հետ չի պահում քեզ։
** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։
** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։
** Դարձիր արմատներիդ, տես ով էիր, որտեղից եկար և ուր ես գնում։
** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։
** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։
** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես ։
** Սիրտ քրքրող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։
** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։
** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։
** Լավ ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի մեռնել կա՝ ապրելուց լավ է։
** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։
**Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։
** Մեր անցած կյանքից մենք ոչինչ– ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։
** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։
** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։
** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։
** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։
** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես խորությանը գետի։
** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։
** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։
** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։
** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։
** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։
** Նա չէ բարեկամ, ով հիշում է քեզ, երբ պետք ես իրեն, այլ որ կողքիդ է՝ քո դժվար օրվան։
** Տաժանելի է կորուստի ցավը զավակի, քար պիտի լինել՝ դիմանալու այդ ցավին։
** Ո՜վ մարդ արարած, երանելի ես, թե որ մեղավորների ճանապարհին ոտք չես դնում ու համախոհ չես նրանց հետ, այլ օգնական ես մարդկանց՝ բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ։
** Աստված, հեռու պահիր մեզ փորձանքից, որովհետև արդար մարդու համար ամենամեծ մորմոքն՝ անարդարության մեջ անհիմն ու միտումնավոր կերպով մեղադրելն է անարդարներից։
** Իդեալական ընտանիք՝ երբ կնոջ տեսողությունը թույլ է, ամուսին էլ՝ խուլ։
** Մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում բանականությամբ։ Թե չէ՝ …նույն անասունն է։
** Մի հեռանա այն աշխարհից, ուր քո առաջին սերն էր . հոգիդ հավետ կմնա այնտեղ, ուր նա էր ։
** Մի տրտմիր, որ հարյուր տարի հետո չես լինելու. չէ որ հարյուր տարի առաջ նույնպես չկայիր։
** Աշխարհն հավիտենական է , կյանքը՝ կարճ , ու այն չէ կարևորը՝ երկար է կյանքը , թե կարճ , կարևորը ճիշտ ապրելն է։
** Եղիր մաքուր՝ ինչքան էլ որ անմաքուր լինի շուրջդ, քանզի անարդար չլինելու համար, պիի որ արդար լինես:
** Առաջին սիրո հմայքը, ավա՜ղ, ուշ ենք հասկանում՝ երբ ետ գնալու ոչ հնար կա արդեն, ոչ ժամանակ։
** Մի մոռացիր երբեք Աստծու խոսքն Ադամին՝ քո հացը երեսիդ քրտինքով վաստակես, քանզի անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
** Ամեն ժամանակ իր օրենքն ունի, և օրենքն այդ՝ թե հասարակ մարդկանց օգտին է, չի գործում, նրանց դեմ է՝ անհապաղ։
** Տե՜ր իմ Աստված, փրկիր ինձ յուրայիններից՝ թշնամիներիս պատասխանն ինքս կտամ։
** Ազնիվ մարդու հետ քար քաշիր, անազնիվի հետ հացի մի նստիր նույն սեղանի շուրջ։
** Վսեմաշուք երջանկությունը՝ երբ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես սիրում խենթորեն։
** Սերն է միայն մարդուն փրկում հոգս ու ցավից այս աշխարհի:
** Մարդ ծերանում է ոչ այնքան անցած տարիներից, որքան այն մտքից, որ իր ժամանակն անցել է արդեն, մնում է ապրել կյանքի վերջին մնացորդը:
** Լավ է աղքատից տաս ռուբլի ակնկալես, քան հարուստից տաս կոպեկ։
** Կորցնելուց հետո ես հասկանում միայն, թե ինչքան էիր սիրում դու նրան։
** Ինչքան էլ մարդ երդվի իր հավատարմությամբ՝ հավատարմության իրական գինը շունը գիտի սոսկ:
** Կնոջը տարիները չէ, որ փոխում են, այլ այն տղամարդը, որին սիրում է նա խելահեղորեն։
** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։
** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։
** Հոգատար զավակը ծնողի սրտի բալասանն է։
**Լավ է տանդ սև հաց ուտես՝ համերաշխ ու սիրով, քան յուղ ու մեղր՝ կռիվ ու դավով։
**Հարուստ օտարին ուրախ տեսքով կընդունեն, աղքատ բարեկամին՝ չկամությամբ։
**Խելոք կինը չեղած տեղը տուն կդնի, անխելքը՝ եղածն էլ քամուն կտա։
**Լեզուն տրված է՝ մտքեր թաքցնելու համար։
** Սուտասան մարդն ուրիշի սուտը չի սիրի։
** Լավ կինը տան բուրմունքն ու զարդն է։
** Իմաստունի հետ նստող-վերկենողը խոհեմ խոսք կլսի, հիմարի հետ՝ միայն հիմարություն։
**Խելոք որդին իր հորը կլսի, անխելահասը՝ զոքանչին։
** Անտարբերությունը մարդ է սպանում։
** Լավ ընկերը՝ սպեղանի է վատ օրվա։
** Օտարի վատ արաքը մոռացվում է, հարազատի հասցրած ցավն է, որ անբուժելի է:
** Անտարբերության մի հասցրու սիրած էակիդ՝ թե չես ուզում կորցնել նրան:
** Տղամարղու հմայքը գեղեցկության մեջ չէ, այլ արարքների:
** Ինքնահավան մարդը դատարկամիտ կլինի, դատարկամիտը՝ ինքնահավան:
** Նախանձկոտ ընկերը թշնամուց վտանգավոր է:
**Հիմա է միայն սիրելու ժամանակը, հետո ուշ կլինի:
** Խանդի կասկածն ընկավ մեջդ՝ կավերի ներսից:
** Ով կատաղությանը կատաղությամբ չի պատասխանում՝ և իրեն է փրկում, և մյուսին:
** Երկու բան, որ անկարելի է փոխել՝ ծննդյան թիվն ու մահվան թիվը, մնացածը քեզնից է
կախված:
** Աղվեսը թքած ունի, թե հավերն ինչ են մտածում իր մասին:
** Մարդ զավակ կորցնելուց՝ ինքն էլ է մեռնում հետը:
** Երբեմն շնից ավելի մեծ ջերմություն ես զգում, քան մարդկանցից:
** Կյանքի առաջին կեսին խելք չունենք, երկրորդ կեսին՝ առողջություն:
** Ծանր օրն են մարդուն ճանաչում:
** Մտածիր՝ ինչ ես խոսում, մի խոսիր անմտածված, մտածած ամեն չէ, որ կարելի է ասել:
** Ինչքան մեծանում՝ այնքան դժվար է դառնում մեռնելը:
** Ծառի ճյուղին նստած թռչունը վախ չունի, թե ճյուղը կկոտրվի՝ նա իր թևերին է
վստահ:
** Մի ուրախացիր նրանով՝ ինչ չկա դեռ:
** Սիրո լավագույն երաշխիքը՝ հոգատարությունն է սիրեցյալի նկատմամբ:
** Երբ դժբախտությունը շրջանցում է քեզ, հիշիր՝ ում ես մի կտոր հաց տվել, որ այդ պահին
աղոթում էր քեզ համար:
** Ժամանակը երկար է՝ երբ սպասում ես, կարճ՝ երբ շտապում ես:
** Հույս մի դիր ոչնչի, ոչինչ չկա մշտական, փոփոխական է ամեն բան:
** Այնպես ապրիր աշխարհում, որ հայրդ հպարտ քայլի, մորդ աչքը արցունք չտեսնի:
** Կան բաներ, որ ետ չես բերի՝ նետած քարը, ասված խոսքը, բաց թողնված հնարավորությունը և ժամանակը, որ անցել է արդեն:
** Սուտը տարածվում է մի վայրկյանում , հոգու ճիչը չի լսում ոչ ոք:
** Ինչքան էլ մաքուր ու լավը լինես, մարդիկ մի բան կգտնեն՝ փնովելու համար:
**Ողջ կյանքում ինչ երազում էի՝ Աստված տվեց այնքան ուշ, որ այլևս պետք չէ:
===============
Левон Адян
С М У Г Л А Я Ч А Й К А
Рассказ, эссе, миниатюры, три повести
( На армянском языке)