
Полная версия:
ՄՄ

Egretta Garzetta
ՄՄ
_Մարի՜, չեմ ուզում ստիպել… եթե չես կարող ձայն հանել, տու՛ր ձեռքդ։ Ու դա ես կընդունեմ որպես դրական պատասխան։
Մարատը ձեռքը պարզեց։ Մարին իջեցրեց հայացքը, երևում էր որ ինչ որ բան կշռում է։
Մարատը համբերությամբ սպասում էր։ Օրիորդը փախցնում էր աչքերը։ Նրա հայացքը զննեց ոտքերի տակ գտնվող ամեն քար։
_Մարի՜…
Երիտասարդը թափ տվեց ձեռքը։ Ու ավելի շատ առաջ ձգեց։ Մարին անհամարձակ նայեց նրան։
_Մարի՛, ես քեզ սիրում եմ….Դե՜, սպասում եմ։
Նա տագնապով սպասում էր պատասխանի։
_Մարի՜…
Մարին անհամարձակ ձեռքը պարզեց։ Երիտասարդի աչքերը շողացին։ Բռնեց օրիորդի ափը, քաշեց նրան իր գիրկը։
_Չե՛ս պատկերացնում որքա՜ն երջանիկ եմ։
Մարին ժպտաց։
_Կգնանք բոլորից հեռու… կապրենք հանգիստ… ու թող մնացածը անեն ինչ ուզում են։
Մարին ձայն չհանեց։ Մարատի երազանքները պարուրեցին մի անուշ թախիծ։
Նրանք նստան մեքենան ու շարժվեցին դեպի քաղաք։ Հեռու՛ այս գյուղից, ադաթներից, հազար տեսակ ցեղական վեճերից։
Համարյա հասել էին քաղաք տանող ճանապարհի խաչմերուկին, երբ իրար հետևից վրա հասան երկուսի ծնողների մեքենանները։
_Կանգնի՛ր,_ազդանշան էր տալիս Մարատի հոր մեքենան։
Բայց երիտասարդը սեղմեց գազին ու առաջ ընկավ։
_Վախենում եմ, Մարա՜տ։
Մարին սարսափած ետ նայեց։ Երբ տեսավ հոր մոտեցող մեքենան, սիրտը տակնուվրա եղավ։
_Պապաս գալի՜ս է…
_Մի վախեցի՛ր, հե՛տդ եմ։
Մեկ էլ Մարատի հոր մեքենան սուրաց առաջ ու կտրեց իրենց առաջը։ Մարատը ստիպված սեղմեց արգելակին։
_Մարա՜տ,_Մարիի մատները մխրճվեցին պատանու արմունկի մեջ։
_Մարի, սիրու՞մ ես ինձ։
Մարատը նայեց ուղիղ աղջկա աչքերի մեջ։ Մարիի այտն ի վար գլորվեց արցունքի մի խոշոր կաթիլ։ Հուզմունքից չկարողացավ խոսել, միայն դրական շարժեց գլուխը։
Մարատի հոր մեքենայից մի վայրկյանում դուրս թափվեցին Մարատի հայրը, հորեղբայրը և նրա երկու որդիները։ Լավ է օրորոցում քնած Սամվելիկին չեն բերել։ Հայրը՝ Անաստասը վազելով մոտեցավ որդու մեքենային։
_Դու՛րս արի։ Իջի՛ր մեքենայից։ Ի՞նչ ես անում։ Ու՞ր ես գնում։ Ու՜մ ես բերել։
_Մի՛ դուրս գա,_Մարին երկու ձեռքով բռնեց Մարատի ձեռքը։ Բայց Մարատը չլսեց, բացեց դուռը։ Չհասցրեց ոտքը դնել գետնին։ Կատաղած ցուլ դարձած հայրը քաշեց նրա ծոծրակից։
_Շան լակո՛տ։ Ու՞մ աղջկան ես բերել։
Մարին դուրս նետվեց մեքենայից։ Բայց չմոտեցավ, միայն ծղրտաց.
_Բա՛ց թողեք նրան։
Հենց այդ պահին վրա հասավ Մարիի հոր մեքենան։ Դուրս եկավ օրիորդի ոչ պակաս ջղայնացած հայրը՝ Սարիբեկը։ Ի տարբերություն մյուսներին, նա մենակ էր։
_Ջարդելու եմ գլուխդ, լակո՛տ։ Իսկ քո հետ տանը կխոսենք,_ոլորեց աչքերը դստեր վրա։
Գազազած տղամարդը վազեց դեպի Մարատը։
_Դու՛ ու՞մ ես ասում լակոտ։ Արի-արի՜, ցույց կտամ քեզ լակոտը որն է… վրա հավաքիր չոլերը ընկած աղջկանդ…
Սարիբեկի դեմքը գունաթափ եղավ, երբ նայեց դստեր ոչ պակաս գունատ դեմքին ու դողացող շրթունքներին կորցրեց իրեն։ Նետվեց Անաստասի վրա։ Սա իր հերթին բաց թողեց որդուն ու սկսեց հարվածել ախոյանին։
Մարին անզորությունից կարողացավ միայն ճչալ.
_Պապա՜… բաց թողեք, պապայի՜ս…
Նետվեց հորը պաշտպանության։ Իր մանրիկ բռունցքներով սկսեց հարվածել Անաստասի լայն մեջքին։ Բայց նախկին ըմբշամարտիկը արագ շրջվեց ու թեթև հրեց օրիորդին։ Մարին փռվեց գետնին։ Մարատը քաշեց հանեց նրան ոտքի։
_Հայրի՜կ…
_Հոպար, ի՞նչ եք անում,_բղավեց Արշավիրը՝ Մարատի հորեղբոր ավագ որդին։ Նետվեց անջատել Անաստասին ու Սարիբեկին։ Մինչև Արշավիրը ընկած էր անջատել նրանց, Մարատը բռնեց Մարիի ձեռքը, նայեց նրա աչքերի մեջ, իրար հասկացան։ Ու այդպես ձեռք ձեռքի տված վազեցին դեպի գլխավոր ճանապարհ։
_Մարատ, ու՞ր,_կանչեց հետևից հորեղբայրը, որ մինչև այս ձայն չէր հանել։
_Ձեզանից հեռու՜։
Ամուր սեղմեց ընկերուհու ձեռքը ու ոտքերին ուժ տվին։ Մարին և վազում էր և հետ նայում։ Սիրտը մաս մաս եղավ երբ տեսավ հորը գլխիկոր մնացած։ Կյանքում հայրը երբեք գլուխ չի կախելլ, իսկ հիմա իր պատճառով նա մնաց վիզը ծուռը։ Սիրում էր հորը որդիան ջերմ սիրով։ Գիտեր որ ինքը հոր համար ամեն ինչ է։ Ու հիմա հայրը կորցնում է այդ «ամեն ինչը»։ Իսկ Մարատը ավելի ուժեղ էր սեղմում ձեռքը ու ստիպում արագացնել։ Թե ոտքերն իրե՛նք են ուզում այսպես արագ շարժվել, որ վերջապես հեռանան մշտական կռիվներից։
_Ու՞ր,_գոռաց Անաստասը։ Ու վազեց որդու հետևից,_այդ աղջիկը կերել է ուղեղդ լրիվ։
Սարիբեկը մնաց տեղում։ Իր զավակը փախչում է իրենից։ Մի՞թե ինքը գազան դարձավ, որ դուստրը փախչում է, կարծես ինքը նրա արյունախում թշնամին է։ Իսկ աղջիկը քանի գնում հեռանում էր։
_Հոպա՜ր, հոպար մի՞թե չես հասկանում, նրանք ձեզանի՛ց են փախչում։
Անաստասը ցցվեց տեղում շանթահարի նման։ Դարձավ եղբորորդուն.
_Ի՞նչ անեմ.. ի՞նչ անեմ Արշավիր։ Թողնեմ՛ որ ամուսնանա սրա՛ աղջկա հետ,_Սարիբեկին ցույց տվեց մատով։
Բայց Սարիբեկը թքած ուներ նրա վրա։ Աղջիկը խոցել էր ու սպանել իրեն։ Երբեք իրեն այսպես նվաստացած չէր զգացել։ Կյանքում առաջին անգամ արցունքներ երեւացին նրա աչքերում։ Գնաց մեքենայի մոտ, բացեց դուռը ու նստեց այնպես, որ ոտքերը մնացին դուրսը գետնի վրա։
Քիչ հեռվում կատաղությունը թափում էր եղբոր ու նրա որդիների վրա Անաստասը։ Հայհոյանքները իհարկե ուղղված էին իրեն ևս։ Գուցե և առաջին հերթին հենց իրեն։ Բայց դա կարևոր չէ՛։ Թող հաչի ինչքան կարող է… Փակեց աչքերը։ Այսպես նստեց մի քանի րոպե։
_Հայրի՞կ,_հանկարծ լսեց դստեր անվստահ ձայնը։
Բացեց աչքերը։
_Եկա՞ր,_ականջին հասավ Անաստասի գոհ ձայնը ուղղված որդուն։
Դուստրը կանգնած էր դիմացը։ Իր փոքրիկ Մարին։ Տասնյոթ տարեկան Մարին, որ ամաչեց ասել «սիրում եմ» բառակապակցությունը հոր առաջ, բայց չամաչեց բռնել Մարատի ձեռքը ու փախչել հարազատ հորից։
_Եկա՞ր,_կրկնեց Անաստասի հարցը։
Մարատը մնացել էր իր հոր և հարազատների մոտ։ Սակայն այնքան մոտիկ էին, որ լսում էին իրար։
_Հայրի՛կ, ներիր ինձ։
Մարին մոտեցավ հորը։ Կոկորդը խզվում էր ու չէր թողնում խոսել։ Կուլ տալով արցունքները շարունակեց.
_Պապա՜, ներիր ինձ աղաչու՜մ եմ։ Ես չէի ուզում նեղացնել քեզ… ու երբեք չե՛մ ուզեցել, որ իմ պատճառով գլուխդ կախես… պապա՜, մի՛ նայիր ինձ այդպես… տեսնու՞մ ես, ես քե՛զ եմ ընտրում, ես ինձ չե՛մ ընտրում… քեզ եմ ընտրում…
«Ես քե՛զ եմ ընտրում». Մարիի բառերը տպվեցին Անաստասի ուղեղի մեջ։ Նայիր, թե ի՜նչ աղջիկ է մեծացրել։ Ինչպիսի՛ դուստր ունի այս մեկը։ Գերադասում է հոր պատիվը, քան թե իր զգացմունքները։ Նախանձի որդը խլրտաց կրծքում։ Բայց կուլ տալ ամեն ինչ անհնար է։
Մարատը հետևում էր Մարիին ու ընկերուհու արտասանած ամեն բառ սոսկալի տպավորություն էր թողնում նրա վրա։ Անաստասը զգում էր, որ այն բարակ թելը, որ կա իր ու որդու միջև, ևս մի վայրկյան կտրվելու է։ Ինչպե՞ս վարվել։
Մարատը վազեց օրիորդի մոտ ու պարզեց ձեռքը.
_Մարի՞…
Օրիորդը արցունքներով լիքը աչքերը բարձրացրեց նրա վրա, ապա նայեց հորը։ Սարիբեկը հասկանում էր ընտրությունը իր կողմ չի։ Սակայն աղջիկը շարունակում էր մնալ իր առաջ ծնկի իջած։
_Մարի՛,_հանկարծ լսեց Սարիբեկը այն մարդուց ումից երբեք չէր սպասի։
Անաստասը կանգնել էր որդու կողքին ու պարզել ձեռքը։
_Անաստաս գժվեցի՞ր,_բացականչեց եղբայրը։
Ի՞նչ է սա։ Աչքիս է երևու՞մ…
Սարիբեկը ապշած նայում էր հակառակորդին։ Պակաս ապշած չէին նաև Մարատը և դուստրը։
_Հայրի՜կ,_շշնջաց որդին։
Անաստասը տեսավ որդու աչքերում փայլող արցունքների մեջ խոր երախտագիտություն, որ վաղուց արդեն չէր տեսել։ Բայց ի՛նչ գին ունի այն, գիտեր միայն ինքը։
Սարիբեկը ոտքի ելավ ու ոտքի հանեց նաև աղջկան։ Նրան շատ ազդեց Անաստասի արարքը։ Երբեք մտքով չէր անցկացնի՛ որ այդ հաստագլուխը ընդունակ է նման քայլի։ Բայց կարելի է արդյոք հավատա՞լ։
Մարին ձեռքը ուղղեց դեպի Մարատը, սակայն դարձավ նայեց հոր աչքերին։ Վերջապես Սարիբեկը չդիմացավ դստեր տանջալից հայացքին ու ինքը դրեց աղջկա ձեռքը Մարատի ափի մեջ։
Մեքենան նստելուց առաջ Անաստասը դարձավ Սարիբեկին.
_Ես հիմա տանս աղջիկ ունեմ, իսկ դու՞ …,_ու սեղմեց գազին։